Ջուլիո Արիստիդ Սարտորիո

Ջուլիո Արիստիդ Սարտորիո (իտալ.՝ Giulio Aristide Sartorio, փետրվարի 11, 1860(1860-02-11)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4] - հոկտեմբերի 3, 1932(1932-10-03)[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, գեղարվեստական քննադատ, էսսեների հեղինակ, լուսանկարիչ և կինոռեժիսոր։ Մոտ է եղել նովեչենտոյի և սիմվոլիստ նկարիչների հետ, աջակցել է Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության գաղափարներին։

Ջուլիո Արիստիդ Սարտորիո
Ծնվել էփետրվարի 11, 1860(1860-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4]
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1932(1932-10-03)[2][3][5][…] (72 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, քանդակագործ, նկարիչ, մեդալագործ և սցենարիստ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Giulio Aristide Sartorio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տոհմական նկարիչ է։ Գեղանկարչությամբ և քանդակագործությամբ զբաղվել են նրա հայր Ռաֆայելը և պապը՝ Ջիրոլամոն։ Ջուլիո Արիստիդը նկարել և գեղանկարչություն սովորել է ինքնուրույն՝ կրկնօրինակել է որմնանկարներ, խճանկարներ, կտավներ, նկարել հռոմեական թանգարանների արձաններ։ Այնուհետև սկսել է աշխատել այլ նկարիչների համար, որոնք վերցրել են նրա ստեղծագործությունները և վրան դրել իրենց ստորագրությունը։ Հաջողությամբ կրկնօրինակել է Մարիանո Ֆորտունոյին։ Այդ գործունեությունը այնքան հաջողված է եղել, որ Սարտորիոն 19 տարեկանում արդեն իր արվեստանոցն ուներ Հռոմում՝ Վիա Բորգոնյոնում։

Դեռևս երիտասարդ տարիքում Սարտորիոն ընկերացել է բանաստեղծ և դրամատուրգ Գաբրիելե Դ'Աննունցիոյի հետ, որը հարում էր ֆաշիստական կուսակցությանը։ Սարտորիոյի ընկերախմբում էր բանաստեղծ Ջոզուե Կարդուչչին (1906 թվականին Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր)։ 1886 թվականին Ջուլիո Սարտորիոն պատկերազարդել է Դ'Աննունցիոյի «Իզոտտա Գուտտադաուրո» (Isotta Guttadauro) վեպը, որտեղ ի հայտ է եկել նրա հակվածությունը դեպի անգլիական պրեռաֆայելիտների՝ Ուիլյամ Հոլման Հանտի, Ջոն Էվերեթ Միլլեի և Ֆորդ Մեդոքս Բրաունի պոետիկան։ 1889 թվականին նա մեկնել է Փարիզ և նույն տարում ստացել Համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ գեղանկարչության համար։

Նրա ճաշակը ձևավորվել է դեկորատիվ արվեստում «լիբերթի ոճի» (իտալական մոդեռն) որոնումների ազդեցությամբ։ Նա ստեղծել է բնանկարներ, ժամանակի շնչով զբաղվել վիմագրությամբ և լուսանկարչությամբ։ 1886 թվականին Հռոմում Ջուլիո Սարտորիոն և Նինո (Ջովաննի) Կոստան կազմակերպել են «In arte libertas» (Արվեստի ազատության մեջ) խումբը, որը նպատակ ուներ հակազդել ակադեմիական արվեստի միապաղաղությանը և գնալ դեպի բնության ավելի ազատ պատկերմանը։

1895-1899 թվականներին Սարտորիոն ապրել և աշխատել է Գերմանիայում, եղել է Վայմարի ակադեմիայի գեղանկարչության պրոֆեսոր։ Ծանոթացել է Ֆրիդրիխ Նիցշեի ստեղծագործություններին և գերմանացի սիմվոլիստների գեղանկարներին։ Ավելի ուշ դասավանդել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում։

1906 թվականին Միլանում «Արվեստ և մշակույթ» միջազգային ցուցահանդեսի կենտրոնական սրահի համար Սարտորիոն ստեղծել է մեծ ֆրիզ, որը պատկերում էր «Մարդկային կյանքի պոեմը»։ Այն կազմված էր գրեթե միագույն կերպարներով տասնչորս տեսարաններից՝ ստեղծված 240 քառակուսի մետրում, ընդամենը ինը ամսում։ Նկարչի ստեղծած բարդ պատկերագրությունը բաժանվում է չորս հիմնական թեմաների՝ Լույս, Մութ, Սեր, Մահ։ Գոյության սկզբի դրամատիկ հակամարտությունը խորհրդանշվում է Էրոսի և Հիմերոսի կերպարներով՝ բեղմնավոր ու կործանարար սիրով։ Բազմաթիվ ստեղծագործություններում Սարտորիոն ձգտել է համատեղել Հռոմի անտիկ ժառանգության հանդեպ հետաքրքրությունը և անտիկ արվեստով տարվածությունը 19-20-րդ դարերում արվեստում սիմվոլիզմի ու մոդեռնի նոր ազդեցությունների հետ։

1908-1912 թվականներին Պալացցո Մոնտեչիտորիոյում պատգամավորների պալատի նոր սրահի համար Ջուլիո Արիստիդ Սարտորիոն ստեղծել է ֆրիզ, որը բաղկացած էր 50 նկարներից և տեղակայված էի սրահի վերին մասում, պատկերում էին ավելի քան 260 կերպաներ և ստեղծված էին մոմանկարչության տեխնիկայով։ Սարտորիոյի մտահղացած ֆրիզի կոմպոզիցիան ներկայացնում է «Իտալիայի պատմության էպիկական տեսլականը, նրա աշխարհիկ քաղաքակրթության քնարական բովանդակությունը, անվրդով Երիտասարդ Իտալիային հաղթական քառաձի մարտակառքի վրա, նրա պատմության կենտրոնացված տեսլականը» (հենց նկարչի տված մեկնաբանությունը «La Tribuna» թերթի հոդվածի համար, 1913 թվական, սեպտեմբերի 22)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aristide Sartorio (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119536331 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Masters C. Sartorio, Giulio Aristide // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T076079
  6. Borzì B. I Dioscuri di Montecitorio: Ernesto Basile e Giulio Aristide Sartorio: un dialogo fra architettura e pittura. Napoli: Edizioni Scientifiche Italiane, 2016. — URL: https://www.worldcat.org/title/dioscuri-di-montecitorio-ernesto-basile-e-giulio-aristide-sartorio-un-dialogo-fra-architettura-e-pittura/oclc/989920424 Արխիվացված 2020-06-02 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Արիստիդ Սարտորիո» հոդվածին։