Սիգրիդ Ունսեթ (նորվ.՝ Sigrid Undset, մայիսի 20, 1882(1882-05-20)[1][2][3][…], Kalundborg, Դանիա - հունիսի 10, 1949(1949-06-10)[4][1][2][…], Լիլեհամեր, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նրա պատվին Վեներայի խառնարաններից մեկն անվանակոչվել է Ունսեթ։

Սիգրիդ Ունսեթ
նորվ.՝ Sigrid Undset
Ծնվել էմայիսի 20, 1882(1882-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրKalundborg, Դանիա
Վախճանվել էհունիսի 10, 1949(1949-06-10)[4][1][2][…] (67 տարեկան)
Վախճանի վայրԼիլեհամեր, Նորվեգիա[4]
Մասնագիտությունվիպասան, թարգմանչուհի, գրող, սցենարիստ, արձակագիր և բանաստեղծուհի
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունFru Ragna Nielsens skole?[5]
Ժանրերպատմավեպ
Ուշագրավ աշխատանքներKristin Lavransdatter?, Jenny? և The Master of Hestviken?
ԱնդամակցությունԳիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն և Ամերիկյան աշխարհագրական խորհուրդ
Պարգևներ
Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ
Գրականության Նոբելյան մրցանակ[6][7]
և Իսլանդական բազեի պարգև
ԱմուսինԱնդերս Կաստուս Սվարդստադ[8]
 Sigrid Undset Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն և գրական կարիերայի սկիզբ խմբագրել

Սիգրիդ Ունսեթը ծնվել է Դանիայի Զելանդիա կղզում` Կալունդբորգե քաղաքում։ Նրա հայրը` նշանավոր հնէաբան, երկաթե դարի գիտակ և հաջողակ գրող Ինգվալ Ունսեթը, եղել է նորվեգացի, իսկ մայրը` Շարլոտա Գյուտ-Ունսեթը` դանիացի։ Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Նորվեգիա։ Այնտեղ` Քրիստիանայում (ներկայումս` Օսլո), անցել է գրողի մանկությունն ու պատանեկությունը։ Սիգրիդն ինքը իրեն համարում էր նորվեգացի։ Վաղ մանկությունից նրա դաստիարակման գործում մեծ դեր է ունեցել հայրը` սեր սերմանելով նորվեգական հեքիաթների, պատմվածքների հանդեպ։ Սիգրիդը եղել է հոր մոտ` Պատմության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։ Մանկության երջանիկ տարիները հետագայում գրողը պատկերել է «Տասնմեկ տարի» (1934) ինքնակենսագրական վեպում։ 1893 թվականին ծանր հիվանդությունից մահացել է Ինգվալ Ունսեթը։ Այդ իրադարձությունը կտրուկ փոխել է ընտանիքի կյանքը. այրին ստիպված է եղել աղքատիկ թոշակով հոգալ երեք երեխաների հոգսը։

Սիգրիդը երազել է արվեստով ու գրականությամբ զբաղվելու մասին, ցանկացել է դառնալ նկարիչ և հաճախ, մատիտը ձեռքին, թափառել է Քրիստիանայի հին փողոցներով։ Պահպանվել են այդ տարիների նկարներից։ Սակայն աղջիկն ընդունվում է առևտրի ուսումնարան, որտեղ պատրաստում էին քարտուղարներ։ 10 տարուց ավել (1898-1908) նա աշխատել է «Էլեկտրականության համընդհանուր ընկերության» գրասենյակում` զբաղվելով իր ներաշխարհին խորթ աշխատանքով։ Սիգրիդը չի սիրել իր աշխատանքը. ազատ ժամանակ նա գրել է բանաստեղծություններ, մտածել նորվեգական միջնադարը ներկայացնող վեպ գրելու մասին։ Մայրը սատարել է դստերը` խորհուրդ տալով գրի առնել այն ամենը, ինչի մասին մտածում է։

Ունսեթի առաջին գրքերն աչքի են ընկել կանանց կյանքի մանրամասն նկարագրություններով։ Մասնավորապես դա նկատելի է «Ֆրու Մարթա Օուլի» վեպում (1907), որը հեղինակին առաջին ճանաչումն է բերել, և «Երջանիք տարիք» նովելների ժողովածուում։

 
Սիգրիդ Ունսեթը երիտասարդության տարիներին

Առաջին գրքերի հաջողությունից հետո Ունսեթը ստացել է պետական թոշակ, ինչը նրան հնարավորություն է տվել 1909 թվականին թողնել չսիրած աշխատանքը։ Նույն թվականին ստեղծվում է պատմական առաջին վեպը` «Սագա Վիգդիսի և Վիգա-Լյոտեի մասին» (1908), որում հեղինակը պատմականորեն հավաստի ձևով ներկայացնում է 1000-ական թվականների նորվեգական կյանքն ու կենցաղը։ Գիրքը հեղինակի երևակայության արդյունքն է. նա զարգացնում է սագայի թեման հատկապես սիրո և ատելության հարցերում։

