Տրապիզոնի վիլայեթ
Տրապիզոնի վիլայեթ, Տրապիզոնի նահանգ, Տրապիզոնի կուսակալություն, վարչական միավոր Օսմանյան կայսրությունում, պատմական Պոնտոսի և Խաղտիքի տարածքում, Սև ծովի հարավային ափին։ Կոչվել է կենտրոնի՝ Տրապիզոն քաղաքի անունով։ Մ․թ․ա․ II հազարամյակի վերջին և I-ի սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքում բնակվել են զանազան ցեղեր (կոլքեր, խալդայներ, տիբարեններ, լուվիացիներ, կիմերներ)։
Վիլայեթ | ||
---|---|---|
Տրապիզոնի վիլայեթ | ||
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն | |
Ներքին բաժանում | Տրապիզոնի գավառ, Գյումուշխանեի գավառ, Լազիստան և Ջանիկի գավառ | |
Հիմնադրված է | 1867 թ. | |
Մակերես | 31 300 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, Թուրքերեն, Հունարեն | |
Բնակչություն | 1 587 164 մարդ (1908) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր | |
Կրոնական կազմ | Մուսուլմաններ, Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | տրապիզնոցի | |
| ||
Պատմություն
խմբագրելՀին հունական գաղութացումից (մ․թ․ա․ VIII դ․) հետո հիմնվել են Տրապիզոն, Ամիսոս (Սամսոն), Կոտիորիա (Օրդու), Փառնակիա (Կերասունտ), Պոլեմոնիոն (Ֆաթսա), Տրիպոլիս (Թիրեբոլու), Ռիզոն (Ռիզե), Սուսուրմենե (Սյուրմենե), Պլատանա (Ակչեաբադ), Աթենաս (Աթինա), Ոփիոս (Օֆ), Արգիրոկասարոն (Գյումուշխանե) ծովափնյա քաղաքները։ Տեղաբնիկ ցեղերը հետագայում ձուլվել են հույներին։
Մ․թ․ա․ II դարի վերջին և մ․թ․ա․ I դարի սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքը մտել է Պոնտոսի թագավորության, մ․թ.ա․ 66 թվականից՝ Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմում։ 1204 թվականին այնտեղ ստեղծվել է Տրապիզոնի թագավորությունը (հետագայում կայսրություն)։ 1453 թվականից Տրապիզոնի կայսրությունը դարձել է թուրք սուլթանին հարկատու, իսկ 1461 թվականից մտցվել Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Ձևավորվել է Տրապիզոնի վիլայեթը, որը վարչական որոշ փոփոխություններով գոյատևել է մինչև 1920-ական թվականները։
Տարածք
խմբագրել19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքը կազմել է 31 300 կմ2։ Առավելագույն երկարությունը (արևմուտքից արևելք) 434 կմ էր, լայնությունը (հյուսիսից հարավ)՝ 74 կմ։
Աշխարհագրություն
խմբագրելԱրևմուտքում սահմանակից էր Կաստամունիի, հարավում՝ Սեբաստիայի և Էրզրումի վիլայեթներին, արևելքում՝ Ռուսական կայսրությանը։
Վիլայեթի տարածքի 3/5-ը լեռնային է։ Ամենամեծ լեռնաշղթան Արևելա-պոնտականն է (Տրապիզոնի վիլայեթի հարավային սահմանը), ամենաբարձր լեռնագագաթները՝ Կաճկաքարը (3937 մ) և Վերշնբակը (3711 մ) Պարխարի լեռներում։
Տրապիզոնի վիլայեթի տարածքը հարավից հյուսիս հատում և Սև ծովն են թափվում Հալիս (Կըզըլ-ըրմակ), Լյուկաստոս (Մերդ-ըրմակ), Իրիս (Եշիլ-ըրմակ), Թերմոդոն (Թերմե-չայ), Մելետ-սու, Պոլեմոնսու, Ակ-սու, Քարշուդ-չայ, Դեղիրմենդերե, Կարա-դերե, Օֆ (Կալոս Պոտամոս), Բյույուկ-դերե կամ Ֆուրթունա-սու գետերը։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է և խոնավ։
Բնություն
խմբագրելՎայրի կենդանիներից տարածված են արջը, վարազը, եղջերուն, այծյամը, նապաստակը, թռչուններից՝ արծիվը, սագը, բադը, կաքավը, կտցարը, լորը։
Օգտակար հանածոներ
խմբագրելՏրապիզոնի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Տրապիզոնը հայտնի է արծաթի, պղնձի, կապարի, մանգանի, երկաթի, քարածխի, Գյումուշխանեն՝ արծաթաբեր կապարի և պղնձի, Սամսոնը՝ արծաթաբեր կապարի և մանգանի հանքավայրերով, որոնք օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում սկսել են շահագործվել միայն XIX դարի վերջին — XX դարի սկզբին։ Հանքային ջրի աղբյուրներ կան Տրիպոլիսի և Կերասունտի գավառակներում։
Տնտեսություն
