Ջեֆրի Դամեր
Ջեֆրի Լայոնել Դամեր (անգլ.՝ Jeffrey Lionel Dahmer, մայիսի 21, 1960[3][2], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 28, 1994[1][2], Columbia Correctional Institution, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), ամերիացի սերիական մարդասպան, ում զոհն են դարձել 17 պատանի և տղամարդ, 1978-1991 թվականների միջակայքում։ Բոլոր հանցագործությունները, բացառությամբ մեկի, տեղի են ունեցել Միլուոքիում 1987-1991 թվականներին։ Զոհերի դիակները նա բռնության է ենթարկել և օգտագործել որպես սնունդ։ Դատարանը Դամերին մեղսունակ է ճանաչել և դատապարտել 15 ցմահ ազատազրկման։ 1994 թվականին Դամերը սպանվել է բանտակից Քրիստոֆեր Սկարվերի կողմից։
Ջեֆրի Դամեր | |
---|---|
սերիական մարդասպան, զինվորական, բանվոր | |
Մականուն | Միլուոքյան հրեշ, Միլուոքյան հաննիբալ |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1960թ. |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1994թ. (34 տարեկան) |
Մահվան վայր | Փորթիջ, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Սպանություն (գլխուղեղի ծանր վնասվածք) |
Պատիժ | Ցմահ բանտարկում |
Հայր | Լայոնել Դամեր |
Մայր | Ջոյս Դամեր |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 17 |
Սպանության շրջան | 1978—1991 |
Սպանության հիմնական տարածք | Միլուոքի, Վիսկոնսին |
Սպանության եղանակ | խեղդամահ |
Դրդապատճառ | սեռական |
Ձերբակալության ամսաթիվ | հուլիսի 22, 1991թ. |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելՋեֆրի Դամերը ծնվել է 1960թ. մայիսի 21-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում, Լայոնել և Ջոյս Դամերների ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնացել են 1959թ., Ջեֆրիի ծննդյան ժամանակ հայրը ավարտում էր համալսարանական կրթությունը։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Այովա, որտեղ Լայոնելը 1966թ. պաշտպանեց դիսերտացիան Այովայի համալսարանում` քիմիա առարկայից` ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում։ Նույն ժամանակ ծնվեց նրանց երկրորդ որդին` Դեյվիդը, իսկ Լայոնելը աշխատանքի ընդունվեց Ակրոնում (Օհայո), որի քաղաքամերձ շրջանում էլ բնակություն հաստատեցին Դամերները[5][6]։
Վեց տարեկան հասակում Ջեֆրին երկկողմանի աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել. վիրահատությունից հետո նա ավելի պարփակված և խոցելի է դարձել[6]։ Լայոնել Դամերը ավելի ուշ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ ութ տարեկան հասկանում Ջեֆրին սեռական բռնության է ենթարկվել հարևանի կողմից, բայց ինքը` Ջեֆրին ժխտում էր դա[7][8]։ Մանկության տարիներին Ջեֆրին ընտանիքի հետ մի քանի անգամ տեղափոխվել է, ինչի պատճառով մշտական ընկերներ չի ունեցել։ Ծնողների միջև հաճախ վեճեր էին լինում, Ջոյսը անգամ ստիպված է եղել բուժում ստանալ հոգեբուժական հաստատությունում։ Երբ Դամերը սովորում էր ավագ դասարանում, նրա ծնողները բաժանվեցին[9]։ 13 տարեկանից Դամերը սկսեց գիտակցել իր համասեռականությունը, շուտով նա ունեցավ առաջին համասեռական փաղաքշանքը իր ընկերոջ հետ[7][10]։ Դպրոցում Դամերը մարդամոտ չէր, հաճախ տրվում էր հարբեցողությանը և դառնում ծաղրի առարկա, չնայած նա կարողանում էր թենիս խաղալ, հոդվածներ էր գրում դպրոցի ամսագրի համար և նվագախմբում կլարնետ էր նվագում[9]։
Դպրոցում սովորելու ընթացքում Դամերը սկսեց հակում ունենալ դեպի մեռած կենդանիները։ Նա հավաքում էր դիակներ կամ մարմնի մասեր և պահում էր տանը` մրջնալդեհիդի շշերի մեջ, որոնք վերցնում էր հորից, իսկ տանը ետնաբակը կենդանիների գերեզմանոցի էր վերածել[5][8]։ Միևնույն ժամանակ նա հաճախ պատկերացնում էր իրեն նույնասեռ սեռական հարաբերությունների, նեկրոֆիլիայի և դիակների մասնատման տեսարաններում[11]։
