Սարգիս Հովսեփյան (բժիշկ)

հայ բժիշկ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)

Սարգիս Գալուստի Հովսեփյան (1888, Կ. Պոլիս - 1975), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, ստացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և Լենինի շքանշաններ։

Picto infobox med.png
Սարգիս Գալուստի Հովսեփյան
Ծնվել է1888
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1975
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
Կոչումվաս­տա­կա­վոր բժիշկ
ԽՍՀՄ առող­ջա­պա­հու­թյան գե­րա­զան­ցի­կ
ԱշխատավայրՆաֆթ­լու­ղի զին­վո­րա­կան լա­զա­րե­թ
Կա­րի­նի քա­ղա­քա­յին հի­վան­դա­նո­ց
Շամշադինի հիվանդանոց
Պաշտոնգլխավոր բժիշկ
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

 
Սարգիս Հովսեփյանի հուշատախտակը Երևանի Սարյան փողոցում

Ծնվել է 1888 թվականին Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում։ Պապը՝ Սարգիս Հովսեփյանը (Ուսուպենց), Բուրսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Գեյվեի շրջանի դատավորն է եղել, իսկ հայրը՝ Գալուստ Հովսեփյանը, Օսմանյան կայսրությունում նոր զարգացող շերամապահության հիմնադիրներից մեկը։

Սարգիսը սովորել է Կ. Պոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանում։ Լինելով քաղաքի այդ տարվա երկու գերազանցիկներից մեկը, ավարտական դիպլոմն ստացել է քաղաքապետի ձեռքից՝ արժեքավոր գրքերի մի տրցակ նվեր ստանալով։

1913 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է Լայպցիգում, ապա՝ Ժնևում և բժշկի մասնագիտություն ստացել։

1914 թվականին վերադառնալով Թուրքիա` նշա­նակ­վել է Տրապիզոնի նահանգի Թեր­մե գա­վա­ռի քա­ղա­քա­պե­տա­րա­նի բժիշկ։

1914 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Սարիղամիշի ռազմաճակատում մի թուրք զինվոր (որին բուժել էր) նրան զգուշացրել է, որ բոլոր հայ զինվորականները գաղտնի հրամանով դատապարտվել են մահվան և լուսաբացին բոլորին սպանելու են։ Սարգիս Հովսեփյանն ընկերոջ՝ բժիշկ Արշակ Պողոսյանի հետ գիշերով փախել է զորամասից ու գերի հանձնվել ռուսական կողմին։ Հաջորդ օրը դասալիքներից յուրաքանչյուրի գլուխը 50000 ոսկի գնահատումով ազդագրերը տարածվել են ամենուր։ Հետագայում նրանք անհետ կորած են համարվել։ Բժիշկներին ռազմագերիների հետ տեղափոխելեն Թիֆլիս և բանտարկել։ Եռամսյա բանտարկությունից հետո նրանց ուղարկել են հարկադրական աշխատանքի՝ Նաֆթլուղի զինվորական լազարեթում։

1915 թվականի մարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի միջնորդությամբ բժիշկները ազատվել են գերությունից, տեղափոխվել Վաղարշապատ (Էջմիածին) և բժշկական օգնություն ցուցաբերել սովից ու հիվանդություններից տառապող ավելի քան 75 000 գաղթականներին։

1915 թվականի սեպտեմբերին Սարգիսը տեղափոխվել է Դիլիջան և «Հա­մա­ռու­սա­կան քա­ղաք­նե­րի մի­ու­թյուն» կազմակերպության գծով գաղթականական հիվանդանոցներ ու որբանոցներ հիմնել։

1916 թվականի ամռանը՝ Կարինի ռուսական գրավումից հետո, Կարինի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ է նշանակվել։ Հետո տեղափոխվել է Թիֆլիս, ապա գլխավոր բժիշկ աշխատել հաջորդաբար Վաղարշապատի, Դիլիջանի, Իջևանի հիվանդանոցներում։

1918 թվականի ժանտախտի և «իս­պա­նա­կան» հա­մա­ճա­րակ­ների ժամանակ հազարավոր գաղթականների կյանքն է փրկել։

1918 թվականի հունվարին Իջևանի հիվանդանոցի իր բնակարանում 4 օր թաքցրել է Ստեփան Շահումյանին և, դեղերով լեցուն արկղներով բեռնավորված իր «Ֆիատ» ավտոմեքենայում թաքցնելով, նրան փախցրել Թիֆլիս։