խմբագրելՏրապիզոնի վիլայեթի բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Մշակում էին հացահատիկ, կանեփ, վուշ, ծխախոտ, մրգեր, պտուղներ։ Հայտնի էին Տրիպոլիսի գինին, Սալքսոնի ծխախոտը և պողպատը։ Ծովափնյա դիրքը նպաստում էր նահանգում առևտրի զարգացմանը (Տրապիզոնի վիլայեթի տարածքով անցնում էին մի շարք առևտրական ճանապարհներ)։ Տրապիզոնի վիլայեթի նավահանգիստներն ապրանքներ էին բերվում Գերմանիայից, Ամերիկայից, Անգլիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, այլ երկրներից և Թուրքիայի զանազան շրջաններից։
Հայերը Տրապիզոնում
խմբագրելՀայերը Տրապիզոնի վիլայեթի տարածքում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հերոդոտոսի, Աքեմենյան տիրակալության 13-րդ՝ Արմինիա սատրապության հյուսիսարևմտյան սահմանը հասել է մինչև Եվքսինյան Պոնտոս (Սև ծով)։ Մ․թ․ա․ 3-2-րդ դարերում Փոքր Հայքի թագավորության ազդեցության սահմանները տարածվել են մինչև Փառնակիա և Տրապիզոն քաղաքների միջև ընկած ծովեզրյա շրջանների վրա։ Մ․թ․ 8-րդ դարի վերջին արաբ. բռնություններից խուսափելով, շուրջ 12 000 հայ՝ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ Հայաստանից անցել են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվել այնտեղ։ Հայերի թիվն ավելացել է նաև հետագա դարերում։ 1877-1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից և 1895-1896 թվականի հայկական կոտորածներից հետո հայերի մի մասը Տրապիզոնի վիլայեթից գաղթել է Կովկաս և բնակություն հաստատել Սոչիի, Գուդաութայի, Սուխումի, Բաթումի, Թիֆլիսի, Բաքվի, Կերչի, Եկատերինոդարի, Սիմֆերոպոլի և այլ շրջաններում։
Ըստ Վ․ Քինեի՝ 19-րդ դարի վերջին Տրապիզոնի վիլայեթում ապրում էր 47 200 հայ։ Հույները (193 000) բնակվում էին հիմնականում ծովափնյա քաղաքներում ու ամրոցներում, առևտրական այլ կենտրոններում։ Կային նաև վրացիներ, չերքեզներ և իսլամադավան այլ ժողովուրդներ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Տրապիզոնի վիլայեթում կար մոտ 65 000 հայ։ Նրանք բնակվում էին Տրապիզոնում (15 000), Սամսոնում (10 000) Օրդուում (5 000), Գյումուշխանեում և շրջակայքում (2 500), Ունիեում (2 000), Կերասունաում (1 500), Տրիպոլսում (800), Տրապիզոնի և Լազիստանի գյուղերում և այլուր։ Զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով՝ կարևոր դեր խաղալով Տրապիզոնի վիլայեթի տնտեսամշակույթային կյանքում։ Հայերն ունեին 47 կրթական հաստատություն։ Դպրոցներ կային նաև շատ եկեղեցիներին կից։
Տրապիզոնի վիլայեթի հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ 1930-ական թվականների տվյալներով՝ հայեր բնակվում էին Կերասունտում (350 մարդ), Գյումուշխանեում (330), Սամսոնում (200), Օրդուում (150), Տրապիզոնում (60) և այլուր։
Վարչական բաժանում
խմբագրել20-րդ դարի սկզբին ուներ չորս գավառ (սանջակ), 22 գավառակ (կազա) և 23 գյուղախումբ (նահիե)։
Տրապիզոնի գավառները հետևյալն էին.
- Գյումուշխանե
- Լազիստան
- Ջանիկ (Սամսոն)
- Տրապիզոն
Տրապիզոնի վիլայեթի տարածքը ներկայումս բաժան ված է Տրապիզոնի, Ռիզեի, Գյումուշխանեի, Կերասունտի, Օրդուի և Սամսոնի իլերի։
Գյումուշխանեի սանջակ
խմբագրելԳյումուշխանեի սանջակի կազաներն (գավառներ) էին.
- Արդասա (Թորուլ)
- Գյումուշխանե
- Կելկիթ (Գայլգետ)
- Շեյրան (Շարիան)
Լազիստանի սանջակ
խմբագրելԼազիստանի սանջակի կազաներն (գավառներ) էին.
Ջանիկի սանջակ
խմբագրելՋանիկի սանջակի կազաներն (գավառներ) էին.
Տրապիզոնի սանջակ
խմբագրելՏրապիզոնի սանջակի կազաներն (գավառներ) էին.
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Տաշյան Հ․, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչե Կարին, Վնտ․, 1921
- Ծոցիկյան Ս․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947
- Минцлов С․ Р․, Статистический очерк Трапезондского округа․ Ноябрь, 1916 г․
- Vital G․, La Turquie d’Asie, t․ 1, P․, 1891․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |