Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ագուլիս)

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի էր, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Աշաղի Այլիս գյուղի տարածքում[1]։

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՆերքին Ագուլիս գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ15-րդ դար
Կառուցման ավարտ17-րդ դար
Առաջին հիշատակում17 դար՝ Զաքարիա Ագուլեցի
Փակված է2000
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և հիշատակություններ

խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Ներքին թաղում՝ գետի աջ կողմում գտնվող մերկ լեռնալանջի ստորոտում՝ հարթ ու բարձրադիր վայրում, որտեղից ուրվագծվում է համարյա ամբողջ Վերին Ագուլիսի համայնապատկերը։ Ինչպես նշում է Զաքարիա Ագուլեցին, համարվել էր Ներքին թաղի գլխավոր եկեղեցին[2]։

Մ. Թաղիադյանը սխալմամբ նշել է, որ.

  «Վերնոյ թաղի եկեղեցին է սուրբ Յովհաննէսը, իսկ ներքնոյն՝ Աստվածածինը։»
- Մ. Թաղիադյան, Ճանապարհորդութիւն ի Հայս, հատոր 1-ին, Կալկաթա, 1847 թվական, էջ 254
 

Դա պայմանավորված էր Մեծ Աստվածածին եկեղեցու տեղադրության պատճառով, որը սուրբ Հովհաննես-Մկրտիչից Աստվածածին եկեղեցին բավականին ներքև էր գտնվում և համարվում էր շահաստանի, ներքին մասի եկեղեցին։ Այն թաղամասը, ուր գտնվում էր սուրբ Հովհաննես-Մկրտիչը, կոչվում էր.

  «Խձայձոր, որ է Ներքին թաղն…»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 92
 

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել էր։ Ըստ Ագուլեցու եկեղեցին 1612 թվականին վերանորգել է ագուլիսցի հայտնի աղբյուրագործ-վարպետ Սեթյան Մահտեսի Մելքում.

  «...այս թվիս (1612 թվական) Խձայձորա սուրբ Ովանէս եկեղեցին մարամաթի շինեց»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 141
 

Այնուհետև հետագա վերանորոգման մասին եկեղեցու գմբեթի շրջանակի վրա սև ներկով գրված էր եկեղեցու 17-րդ դարի երկրորդ կեսում վերանորոգման արձանագրությունը։ Վերջինիս հավաստի տվյալներով եկեղեցին վերանորոգվել էր 1663 թվականի.

  «ԿԱՌՈՒՑԱՒ ՀՈ(Յ)ԱԿԱՊ ԵՒ ՀՐԱՇԱԶԱՆ. ԵՒ ՎԱ(Յ)ԵԼՈՒՉ ԵՐԵՔ ԲԵՄԵԱ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆ ԱՄԵՆԱՍ(ՈՒՐ)Բ Ա(ՍՏՎԱ)ԾԱԾԻՆ ԵՒ Ս(ՈՒՐ)Բ ՄԿՐՏՉԻՆ. ԵՒ Ս(ՈՒՐ)Բ ՆԱԽԱՎԿԱՅԻՆ. Ւ ՌՃԾԲ (1663) ԹՎԻՆ. ԻՍԿ ՌՃԼԵ (1686) Ա(Մ)ԻՆ ԳԱ[Ճ]ԵՑԱՒ։ ԵՒ Ի ՌՃԾԲ Թ(ՎԻ)Ն ԶԱՐՄ(Ա)ՆԱԼԻ ԿԱԹՈՒՂԻԿԷՍ ՇԻՆԵՑԱՒ Ի ՓԱՌՍ Ք(Ր)Ի(ՍՏՈՍ)ԱՅ»
- Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան» 1984 թվական, էջ 95
 