Առաջին սպանություն և ծառայություն բանակում
խմբագրելԴամերն առաջին սպանությունը կատարել է տասնութ տարեկանում` ծնողների ամուսնալուծությունից և դպրոցն ավարտելուց մի քանի շաբաթ հետո, 1978թ. հունիսի 18-ին։ Ջոյսը Դեյվիդի հետ մի քանի օրով մեկնել էր քաղաքից, իսկ մայրը մնում էր մոթելում։ Դամերը Սթիվեն Հիքս անունով մի հիթչհայքերի է ճանապարհին հանդիպում և հրավիրում իր տուն։ Նրանք գարեջուր են խմում, մարիխուանա ծխում և սեռական հարաբերություն ունենում[8][12] (այլ հեղինակներ վերջինս բացառում են[13]): Երբ Հիքսը, 9 ժամ մնալուց հետո, ցանկանում էր հեռանալ, Դամերը հարվածում է նրա գլխին ծանր գործիքով, ապա խեղդամահ անում։ Հետո նա մասնատում է դիակը, մարմնի մասերը տեղավորում պոլիէթիլենային տոպրակների մեջ և թաղում դրանք տան նկուղում[8]։
Նույն 1978 թվականին Լայոնելը երկրորդ անգամ ամուսնանում է Շարի անունով կնոջ հետ։ Ջեֆրին ընդունվում է Օհայո նահանգի համալսարան, բայց հենց առաջին կիսամյակից հեռացվում` հարբեցողության և ցածր առաջադիմության պատճառով[13]։ 1979թ. գարնանը Ջեֆրի Դամերը երեք տարվա պայմանագիր է կնքում` անցնելով զինվորական ծառայության։ Նա Սան-Անտոնիոյում բուժեղբոր մեկուկեսամսյա կուրսեր անցնելուց հետո գործուղվում է Գերմանիայի Բաումհոլդեր քաղաքի ամերիկյան բազա։ 1981թ. նա ժամանակից շուտ հեռացվում է աշխատանքից` հարբեցողության պատճառով[8]։
Որոշ ժամանակ Դամերը ապրում է Մայամիում, հետո վերադառնում Օհայո։ Այնտեղ նա գտնում է Հիքսի մասնատված մարմինը, կվալտով ջարդում է ոսկորները և նետում կիրճ։ Հոր պնդմամբ Դամերը տեղափոխվում է ապրելու Վիսկոնսին` տատի մոտ։ Հաջորդող տարիներին նա երկու անգամ ձերբակալվել է ոչ պատշաճ վարքի համար (երկրորդ անգամ` երկու երեխաների ներկայությամբ ձեռնաշարժությամբ զբաղվելու համար) և փոխել է մի քանի աշխատատեղ[13][14]։ 1985թ. նա մշտական աշխատանքի է անցնում շոկոլադի գործարանում[8]։
Սերիական սպանություններ
խմբագրել1987թ. սեպտեմբերի 15-ին Դամերը «Ամբասսադոր» հյուրանոցի համարներից մեկում սպանում է իր երկրորդ զոհին` 25-ամյա Սթիվեն Թուոմիին։ Դամերը չէր հիշում, թե ինչպես է կատարվել սպանությունը։ Նա ծանոթացել էր Թուոմիի հետ գեյ-բարում. նրանք միասին ալկոհոլ էին օգտագործել, ապա հյուրանոցում համար վարձել։ Առավոտյան Դամերը իր կողքին` մահճակալի վրա, հայտնաբերել էր Թուոմիի դիակը։ Նա դիակը տեղավորել էր ճամպրուկի մեջ և տաքսիով տեղափոխել տատի տուն, որտեղ սեռական բնույթի մանիպուլյացիաներ կատարելուց հետո այն տեղափոխել նկուղ։ Մեկ շաբաթ անց Դամերը մասնատել է դիակը և մարմնի մասերը նետել աղբանոց[14][15]։
Դամերը զոհերի ընտրման հատուկ մարտավարություն ուներ։ Նա նրանց հետ ծանոթանում էր բարում (սովորաբար միլուոքյան «219»-ում) և առաջարկում մերկ բնորդ դառնալ։ Երբ զոհերը գալիս էին նրա տուն, Դամերը նրանց թմրանյութ էր ներարկում, սեռական հարաբերություն ունենում, ապա խեղդամահ անում։ Ժամանակի ընթացքում Դամերի մոտ նեկրոսադիստական և նեկրոֆիլիական հակումներ առաջացան. նա սեռական հարաբերություն էր ունենում այլանդակված դիակների հետ և մարմնի մասերը ֆետիշների էր վերածում։ Որպես կանոն, նրա զոհը դառնում էին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Դամերը ցանկանում էր, որ իր սիրեցյալները իրեն ենթարկվեն զոմբու պես։ Այս նպատակով Դամերը նրանց վրա փորձարկումներ էր անում. կատարում էր հասարակ լոբոտոմիա (վիրաբուժական մեթոդով գլխուղեղի մասնահատվածի հեռացում որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում)` էլեկտրական դռել-պտուտակահանի և ծծմբական թթվի օգնությամբ նրանց գլխուղեղի վրա անցք բացելով[16][17]։
