Ջունկո Տաբեյ
Ջունկո Տաբեյ (ճապ.՝ 田部井 淳子 Տաբեյ Ջունկո), աղջկական ազգանունը՝ Իշիբաշի, ճապոնացի լեռնագնաց, գրող և ուսուցիչ։ Ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 22-ին[3][4], մահացել՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին։ Տաբեյը առաջին կինն է, ով մագլցել է Էվերեստը, հաղթահարել աշխարհի Յոթ Բարձրունքները, և բարձրացել յուրաքանչյուր մայրցամաքի ամենաբարձր կետը[5][6][7]։
Ջունկո Տաբեյ 田部井 淳子 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1939[1] |
Ծննդավայր | Միհարու, Ճապոնական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2016[2][1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կավագոե, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Շովայի Կանանց Համալսարան, Քյուշուի համալսարան |
Մասնագիտություն | լեռնագնաց, գրող, ուսուցիչ |
Գործունեություն | հայտնի է որպես առաջին կինը, ով մագլցել է Էվերեստը (1975) և հաղթահարել աշխարհի Յոթ Բարձրունքները (1992) |
Ամուսին | Մասանոբու Տաբեյ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 2 |
Կայք | junko-tabei.jp |
Junko Tabei Վիքիպահեստում |
Տաբեյը յոթ գիրք է հեղինակել, շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում ծրագրեր է ձեռնարկել՝ լեռնագնացների Էվերեստի վրա թողած աղբը հավաքելու նպատակով, ու Ֆուջի լեռան ամենամյա արշավանքներ է առաջնորդել՝ 2011 թվականի երկրաշարժից տուժած երեխաների ու երիտասարդների համար։
(6897) Տաբեյ աստերոիդը իր անունը ստացել է Ջունկո Տաբեյի պատվին։ 2019 թվականին Պլուտոնի վրա գտնվող լեռնաշղթա նույնպես Ջունկո Տաբեյի պատվին անվանվել է անգլ.՝ «Tabei Montes»։
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանքը
խմբագրելՋունկո Իշիբաշին ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 22-ին Միհարույում՝ Ֆուկուշիմա նահանգում[3][4]։ Նա յոթ երեխաներից հինգերորդն էր[6]։ Հայրը հրատարակիչ էր։
Ջունկոն թույլ երեխա էր համարվում, բայց, չնայած դրան, մագլցել սկսել է տաս տարեկանից՝ դպրոցի կազմակերպած Նասու լեռնագագաթը բարձրանալու արշավին մասնակցելով[8][9]։ Նրան դուր եկավ սպորտի ոչ֊մրցակցային բնույթը ու գագաթից բացվող հոյակապ տեսարանները։ Չնայած Ջունկոն հետաքրքված էր մագլցմամբ ու ուզում էր շարունակել դրանով զբաղվել, ընտանիքը նման թանկ հոբբիի համար բավարար գումար չուներ, ու Իշիբաշին ավագ դպրոցի տարիներին մագցմամբ շատ չի զբաղվել[6]։
1958-ից 1962 թվականներին Իշիբաշին Շովայի Կանանց Համալսարանում անգլիական ու ամերիկյան գրականություն է ուսումնասիրել։ Այդ ժամանակ նրա նպատակը ուսուցիչ դառնալն էր։ Համալսարանն ավարտելուց հետո Ջունկոն վերադառնում է իր առաջին հետաքրությանը՝ մագլցմանը, ու միանում տղամարկանց մագլցման մի քանի ակումբների։ Որոշ տղամարդիկ ընդունում ու խրախուսում էին Ջունկոյին՝ որպես իրենց նման մագլցող աթլետի, շատերը՝ քննադատում ու հարցականի տակ էին դնում Ջունկոյի տղամարդկանց հատուկ սպորտաձևին միանալու իրական դրդապատճառներն ու նպատակները[8]։