1686 թ. այն գաջվել էր, իսկ նրա աղյուսաշար գմբեթը կառուցվել է 1703 թվականին։ Արձանագրության տեղեկությունները լրացվում և հաստատվում են Զ. Ագուլեցու ճշգրտորոն արձանագրված տվյալներով։ Ըստ որի 1663 թ. <<Ագուլաց Խձայձորու մահլի սուրբ Ովանէս անվան եկեղեցին ըսկիսպն արարին վեր առնելու>>: Այնուհետև 1664 է. <<Մայիսի լա (31) Ագուլիս Ներքին թաղի սուրբ Ովանէս եկեղեցին այսօր ձեռք տվեցին, վեր կալան, որ շինեն։ Յուլիսի (5) ումն հիմն աւրհնեցին, ըսկիսպ արարին շինելոյ թագաւորի ըռաղամով, Միրզա Իբրահիմ խօսքով, զերայ Ագուլիս նորայ զաֆթումն էր >>: Հետո՝ 1665 թ. << Նոյեմբերի ե (5) ումն Ագուլիս որ Ներքին թաղի սուրբ Ովանէս անվան եկեղեցին ավարտեցին, այսօր աւրհնեցին…Թվին ՌՃԼԵ (1686 մայիսի ի (20) ումն ըսկիսբն արին այս եկեղեցիս գաջելու։ Գաջեցին, ծաղկեցրին, հոկտեմբերի լա (31) ումն հրաշալի օրհնեցին >> :

Ճարտարապետություն

խմբագրել

Համալիրը կազմված էր եկեղեցուց, գավիթ-սրահից, զանգակատնից և օժանդակ շինություններից։ Համալիրի շինությունները գտնվել էին բարձր պարսպի մեջ, որը հյուսիսից և հարավից ունեցել էր դարպասներ։

Եկեղեցի

խմբագրել

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին ուներ արևելք-արևմուտք ձգվածություն։ Այն ուղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթավոր կառույց էր։ Ինտերիերի արևելյան մասում ուներ ավագ խորան, երկհարկանի զույգ ավանդատներ և ընդարձակ աղոթասրահ։ Եկեղեցու չորս մույթերի և ութ կիսամույթերի վրա վեր էր խոյանում աղյուսաշար գմբեթը, որը ուներ արաբական կամարներով ութ լուսամուտներ։

Եկեղեցին կառուցված էր կիսամշակ ու ճեղքված որձաքարերով, իսկ շինության արևելյան ճակատի արտաքին շարվածքն ու գմբեթը իրականացված էր թրծած աղյուսով։ Արևելյան ճակատի ձևավոր աղյուսաշարը ունի մի շարք երկրաչափական զարդաձևեր։

Քեսդների նկարի միջոցով Ղևոնդ Ալիշանը նկարագրել էր սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու միակ մուտքը. այն բացված էր արևմտյան ճակատից, ունեցել էր քառանկյունի բացվածք, առանց կամարի։ Մուտքից վերև՝ շարվածքի երկրորդ շարքի հյուսիսային կողմում տեղադրված էր եղել մի համառոտ արձանագիր քար՝

  «Թ. ՌՃԽԳ (1694 թվական)»
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 333, նկար 99
 

Եկեղեցին ունեցել էր մանր կտորներով, սադափով ու փղոսկրով պատրաստված գեղեցիկ փայտե դուռ՝ Հախումի հիշատակագիր արձանագրությամբ.

  Յիշատակէ դուռնս այս Հախումին եւ կողակցին եւ որդւոնց նոցին. Ած ողորմի աշխատաւորացն թվին ՌՃԼԱ (1682 թվական)»
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 330
 
  «բազմադրուագ, մանր մասամբք փայտից, սատափով և փղոսկրիւ կիտուածեալ, յորում գրուած յամի 1682»
- Երվանդ Լալայան, Գողթն, էջ 65
 

Երկհարկանի ավանդատների առաջին հարկերը հատակագծում քառակուսի էին և ունեին վեցական խոր ու քառակուսի բացվածքներով որմնախորշեր։ Երկրորդ հարկի ավանդատները ծառայել էին խորաններ, հակառակ առաջին հարկերի ավանդատների։ Արևելյան մասում ունեին կիսաշրջանաձև հորինվածքներ։ Խորանները իրենց որմերում ունեին յոթական սլաքաձև պսակներով ավարտվող բարձր որմնախորշեր։ Դրանք լուսավորում էին արևելյան որմում գտնվող բավականին լայն և բարձր (55 սմ X 90 սմ) պատուհաններով, որոնցից անմիջապես 30-35 սմ վերև՝ լրացուցիչ լուսավորության համար բացված էին մեկական շրջանաձև լուսամուտներ։ Երկրորդ հարկի խորանները արևմտյան մասում ունեին ցածրադիր (60 սմ) պատեր, իսկ ամբողջ ճակատները բաց էին կապված էին աղոթասրահի հետ։