1920 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Շամշադին և Բերդ ավանում շրջանի առաջին հիվանդանոցը հիմնադրել ու կազմակերպել։ Այնուհետև հիվանդանոցի հիմքի վրա սկսել է շրջանի համար ապագա բուժքույրերի ուսուցման գործը։ 1921 թվականին եռանդուն մասնակցություն է ունեցել Հայաստանում մա­յի­սյան շար­ժում­նե­րին, համագործակցել լեգենդար Ենոք Մկրտումյանի, Աղասի Վարդանյանի և ուրիշների հետ։ 1930-ական թվականների դժնի տարիներին, շատերի պես նա էլ զերծ չի մնացել հետապնդումներից։ Նրան մի քանի անգամ կարողացել են փրկել, թաքցնել, անունը հանել ձերբակալության կամ աքսորի ենթակա անձանց ցուցակներից։ Նրան նույնիսկ փորձել են դավադրաբար սպանել։

Մինչև 1948 թվականը եղել է Շամ­շա­դի­նի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, միաժամանակ կատարելով առողջապահության բաժնի վարիչի և պետական սանիտարական տեսուչի պարտականությունները։ Իր իսկ ստեղծած բուժաշխատողների անձնակազմի հետ մեծ գործ է կատարել շրջանի առողջապահական գործը բարելավելու ուղղությամբ։ Հիմնադրել է հիվանդանոցներ, ծննդատներ, բժշկական տեղամասեր, սանէպիդկայան, բաղնիքներ, բուժքույրական դասընթացներ, պայքարել տարաբնույթ համաճարակների դեմ և այլն։ Հետագայում աշխատել է շրջանի տրոպիկական կայանի վարիչ, բժիշկ-ինֆեկցիոնիստ և այլն։

1928 թվականից ի վեր վերապատրաստման ու կատարելագործման մի քանի դասընթացներ է անցել Լենինգրադում։ Հանրապետական և միութենական բազմաթիվ գիտաժողովների է մասնակցել։ Մտերիմ է եղել իր ժամանակի մեծանուն բժիշկներ Քրիստափոր Փիրումյանի, Հարություն Միրզա-Ավագյանի, Լևոն Հովհաննիսյանի, Համբարձում Քեչեկի և ուրիշների հետ։ Բժշկական գործունեությանը զուգահեռ հետաքրքրվել է նաև հանրապետության քաղաքական անցուդարձով։ Եղել է Հայաստանում ամենաերկար (68 տարի) աշխատանքային ստաժ ունեցող բժիշկը։ 13 անգամ ընտրվել է Շամշադինի շրջանային խորհրդի դեպուտատ և 25 տարի եղել շրջխորհրդի գործադիր կոմիտեի անդամ։

Մահացել է 1975 թ.` 87 տարեկանում։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է «Աշ­խա­տան­քա­յին կար­միր դրո­շի» և Լենինի շքանշաններով, արժանացել վաստակավոր բժշկի և ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի կոչումների։ Հրաշալի տիրապետել է 8 լեզուների, այդ թվում արաբերենին և օսմաներենին։ Եղել է նվիրված ամուսինև հոգատար հայր, որի բոլոր 5 զավակները՝ 2 որդիներն ու 3 դուստրերը բարձրագույն կրթություն են ստացել։

ՀիշատակԽմբագրել

2010 թ. նո­յեմ­բե­րի 11-ին Բերդ քա­ղա­քում կա­յա­ցել է Սար­գիս Հով­սե­փյա­նի անու­նով փո­ղոց ան­վա­նա­կո­չե­լու և նրա հու­շար­ձա­նի բաց­ման հան­դի­սա­վոր արա­րո­ղու­թյու­նը։

Երևանի Սարյան փողոցում տեղադրվել է Սարգիս Հովսեփյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։

ԳրականությունԽմբագրել

  • Մեր ան­վա­նի մար­դիկ, «Շամշա­դին», 1967, դեկտեմբեր, թ. 1։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Դստեր՝ Մինիոն Հովսեփյանի գրած կենսագրականը, 2003։
  • Ստեփանյան Հ., Սարգիս Հովսեփյան – 115,«Առող­ջա­պա­հու­թյան լրա­տու», Երևան, 2003, թ.։
  • ՀԱԱ, ֆ.1191, ց. 1, գ. 955։
  • Մինասյան Հ., Վերագտած կյանքը՝ ընծա Մայր Հայրենիքին, «Ազա­տամ­տու­թյուն», Ե., 20-11-2008։
  • Մինասյան Հարություն, Պոլսահայ բժշկի վերագտած կյանքը՝ ընծա Մայր Հայրենիքին, «Էրե­բու­նի» ամսաթերթ, 2010, թ. 4։
  • Հայրապետյան Ֆ., Բժիշկ Հովսեփյանը …, «Ազգ», 13-07-2011։

ԱղբյուրներԽմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։