Իշիբաշին շուտով հաղթահարում է Ճապոնիայի բոլոր խոշոր լեռները, ներառյալ Ֆուջին[6]։
27 տարեկանում, Իշիբաշին ամուսնանում է Մասանոբու Տաբեյին, ում հանդիպել էր Տանիգավա լեռան արշավանքի ընթացքում։ Նրանք երկու երեխա կունենան․ աղջիկ՝ Նորիկո, ու տղա՝ Շինյա[6]։
Կարիերա
խմբագրելՎաղ շրջանի արշավանքները
խմբագրելՏաբեյը իր մագլցումների համար գումար էր աշխատում «Journal of the Physical Society of Japan» ամսագրի համար խմբագիր աշխատելով[6]։
1969 թվականին Տաբեյը հիմնադրում է միայն կանանց համար նախատեսված Ջոշի֊Տոհան (ճապ.՝ 女子登攀)` Կանանց Լեռնագնացության ակումբը։ Ակումբի կարգախոսն էր «եկե՛ք մենք մեզանով գնանք արտերկրյա արշավանքների»[8]։ Ակումբը Ճապոնիայում իր տեսակի մեջ միակն էր։ Տաբեյը հետագայում ասել է, որ ակումբի հիմնադրման պատճառը ժամանակի տղամարդ մագլցողների վերաբերմունքն էր իր նկատմամբ։ Որոշ տղամարդիկ, օրինակ, հրաժարվում էին իր հետ մագլցել, որոշները մտածում էին, որ Տաբեյի մագլցմամբ հետաքրքրվում էր միայն ամուսին գտնելու համար[9]։
Ջոշի֊Տոհան ակումբը իր առաջին արշավանքը կատարել է 1970 թվականին․ Տաբեյը և մեկ այլ անդամ՝ Հիրոկո Հիրակավան, երկու շերպա ուղեկցողների հետ մագլցել են Նեպալական Աննապուռնա III լեռը։ Օգտագործելով լեռան հարավային կողմով անցնող նոր ճանապարհը[3] նրանք հաջողությամբ հասնում են գագաթին՝ արձանագրելով այդ լեռան կանաց, ինչպես նաև ճապոնացիների առաջին վերելքը[10]։ Տաբեյը և Հիրակավան իրենց հետ ֆոտոխցիկներ էին տարել, սակայն ցածր ջերմաստիաճանից ժապավենը ճեղքվել է[11]։
Աննապուռնա III-ի մագլցման փորձը ցույց է տալիս Տաբեյին, որ ինքն ու այլ ճապոնացի կանայք երբեմն ավանդական ճապոնական արժեքներն ու լեռնագնացության պրակտիկ պահանջները համադրելու խնդիր ունեն։ Ջոշի֊Տոհանի շատ անդամներ, օրինակ, վարանում էին ընդունել, երբ ինչ֊որ բան չգիտեին կամ օգնության կարիք ունեին՝ նախընտրելով ստոիկ լռություն պահել, բայց լեռնագնացությունը ստիպում է նրանց սեփական սահմնափակումները գիտակցել ու իրարից օգնություն ընդունել[6]։
1975 թվականի Էվերեստի արշավանքը
խմբագրելՋունկո Տաբեյի ու Հիրոկո Հիրակավայի Անապուռնա III֊ի հաջող արշավանքից հետո, 1970 թվականի մայիսի 19֊ին[11] Ջոշի֊Տոհան ակումբը նպատակ է դնում հաղթահարել Էվերեստը[12]։ Ստեղծվում է Ճապոնացի Կանանց Էվերեստի Արշավանքը (անգլ.՝ Japanese Women's Everest Expedition (JWEE)) թիմը՝ Էյկո Հիսանոյի առաջնորդությամբ։ Թիմը բաղկացած էր 15 անդամներից, որոնց մեծամասնությունը տարբեր մասնագիտություններ ու կենսակերպ ունեցող կանայք էին։ Երկուսը՝ ներառյալ Տաբեյին, երեխաներ ունեին։
1971 թվականին ակումբը Էվերեստը մագլցելու թույլտվության հայտ է ներկայացնում։ Մագլցման պաշտոնական ժամանակացուցակում տեղ ստանալուն թիմը կսպասի չորս տարի[4][6]։