1910 թվականին Ունսեթն ուղևորվում է Հռոմ։ Վերադառնալով հրատարակում է «Երիտասարդություն» (1910) բանաստեղծական ժողովածուն և «Յեննի» (1911) վեպը, ինչը մեծ հաջողություն է ունենում։ Սեռական հարաբերությունների համարձակ պատկերումը բանավեճերի տեղիք է տալիս։ Վեպում պատկերված է մի նկարչուհու կյանքը, ով ձգտում է իրական մեծ սիրո։

1912 թվականին Ունսեթն ամուսնանում է նկարիչ Անդերս Սվարստադի հետ։ Նրա ընտանիքը արագ աճում է։ 1913 թվականին ծնվում է Ունսեթի որդին` Անդերս Կաստուսը, ապա երկրորդ որդին` Հանս Բենեդիկտը և դուստրը` Մարեն Շարլոտան։ Սակայն դա չի խանգարում գրողի բեղմնավոր աշխատանքին։ 1913 թվականին հրատարակվում է «Թշվառները» պատմվածքների ժողովածուն, իսկ 1914 թվականին՝ «Գարուն» վեպը, որ պատկերում է կնոջ հոգեկան դժվար ապրումների, ռոմանտիկ երազանքների և դաժան իրականության բախման մասին։ Այդ նույն թեմայով են գրված «Տրոլլի հայելու բեկորները» (1917), «Իմաստուն օրիորդներ» (1918) նովելների ժողովածուները և «Գարնանային ամպեր» (1921) բանաստեղծական ժողովածոււն։

Ունսեթի` վաղ շրջանի գործերի հերոսները փոքր, աննկատ, համեստ կերպարներ են` գրասենյակային աշխատողներ, քաղաքային աշխատողներ, միջին մտավորականության ներկայացուցիչներ։

Ստեղծագործական հաջողության գագաթնակետ խմբագրել

 
Բյորկեբեկի տունը (ներկայումս` թանգարան)
 
Սիգրիդ Ունսեթը Բյորկեբեկում

1919 թվականին Սիգրիդ Ունսեթը ընտանիքով տեղափոխվում է Լիլիհամեր, որը գտնվում է Օսլոյից 130 կմ հյուսիս։ Բյորկեբեկի առանձնատանը սկսվում է հեղինակի գործունեության նոր, ամենաբեղմնավոր շրջանը։ Նա ի կատար է ածում իր վաղեմի երազանքը` նորվեգական միջնադարյան կյանքի մասին վեպ գրելը` իրատեսորեն պատկերելով կնոջ` ազատության, անձնական երջանկության ձգտումները։ Այդպիսի հերոսուհու հեղինակը գտնում է ոչ թե ժամանակակից, այլ միջնադարյան Նորվեգիայում։ Այդպես ծնվում է պատմական եռագրությունը` «Քրիստին` Լավրանսի դուստր», որ բաղկացած է երեք վեպերից` «Պսակ» (1920), «Տիրուհին» (1921) և «Խաչ» (1922)։

Վեպը ժամանակակիցներին զարմացրել է իր կատարելությամբ։ 1310-1349 թվականների նորվեգական կյանքը պատկերելով հանդերձ` գրողին հաջողվել է ստեղծել հոգեբանական, փիլիսոփայական դրամա, որի կենտրոնում գլխավոր հերոսուհի Քրիստինի կյանքն է։ Նա անհատականություն է, որ հակադրվում է հասարակական ընդունված տեսակետներին։ Հասնելով իր երազանքների իրականացմանը` Քրիստինը բախվում է ազատության հակառակ կողմին` սեփական որոշումների պատասխանատվությանը։ Եռագրության վերջում հերոսուհին իր երջանկությունը, հանգստությունը գտնում է ինքնանվիրման մեջ։

Այս եռագրությանը թե' ժամանակագրական, թե' թեմատիկ առումով շարունակում են «Ուլավ` Հեստվիկենցի Աուդինի որդի» (1925) և «Ուլավ` Աուդունի որդի, և երեխաներ» (1927) վեպերը։ Վեպերի գլխավոր հերոս Ուլավը, ինչպես և Քրիստինը, ինքնաբավ անհատականություն է, որ ստիպված է գոյատևել միջնադարյան իրականության մեջ` հաճախ հրաժարվելով ընդունված սովորույթներին հետևելուց (օրինակ` ներում է իրեն դավաճանած հարսնացուից)։

