Սերգեյ Վինոգրադսկի
Սերգեյ Նիկոլաևիչ Վինոգրադսկի (ռուս.՝ Сергей Николаевич Виноградский, սեպտեմբերի 1 (13), 1856[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 24, 1953[3][4], Բրի-Կոմտ-Ռոբեր), ռուս մանրէաբան, ռուսական մանրէաբանության հիմնադիրներից։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1894), Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ (1923 թվականից), Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1881 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժինը և աշխատել տեղում։
1885–1891 թվականներին գիտական գործուղման է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1891–1912 թվականներին Վինոգրադսկին եղել է Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի ընդհանուր մանրէաբանության բաժնի վարիչ, միաժամանակ «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («ռուս.՝ Архив биологических наук») ամսագրի խմբագիրը։ Ակտիվորեն մասնակցել է Ռուսական մանրէաբանական ընկերության կազմակերպմանը (1903) և առաջին 2 տարին եղել է դրա նախագահը։
1922 թվականին մեկնել է Ֆրանսիա և մինչև կյանքի վերջը ղեկավարել Փարիզի Պաստյորի անվան ինստիտուտի ագրոբակտերիոլոգիական բաժինը։ Վինոգրադսկին առաջինն է բացահայտել հատուկ միկրոօրգանիզմների գոյությունը, որոնք էներգիան ստանում են անօրգանական նյութերի օքսիդացման ճանապարհով։ Հայտնաբերել է քեմոինքնասուն միկրոօրգանիզմները և քեմոսինթեզի երևույթը (1887)։ Վինոգրադսկին 1893 թվականին առաջինը հողից անջատել է լատին․՝ Clostridium Pasteurianum անաերոբ, ազոտֆիքսող բակտերիաներ, որոնք ընդունակ են յուրացնելու մոլեկուլային ազոտը։
Մանրամասն ուսումնասիրել է ազոտաբակտերների մորֆոլոգիան, զարգացումը, ֆիզիոլոգիան և աճեցման մեթոդները։ Առաջինն է ներդրել ընտրողական-սնուցողական միջավայրի մեթոդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 parish register
- ↑ 2,0 2,1 https://bigenc.ru/biology/text/1915356
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Виноградский Сергей Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 386.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 457)։ |