Տաբեյը, չնայած հաճախ է լսում, որ «կանայք պետք է (մագլցելու փոխարեն) երեխաներ մեծացնելով զբաղվեն»[9], աշխատում է արշավանքին հովանավորներ գտնելու ուղղությամբ։ Նրան հաջողվում է վերջին պահին «Յոմիուրի Շիմբուն» թերթից և «Նիհոն Տերեբի» հեռուստաալիքից որոշ ֆինանսավորում ստանալ[6], սակայն այն բավարար չէր բոլոր ծախսերը փակելու համար. խմբի յուրաքանչյուր անդամ դեռ պետք է 1.5 միլիոն իեն (մոտավորապես 5000 դոլար) վճարեր[12]։ Տաբեյը անհրաժեշտ դրամական միջոցները հավաքելու համար դաշնամուր է դասավանդում[4] ու որոշում է սեփական սարքավորման ու հագուստի մեծ մասը ինքնուրույն ստեղծել՝ գումար խնայելու համար։ Այդպես, օրինակ․ Տաբեյը իր մեքենայի ծածկից անջրանցիկ ձեռնոցներ է կարում, իսկ հին վարագույրներից՝ շալվարներ[13]։
Երկար նախապատրաստումներից ու պարապմունքներից հետո[7], 1975 թվականի մայիսին JWEE խումբը սկսում է արշավանքը[14]։ Քանի որ Ջոշի֊Տոհանի ծրագիրը գրավել էր տարբեր լրատվամիջոցների ուշադրությունը, մագլցման սկզբին 15 կանանց՝ իրենց վեց շերպա գիդերին զուգահեռ, ուղեկցում էին նաև լրագրողներն ու տեսախցիկները[9][13]։ Լեռը բարձրանալու համար նրանք ընտրում են այն ճանապարհը, որը 1953 թվականին օգտագործել են Էդմունդ Հիլարին ու Տենզինգ Նորգայը[15]։
Մայիսի 4֊ին 6300 մետր բարձրության վրա թիմի խփած ճամբարը ընկնում է ձնահյուսի տակ։ Տաբեյը և չորս այլ մագլցողներ հայտնվում են ձյան տակ՝ թաղված։ Տաբեյը կորցնում է գիտակցությունը։ Շերպա ուղեկցորդների շները գտնում ու փորելով հանում են նրան[12]։ Բարեբախտաբար, այս պատահարը զոհեր չի գրանցում[3]։ Տաբեյը, սակայն այնքան վնասվածքներ ու կապտուկներ է ստանում, որ հազիվ է կարողանում քայլել։ Նա վերականգնման համար ստիպված է լինում երկու օր հանգստանալ։ Վերականգնվելուց անմիջապես հետո Տաբեյը վերսկսում է արշավանքն ու շարունակում է իր թիմին առաջնորդել դեպի լեռան գագաթ[6]։
Չնայած թիմի նախնական ծրագիրը Էվերեստի գագաթ երկու մարդ հասցնելն էր՝ մեկ շերպա գիդի ուղեկցությամբ, լեռնային հիվանդության բռնկումը նշանակում է, որ թիմի շերպերը ի վիճակի չեն լինի երկու մագլցողի համար բավարար քանակությամբ թթվածնի շշեր կրել։ Այդպիսով․ միայն մեկ կին կարող էր շարունակել։ Երկար քննարկումներից հետո Էյկո Հիսանոն առաջադրում է Տաբեյի թեկնածությունը՝ մագլցումը շարունակելու ու այն ավարտին հասցնելու համար[12]։
Գագաթին մոտ Տաբեյը կատաղությամբ բացահայտում է, որ իրեն գագաթից բարակ, վտանգավոր սառույցի շերտ է բաժանում, որի մասին Էվերեստի նախորդ արշավանքների նկարագրություններում որևէ հիշատակում չկար։ Տաբեյը սառույցի շերտն անցնում է կողքի վրա սողալով ու հետագայում նկարագրում է միջադեպը որպես իր կյանքի ամենալարված պահը[7]։
Ձնահյուսից 12 օր անց՝ 1975 թվականի մայիսի 16֊ին, իր շերպա գիդ Անգ Ցերինգի ուղեկցությամբ, Ջունկո Տաբեյը դառնում է Էվերեստի գագաթը հասած առաջին կինը[7][15]։ Այս նվաճումը նրան դնում է աշխարհի ուշադրության կենտրոնում։
Կատմանդուում Տաբեյի պատվին շքերթ է անց կացվում։ Տաբեյը ուղերձներ է ստանում Բիրենդրայից՝ Նեպալի թաագավորից, ու Ճապոնիայի կառավարությունից։ Ճապոնիա վերադառնալիս՝ Տոկիոյի օդանավակայանում, Տաբեյին հազարավոր աջակիցներ են դիմավորում[4]։ Արշավանքի մասին կարճ հեռուստասերիալ է նկարահանվում։ Տաբեյն անձամբ միջոցառումների է մասնակցում ամբողջ Ճապոնիայիում։
Տաբեյին, սակայն, դուր չի գալիս հայտնիության նման մակարդակն ու տեսակը[6]։ Նա հետագայում ասել է, որ կնախընտրեր հայտնի լինել որպես Էվերեստը մագլցած 36-րդ մարդը․ «ես նպատակ չունեի Էվերեստի գագաթին հասած առաջին կինը լինել»[16]։
Ուշ շրջանի գործունեությունը
խմբագրելՏաբեյը շարունակում է մագլցել, ի վերջո բարձրանալով յուրաքանչյուր մայրցամաքի ամենաբարձր կետը․ Կիլիմանջարո (1980), Ակոնկագուա (1987), Դենալի (1988), Էլբրուս (1989), Վինսոն (1991) և Պունջակ Ջայա (1992)[3]։ Պունջակ Ջայայի բարեհաջող մագլցումից հետո Ջունկո Տաբեյը դառնում է աշխարհի Յոթ Բարձրունքները հաղթահարած առաջին կինը[4][6]։
Մինչև 2005 թվականը Տաբեյը մասնակցում է 44 լեռնագնացային արշավանքների ամբողջ աշխարհում՝ միայն կանանցից բաղկացած թիմերով։ Նրա անձնական նպատակը աշխարհի յուրաքանչյուր երկրի ամենաբարձր կետը մագլցելն էր։ Իր կյանքի ընթացքում Տաբեյը կարողանում է այդ լեռներից 70֊ը նվաճել[3]։
Էվերեստը մագլցելուց հետո Ջունկո Տաբեյը երբեք կորպորատիվ հովանավորություն չի ընդունում, նախընտրելով ֆինանսապես անկախ մնալ։ Նա իր արշավանքների համար գումար է աշխատում վճարովի հանրային ելույթներով, լեռնամագլցային արշավանքներ առաջնորդելով ու երեխաներին անգլերենի ու երաժշտության անհատական դասեր տալով։ Տաբեյի ընկերներն ու աջակիցները երբեմն նրան ուտելիք ու սարքավորումներ են նվիրաբերում[17]։
Մագլցման զուգահեռ Տաբեյը աշխատանք է տարել բնապահպանության ոլորտում։ 2000 թվականին նա ավարտում է Քյուշուի համալսարանի ասպիրատուրան՝ մագլցման խմբերի թողած աղբի հետևանքով Էվերեստի շրջակա միջավայրի քայքայման մասին ուսումնասիրությամբ։ Տաբեյը նաև Ճապոնիայի Հիմալայան Արկածների կենտրոնի՝ միջազգային մակարդակով լեռնային միջավայրերի պահպանությամբ զբաղվող կազմակերպության տնօրենն էր[7]։ Կենտրոնի ծրագրերից մեկը մագլցողների թողած աղբի հրկիզման համար արդյունաբերական վառարան կառուցելն էր։ Տաբեյը նաև իր ամուսնու ու երեխաների հետ մասնակցել է «աղբահավաք» լեռնային արշավների՝ Հիմալայներում ու Ճապոնիայում[4][6]։
2003 թվականի մայիսին Կատմանդուում Էվերեստը բարձրանալու առաջին հաջող փորձի 50֊րդ տարելիցի տոնակատարություններ են անց կացվել։ Նեպալի ժողովուրդը հավաքվել էր՝ Էվերեստը մագլցած մարդկանց տեսնելու ու նրանց հաջողությունները տոնելու։ Ջունկո Տաբեյը և Էդմունդ Հիլարին հատուկ տեղ ունեին շքերթում՝ իրենց համապատասխան ձեռքբերումների պատվին[18]։
1996-ից 2008 թվականներին Տաբեյը յոթ գիրք է գրում ու հրատարակում։ 2011 թվականի երկրաշարժից հետո Տաբեյը արհավիրքրց տուժած դպրոցականների համար ամենամյա արշավանք է կազմակերպում դեպի Ֆուջի լեռ[10]։
Մահը և Ժառանգությունը
խմբագրել2012 թվականին Տաբեյը ստանում է ստամոքսի քաղցկեղի ախտորոշում, բայց շարունակում է իր լեռնագցային գործունեությունը։ 2016 թվականին, չնայած հիվանդության առաջխաղացմանը, Տաբեյը երիտասարդների խումբ է առաջնորդում Ֆուջի լեռ[8]։
Տաբեյը մահանում է 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Կավագոեում[9]։
(6897) Տաբեյ աստերոիդը իր անունը ստանում է Ջունկո Տաբեյի պատվին[13]։
2019 թվականի սեպտեմբերի 22ին, Գուգլը նշել է Տաբեյի 80-րդ տարեդարձի օրը դուդլով։ Դուդլին ուղեկցող շարադրությունը Տաբեյի մոտիվացիոն կարգախոսն է մեջ բերել․ «Չհանձնվե՛ս։ Շարունակի՛ր դեպի նպատակդ»[16][19]։
2019 թվականի նոյեմբերի 19ին Պլուտոնի վրա գտնվող լեռնաշղթա անվանվել է անգլ.՝ «Tabei Montes». ի պատիվ Տաբեյի լեռնագնացության ոլորտում արձանագրած հաջողությունների[20]։ Պլուտոնի վրա լեռների անունները ավանդաբար հիշատակում են «երկրագնդի, ծովերի ու երկնքի հետախուզություններում նոր հորիզոններ կտրած պատմական առաջիններին»[21]։
Պատկերասրահ
խմբագրելԼեռները
խմբագրելԻսմիաիլ Սամանի արշավանքը
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Junko Tabei, 1st Woman to Climb Everest, Dies at 77 — The New York Times.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բոեր, Պատրիսիա. «Ջունկո Տաբեյ – Ճապոնացի լեռնագնաց». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020, ապրիլի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Նելսոն, Քելլի (2001). Քրիստենսեն, Քերեն; Գուտտմանն, Ալեն; Ֆայստեր, Գերտրուդ (eds.). Կանանց ու Սպորտի միջազգային հանրագիտարան. Vol. 3. Նյու Յորք: Macmillan Reference USA. էջ 1153. ISBN 0-02-864954-0. OCLC 44764102.
- ↑ «Յոթ Բարձրունքներ». American Alpine Journal. 69 (37). 1995.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Հորն, Ռոբերտ (2013, հոկտեմբերի 7). «Նրա համար անհասանելի լեռներ չկան․ Ջունկո Տաբեյը ջախջախում է ճապոնական պատկերացումները կանանց մասին՝ էքսպերտ մագլցող դառնալու համար». Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2020, ապրիլի 2-ին. Վերցված է 2020, ապրիլի 2-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Օտակե, Տոմոկո (2012, մայիսի 27). «Ջունկո Տաբեյ․ Առաջին կինը աշխարհի գագաթին». The Japan Times. Արխիվացված օրիգինալից 2012, մայիսի 29-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Դագլաս, Էդ (2016, նոյեմբերի 10). «Ջունկո Տաբեյի մահախոսականը». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020, ապրիլի 2-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Շապել, Բիլլ (2016, հոկտեմբերի 22). «Ճապոնացի լեռնագնաց Ջունկո Տաբեյը, Էվերեստ բարձրացած առաջին կինը, մահացել է 77 տարեկանում». NPR. Վերցված է 2016, հոկտեմբերի 23-ին.