Ունսեթի պատմական վեպերը, որոնք բարձրացնում են հոգեբանական ու փիլիսոփայական խնդիրներ, հրաշալի ներկայացնում են պատմական միջավայրը, բայց և մոտ են 20-րդ դարի ընթերցողին։

1928 թվականին Ունսեթը արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի «նորվեգական միջնադարի կատարյալ նկարագրության համար»։ Ֆինանսական միջոցները, որ նա ստացել է որպես մրցանակակիր, գրողն ամբողջությամբ ծախսել է բարեգործական նպատակներով. շնորհալի երեխաներին տրված կրթաթոշակ` 80.000 կրոն, Նորվեգիայի կաթոլիկ աղքատ ընտանիքների երեխաների կրթություն` 60.000 կրոն, նորվեգացի երիտասարդ գրողներին աջակցություն` 60.000 կրոն[9]։

Կյանքի ու ստեղծագործության ուշ շրջան խմբագրել

 
Սիգրիդ Ունսեթ, 1927

1928 թվականից հետո Ունսեթը վերադառնում է ժամանակակից թեմային` գրելով ամուսնական թեմայով գործեր` «Իդա Էլիզաբեթ» (1932), «Հավատարիմ կին» (1936), սակայն դրանք հաջողություն չեն բերում, ինչպես որ հաջողության չի արժանանում 18-րդ դարի Նորվեգիայի կյանքը պատկերող «Տիկին Դորտեա» վեպը (1939)։

1930-ական թվականներին Ունսեթը զբաղվում է հասարակական, հրապարակախոսական գործունեությամբ, կրոնական հարցերով։ Նա ընդունում է կաթոլիկություն` դառնալով նրա հետևորդը։ Նա հետաքրքրվում էր մանկական տիկնիկային թատրոնով, հին նորվեգական սագաներով` զբաղվելով դրանց թարգմանությամբ։ 1935 թվականին Ունսեթը գլխավորել է Նորվեգական գրողների միությունը։ Ակտիվորեն հանդես է եկել ազգայնամոլական ռեժիմի, ֆաշիստների դեմ։ 1935 թվականին գլխավորել է այն շարժումը, որն ուղղված էր հիտլերյան համակենտրոնացման ճամբարի կալանավոր, հրապարակախոս Կառլ ֆոն Օսեցկուն Նոբելյան մրցանակ շնորհելուն։

1934 թվականին Ունսեթը հրատարակության է ներկայացնում նոր վեպ` «Տասնմեկ տարի» վերնագրով, որ հեղինակի գեղարվեստական հուշագրությունն է։ Քննադատությունը բարձր է գնահատել Ունսեթի դերը նորվեգական գրական լեզվի զարգացման գործում։

Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940) Ունսեթը վաճառել է Նոբելյան մրցանակի իր շքանշանը 25.000 կրոնով` գումարը փոխանցելով ֆինն երեխաների օգնությանը։ Նա իր տանը պահել է ազգությամբ ֆինն երեք փախստական երեխաների[10]։

1940 թվականի ապրիլին նացիստները օկուպացնում են Նորվեգիան։ Փրկվելով նրանցից` Ունսեթը դահուկներով մեկնում է չեզոք Շվեդիա, որտեղ իմանում է, որ ավագ որդին զոհվել է գերմանացիների դեմ կռվում։ Երկրորդ որդու` Հանս Բենեդիկտի հետ գրողը ԽՍՀՄ-ի տարածքից տարագրվում է ԱՄՆ (դուստրը մահացել էր ծանր հիվանդությունից, իսկ ամուսնուց ամուսնալուծվել էր)։ Այստեղ նա գրում է «Վերադարձ դեպի ապագա» (1942) և «Երջանիկ օրեր» (1942) հուշագրություն-վեպերը, որոնցում կոչ է անում պայքարել ֆաշիզմի դեմ։

1945 թվականին Սիգրիդ Ունսեթը վերադառնում է հայրենիք։ Վերջին տարիներն անցկացրել է Լիլեհամերում, որտեղ էլ թաղվել է։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • «Ֆրու Մարթա Օուլի» (Fru Marta Oulie, 1907)
  • «Սագա Վիգդիսի և Վիգա-Լյոտեի մասին» (Fortællingen om Viga-Ljot og Vigdis, 1909)
  • «Լուսաբացին» (I grålysningen, 1911, հրատարակվել է 1968)
  • «Յեննի» (Jenny, 1911)
  • «Գարուն» (Vaaren, 1914)
  • «Քրիստին` Լավրանսի դուստր» (Kristin Lavransdatter, 1920-22): Պսակ (Kransen, 1920), Տիրուհին (Husfrue, 1921), Խաչ (Korset, 1922)
  • «Ուլավ` Հեստվիկենցի Աուդունի որդի» (Olav Audunssøn i Hestviken, 1925)
  • «Ուլավ` Աուդունի որդի, և նրա երեխաները» (Olav Audunssøn og hans barn, 1927)
  • «Գիմնադեմիա» (Gymnadenia, 1929)
  • «Անկեզ մորենի» (Den brændende busk, 1930)
  • «Իդա Էլիզաբեթ» (Ida Elisabeth, 1932)
  • «Տասնմեկ տարի» (Elleve aar, 1934)
  • «Հավատարիմ կինը» (Den trofaste hustru, 1936)
  • «Տիկին Դորտեա» (Madame Dorthea, 1939)
  • «Վերադարձ դեպի ապագա» (Tilbake til fremtiden, 1942, հրատարակվել է 1945)
  • «Երջանիկ օրեր» (Lykkelige dager, 1942, հրատարակվել է 1947)
  • «Սիգուրդը և իր խիզախ ընկերները» (Sigurd og hans tapre venner, 1943, հրատարակվել է 1955).
  • «Տասներկու տարի» (Tolv år, ավարտված չէ, 1998).