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու ավագ խորանն ուներ հնգանիստ հորինվածքով հատակագիծ։ Խորանի արևելյան որմի հյուսիսային և հարավային անկյունամասերը՝ նիստերը, ներքին հատվածում ունեին շատ թեթև՝ ընդամենը 35 սմ հասնող նիստեր։ Խորանի վեց որմնախորշերը ունեին 85 սմ լայնությամբ բացվածքներ և խորն էին։ Հյուսիսային և հարավային անկյունամասերում՝ որմնախորշերից վերև, ընդգծվում էին լայն որմնազարդերով կամարները, դրանցից վերև տեղադրված էին զարդանախշերը։

Գավիթ-սրահ

խմբագրել

Գավիթ-սրահը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին։ Այն չորս մույթերի օրինակով թաղակապ կառույց էր։

Պարիսպ և օժանդակ շինություններ

խմբագրել

17-րդ դարի վերակառուցման հետ միաժամանակ.

  «պարիսպն քաշեցին, թե խուց, թե սեղանատուն շինեցին, ապա պրծաւ»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 130
 

Արևելյան ճակատի պատի տակ, նրա ընդլայնական չափով կառուցված է եկեղեցու սեղանատունը, որի ծածկը հավասար է եկեղեցու հիմնաշարին։ Սեղանատունը միանավ-միադահիճ հորինվածքով շինություն էր, որի ուղղաձիգ որմերի վերին մասերից սկսվում էր թաղը։ Սեղանատան մուտքերը տեղադրված են եղել արևելյան ճակատում։ Այդ ճակատում են եղել նաև լուսամուտները։ Սեղանատունը ներսից ուներ մոտ 3 մետր բարձրություն և սվաղված էր, ընդերկայնական արևմտյան որմում ուներ 9 քառակուսի բացվածքներով բավականին խոր որմնախորշեր։

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու սեղանատան հյուսիսային ճակատին՝ արևելք-արևմուտք առանցքով, կցված է թաղակապ խոհանոցը։ Վերջինիս կից է թաղածածկ հորինվածքով, ավազանով ու 2,90 մետր X 4 մետր չափի և 1.30 մետր խորությամբ ջրամբարով եկեղեցու աղբյուրը։

Գերեզմանոց

խմբագրել

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու պարիսպներից ներս, սեղանատան առջև, եղել էր եկեղեցու գերեզմանատունը։ Վերջինս 1663 թվականի եկեղեցու վերանորոգման ժամանակ քանդվել է.

  «Բերին, գերեզմանատունն էլ վարթավար արարին. Ոմն նշանաւոր մեռել կար, զայն թողին, ապայ անտէր, աննշան մեռելն քարն վեր կալան, ոմն դրին եկեղեցու պատն, ոմն ձգեցին եկեղեցու դռներն։ Ապայ այսույէտև սահմանեցին, թե ինչ մեռել որ լինի, տանեն եկեղեցոյ յանդէպ յարաւային կողմն տափարակ տեղ մի, անվանեցին տեղի անունն Բէկ-Օղլի։ Այս Բէկ-Օղլի առաջին դրած մեռելն երեցփոխ Անդրնի կնիկն է թաղած։ Այս հանգիստս հիմն այն է, որ 1112 (1663) ունմ»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 130
 

Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու գերեզմանատունը այժմ վեր է ածվել այգու։ Գերեզմանատան 18-19-րդ դարի մի քանի տապանաքարեր հավաքված էին այգու մի անկյունում, տապանաքարերի ներկայիս ճակատագիրը անհայտ է։ Պահպանվել են այնտեղի տապանաքարերից երկուսի արձանագրությունները.

  «Այս է տապան Շայմուրադին. թվ. ՌՃԺԱ (1662 թվական)»
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 330
 
  «Ֆրեյբերգի ակադեմիայի ինժեներ Մենտոր Առաքելեան Ներսիսեանց ծն. 1878 թ. 25 հոկտ. 1904 թ. 19 հոկտ»
- Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան» 1984 թվական, էջ 95-96
 

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981.
  • Շոպեն Ի. Հայկական մարզի պատմական հուշարձանները, ՍՊԲ, 1852.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 63, 65, 130