- ↑ 10,0 10,1 Ֆրանց, Դերեկ (2016, նոյեմբերի 17). «Ջունկո Տաբեյը՝ Էվերեստը բարձրացած առաջին կինը, մահանում է 77 տարեկանում». Ալպինիստ. Արխիվացված օրիգինալից 2019, մայիսի 28-ին. Վերցված է 2020, ապրիլի 12-ին.
- ↑ 11,0 11,1 Միյաձակի, Էյկո (1970). Մեհտա, Սոլի Ս․ (ed.). «Ճապոնացի Կանանց Ամապուռնա III֊ի Արշավանքը, 1970». Հիմալայան Ամսագիր. 30.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Ֆրենեթ, Բրեդ (2017, հոկտեմբերի 20). «Վերջին հարցազրույցը Էվերեստը մագլցած առաջին կնոջ հետ». Outside. Վերցված է մայիսի 8-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Պադոան, Ամանդա (2016, նոյեմբերի 2). «Էվերեստը հաղթահարած առաջին կնոջ ոգեշնչող պատմությունը». Outside Online (անգլերեն). Վերցված է 2020, ապրիլի 14-ին.
- ↑ Ռոբերթս, Սեմ (2016, հոկտեմբերի 26). «Ջունկո Տաբեյ՝ Էվերեստը նվաճած առաջին կինը, մահանում է 77 տարեկանում». Նյու Յորք Թայմս (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020, ապրիլի 20-ին.
- ↑ 15,0 15,1 Կումարի, Սունայանա (2013, սեպտեմբերի 25). «1975 թվականն է։ Ոչ մի կին դեռ Էվերեստ չի բարձրացել․․․». Condé Nast Traveller India (անգլերեն). Վերցված է 2016, հոկտեմբերի 23-ին.
- ↑ 16,0 16,1 Բայնզ, Քրիս (2019, սեպտեմբերի 22). «Ջունկո Տաբեյ․ Գուգլ Դուդլը տոնում է Էվերեստը բարձրացած առաջին կնոջ հիշատակը». Independent UK. Վերցված է 2019, սեպտեմբերի 22-ին.
- ↑ Կուրտենբախ, Իլեյն (1991, մարտի 31). «Ճապոնացի կինը լեռներ է մագլցում՝ արհամարհելով հասարակության կարծրատիպերը». Լոս Անջելես Թայմս (անգլերեն). Վերցված է 2016, օգոստոսի 30-ին.
- ↑ «Նեպալը նվաճողների առջև խալի է փռում». Հինդուստան Թայմս (անգլերեն). 2003, մայիսի 28. Վերցված է 2020, ապրիլի 20-ին.
- ↑ «Ջունկո Տաբեյի 80-րդ Տարեդարձը». Google. 2019, սեպտեմբերի 22. Վերցված է 2019, սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Պլուտոնի Հատկանիշների Անունները՝ ըստ Միջազգային Աստրոնոմիկայի Միության». Միջազգային Աստրոնոմիկայի Միության Մոլորակային Անվանակարգերի Թերթ. Վերցված է 2020, հունվարի 20-ին.
- ↑ «Մոլորակների ու Արբանյակների Հատկանիշների Անվանումների Կատեգորիաներ (Թեմաներ)». Միջազգային Աստրոնոմիկայի Միության Մոլորակային Անվանակարգերի Թերթ. Վերցված է 2020, հունվարի 20-ին.