Նովելների ժողովածուներ խմբագրել

  • «Երջանիկ տարիք» (Den lykkelige alder, 1908)
  • «Թշվառները» (Fattige skjebner, 1912)
  • «Իմաստուն օրիորդներ» (De kloge jomfruer, 1918)
  • «Տրոլլի հայելու բեկորները» (Splinten av troldspeilet, 1917)
  • «Խաղաղություն աշխարհին» (Fred på jorden, 1992)

Էսսեներ, պատմամշակութային գործեր խմբագրել

  • «Պատմվածքներ Արթուր թագավորի և կլոր սեղանի ասպետների մասին» (Fortællinger om kong Artur og ridderne av det runde bord, 1915)
  • «Երեք քույրեր» (Tre søstre, 1917)
  • «Տասներկու կետ» (Et kvindesynspunkt, 1919)
  • «Սուրբ Հալվարդի կյանքը, մահը և հրաշագործությունները» (Sankt Halvards liv, død og jærtegn, 1925)
  • «Կաթոլիկ քարոզչություն» (Katholsk propaganda, 1927)
  • «Փուլեր» (Etapper, 1929)
  • «Սուրբ Օլաֆ` Նորվեգիայի թագավոր» (Hellig Olav, Norges konge, 1930)
  • «Եվրոպական երկու սրբերը» (To europeiske helgener, 1933)
  • «Նորվեգական սրբեր» (Norske helgener, 1937)
  • «Ինքնադիմանկարներ և բնապատկերներ» (Selvportretter og landskapsbileder, 1938)
  • «Կրոնավորներ։ Երկրպագություն։ Ծխական եկեղեցի» (Klosterliv. På pilegrimsferd. Sognekirken, 1939)
  • «Եկատերինա Սիենացի» (Caterina av Siena, 1951)
  • Պատերազմի տարիների հոդվածներ և ճառեր (Artikler og taler fra krigstiden, 1952)
  • «Ստեն Ստենսեն Բլիխեր» (Sten Steensen Blicher (kulturhistorie), 1957)
  • Նամակներ (Kjære Dea, 1979)

Բանաստեղծություններ խմբագրել

  • «Երիտասարդություն» (Ungdom, 1910)
  • «Գարնանային ամպեր» (Vårsyer, 1921)

Ստեղծագործություններ մանուկների համար խմբագրել

  • «Արևից արևելք և Լուսնից արևմուտք» (բեմականացում մանկական թատրոնի համար) (Østenfor sol og vestenfor måne, 1927, հրատարակվել է 1959)
  • «Կապույտ լեռան արքայադուստրը» (Prinsessene i Berget det blå, 1928, հրատարակվել է 1973)

Գրականություն խմբագրել

  • «Արտասահմանյան գրականության լրաբեր», Մ. — Լ., 1928, № 9, стр. 157 и № 12, էջ 139
  • Յ. Մետալով, Մարդկային հոգու ընդվզում, «Գեղարվեստական գրականություն», Մ., 1935, № 12
  • Օ, Նեմերովսկայա, Սիգրիդ Ունսեթ, «Քրիստին` Լավրանսի դուստր», «Աստղ», Լ., 1935, № 12
  • Ս, Սլապգարն. Սիգրիդ Ունսեթ` խոսքերի թագուհի — Մ., 2009

Էկրանավորում խմբագրել

  • 1995 - «Քրիստին` Լավրանսի դուստր», ռեժիսոր` Լիվ Ուլման (Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Унсет Сигрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://nbl.snl.no/Sigrid_Undset
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1928/undset-facts.html
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  9. «Паламарчук А. Сигрид, дочь Ингвальда». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Панкратова Э. «Сердца человеческие неизменны во все времена...». О Сигрид Унсет. — М.: Панорама, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգրիդ Ունսեթ» հոդվածին։