Սարչապետ
Սարչապետ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Սարչապետ | ||
Երկիր | Հայաստան | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
ԲԾՄ | 1700 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2127 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ` հանդիսանալով դրա կենտրոնը։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՄշտական բնակչության թվաքանակը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2.100 մարդ։ Մակերեսը՝ 23.9 կմ²։
Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից (Վանաձոր) 68 կմ է, նախկին շրջկենտրոնից (Կալինինո, այժմ՝ Տաշիր)՝ 16 կմ։ Համայնքում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս։ Համայնքում կան նաև մեղվաբուծությամբ զբաղվողներ։ Զգալի թիվ են կազմում գյուղից ամեն տարի նախկին ԽՍՀՄ հանրապետություններ արտագնա աշխատանքի մեկնողները։ Շատ են արտագաղթողները։
Համայնքն ունի միջնակարգ դպրոց։ Կա գործող եկեղեցի, բուժկետ, առևտրի կետեր։ Մինչև 2009 թիվը գործել է մշակույթի կենտրոն, ինչպես նաև գրադարան՝ 11.289 անուն գրքով։ Համայնքում հասանելի են ինտերնետային ցանցի և բջջային հեռախոսակապի ծառայությունները (Վիվա-ՄՏՍ, Տելեկոմ Արմենիա, Յուքոմ, Իքոմ)։
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից ի վեր Սարչապետ համայնքի ղեկավար են ընտրվել Վոլոդյա Ավդալյանը (ղեկ. 1997-2000 թվականներ), Նոդար Բարոյանը (ղեկ. 2000-2003 թվականներ), Արգամ Պողոսյանը (ղեկ. 2003-2008 թվականներ) և Բորիս Բարոյանը (ղեկ. 2008 թվականից)։
Պատմական ակնարկ
խմբագրելՀամայնքը ձևավորվել է XIX դարի 20-30-ական թվականներին։ Բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածներն են, որոնք 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմի օրերին գաղթել են վերոհիշյալ և մյուս գավառներից և ճանապարհ ընկել դեպի Արևելյան Հայաստան։
Սերնդեսերունդ փոխանցված տեղեկության համաձայն տեղահանված ընտանիքները մտադրված են եղել անցնել ներկայիս Վրաստանի տարածք, սակայն սայլի անիվը ջարդվել է, և նրանք, չկարողանալով հաղթահարել Լոքը, հաստատվել են սարի ստորոտում, որը հյուսիսից սահմանակից է Վրաստանին։
Գյուղի անվան ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ «սարչապետ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «թռչնի բույն» (սարերով շրջապատված գյուղն իր աշխարհագրական դիրքով կարելի է նմանեցնել թռչնաբնի)։
Մեկ այլ տարբերակով անվանումն առաջացել է «սառցաբերդ» (Լոք սարի բերդի հետ կապելով) բառի հնչյունափոխմամբ։
Բնակչություն
խմբագրելՍարչապետ գյուղի բնակչությունն ըստ տարեթվերի[2][3] | ||||||||||||||
Տարեթիվ | 1886 | 1897 | 1904 | 1914 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
Բնակչություն | 514 | 728 | 810 | 988 | 1364 | 1417 | 1669 | 1954 | 2157 | 2966 | 3033 | 3096 | 2504 | 2400 |
2011 թ. մարդահամարի տվյալներով Սարչապետում առկա(մշտապես բնակվող, հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա՝ մեկ տարուց պակաս ժամկետով բնակվող) բնակչության թիվը 1463-ն է։
Մշտական(մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր՝ մեկ տարուց պակաս ժամկետով բացակայող) բնակչության թիվը 2127-ն է։
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԲնակավայրի ռելիեֆը լեռնային է, խիստ էռոզացված, ամռանը զով է, ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Ձմռան տևողությունը 202 օր է, իսկ ամռանը՝ 163 օր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 3.6 °C է, իսկ առավելագույնը՝ +28 °C -30 °C։ Տարեկան տեղումների քանակը 700-720մմ է։ Հողերը գտնվում են 30-40° թեքության վրա։ Կլիմայական անբարենպաստ և աշխարհագրական անբարենպաստ դիրքի հետևանքով բերքատվությունը ցածր է։ Գյուղի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից 1705 մ է։
Պատմական հուշարձաններ
խմբագրել
Գյուղի կենտրոնում կա կաթոլիկ եկեղեցի՝ կառուցված 1913 թվականին, որը կիսավեր վիճակում է և չի գործում։
2005 թ.-ից համայնքում գործում է նոր՝ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ծնունդով սարչապետցի բարերար Ազատ Մարտիրոսյանի մեկենասությամբ։
Համայնքի հյուսիսային մասում՝ ծովի մակերևույթից 2147 մետր բարձրություն ունեցող Լոք սարի վրա կա մատուռ, որը տարիներ ի վեր ուխտատեղի է հանդիսացել համայնքի և մոտակա բնակավայրերի ազգաբնակչության համար։ Ժողովրդականություն է վայելում հատկապես այստեղ անցկացվող «Համբարձման օր» կոչվող տոնակատարությունը, որը նշվում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը։
Լոք սարի գագաթին գտնվող հինավուրց բերդի պատմությունը բացահայտված չէ։ Այս բարձունքի վրա կա նաև անհայտ ճգնավորի գերեզման։ Սարչապետցի աշուղ Արամի Լոքի խորհրդավոր ավերակներին ձոնված «Լոքան բերդ» գողտրիկ ստեղծագործությունը այսօր բոլոր սարչապետցիների միասնության խորհրդանիշն է դարձել։
Կրթություն
խմբագրելԴպրոցը հիմնադրվել է 1947 թ., սկզբում եղել է տարրական, այնուհետև յոթնամյա, իսկ 1959 թ-ից՝ միջնակարգ։ Դպրոցի մասնաշենքերը կառուցվել են 1961 թ. և 1984 թ.։ 1974-1975 ուս. տարում դպրոցն ունեցել է 920 աշակերտ, այժմ ՝ 180։
Հայտնի անձինք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ Զավեն Կորկոտյան. «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում» (1831-1931) 1932 թ. հրատարակություն
- ↑ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան 2008 թ. հրատարակություն
Աղբյուրներ և արտաքին հղումներ
խմբագրել- Հայաստանի համայնքների միություն, Համայնքներ, Սարչապետ Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Սարչապետի մասին Լոռու մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-08-22 Wayback Machine
- Սարչապետի պաշտոնական կայքը Արխիվացված 2017-05-15 Wayback Machine
- Երկիրը երկիր է։ Սարչապետ-29.10.2017թ
- Մենք ենք մեր սարերը:Սարչապետ-25.06.2019թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարչապետ» հոդվածին։ |