1988թ. առաջին ամիսներին տատի տանը Դամերը ևս երկու հոգու է սպանում։ 1988թ. սեպտեմբերի 25-ին Դամերը տեղափոխվում է Միլուոքիի Հյուսիսային 24-րդ փողոցի բնակարան։ Հաջորդ օրը նա իր մոտ է բերում տասներեքամյա լաոսցի մի պատանու` Անուկոն Սինտասոմֆոն անունով, լուսանկարում է նրան, փաղաքշանքներից հետո քնաբերով ալկոհոլ է խմեցնում։ Չնայած մեծ դոզային` Սինտասոմֆոնը կարողանում է փախչել և տեղի ունեցածի մասին պատմել ծնողներին։ Առավոտյան Դամերին մեղադրանք է առաջադրվում` սեռական ոտնձգություն կատարելու համար։ Մինչ դատը նա ազատ արձակվեց գրավի դիմաց[18]։ Ոստիկանությունը ստուգում է արխիվները և պարզում, որ Դամերը երկու անգամ պատասխանատվության է ենթարկվել` ոչ պատշաճ վարքի համար։ Դամերին հետազոտում են երեք հոգեբույժներ, որոնք գալիս են այն եզրակացության, որ նա տառապում է հարբեցողությամբ և չունի բավարար մոտիվացիա դա հաղթահարելու համար։ Դատի ժամանակ Դամերը խոստովանում է, որ լուսանկարներ է արել, բայց ժխտում է որևէ սեռական ոտնձգության կատարումը կամ քնաբերի օգտագործումը, ինչպես նաև հայտարարում է, որ պատանին իր տարիքից ավելի մեծ էր երևում։ Դատախազ Գեյլ Շելթոնը պահանջում է հինգ տարվա ազատազրկում, բայց դատարանը վճռում է նրան աշխատանքային գաղութ ուղարկել (Դամերը կարող էր աշխատանքի գնալ, բայց գիշերները պետք է բանտախցում անցկացներ) և հինգ տարի ոստիկանության հսկողության տակ պահել։ Տաս ամիս անց նա ազատ է արձակվում[19]։ 1989թ. փետրվարին, գտնվելով հետաքննության մեջ, Դամերը սպանում է սևամորթ համասեռամոլ Էնթոնի Սիրսին։
1990թ. մայիսի 14-ին Դամերը տեղափոխվում է Հյուսիսային 24-րդ փողոցի 924 շենքի 213 համարի բնակարանում[20]։ Մինչև տարվա վերջ նա սպանում է չորս հոգու, իսկ 1991թ. առաջին ամիսներին` ևս երեքին։
1991թ. մայիսի 27-ին լաոսցի տասնչորսամյա Կոներակ Սինտասոմֆոնը (Անուկոն Սինտասոմֆոնի եղբայրը), ում նախօրեին Դամերը բերել էր իր տուն, կարողանում է փախչել տնից։ Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մերկ և արնաշաղախ տղային հայտնաբերում են երկու սևամորթ կին և դիմում ոստիկանություն[21][22]։ Երբ ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, Դամերը հավաստիացնում է նրանց, որ երկու սիրեցյալների միջև սովորական վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկանության միջամտության կարիք չկա։ Ոստիկանները հեռանում են[22]։ Ընթացքում նրանք նաև տհաճ հոտ են նկատում, որը, հետագայում պարզվում է, մայիսի 24-ին սպանված Թոնի Հյուզի դիակից էր[23]։ Նույն օրը Սինտասոմֆոնը սպանվում և մասնատվում է։ Դամերի ձերբակալությունից հետո ոստիկաններ Ջոն Բալսերզակը և Ժոզեֆ Գեբրիշը, ովքեր նախօրեին բաց էին թողել Դամերին, ազատվում են աշխատանքից, բայց, ավելի ուշ, նորից վերականգնվում[24]։ 2005թ. Բալսերզակը ընտրվում է Միլուոքյան ոստիկանական ասոցացիայի նախագահ[25]։
Վերջին սպանությունները Դամերը կատարել է շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ` հունիսի 30, հուլիսի 5, 15 և 19։ Նրա վերջին` տասնհինգերորդ զոհը դառնում է քսանհինգամյա Ժոզեֆ Բրեյդհոֆթը։ Հուլիսի 15-ին Դամերը հեռացվում է շոկոլադի գործարանից` հաճախակի բացակայությունների պատճառով։
Ձերբակալություն և դատավարություն
խմբագրել1991թ. հուլիսի 22-ին Դամերը իր մոտ է հրավիրում Թրեյսի Էդվարդսին։ Երբ Դամերը փորձում է ձեռնաշղթաներ հագցնել նրան, Էդվարդսին հաջողվում է ձեռնաշղթաներով դուրս վազել։ Նա երկու ոստիկանների ուշադրությունն է գրավում, որոնք որոշում են մտնել Դամերի բնակարան[26]։ Բնակարանում ոստիկանները մարմնի մասնատված մասերի լուսանկարներ և մարդու մարմնի մասեր են հայտնաբերում։ Սառնարանում հայտնաբերում են երեք գլուխ, սիրտ և այլ ներքին օրգաններ։ Սանհանգույցում Դամերը պահում էր մի կաթսա` լի ձեռքի մատներով և առնանդամով, երկու գանգ, սպիրտով, քլորոֆորմով և ֆորմալինով տարաներ, տղամարդու սեռական օրգաններով բանկաներ։ Գանգեր և ձեռքի մատներ հայտնաբերվեցին նաև բուֆետում, արկղերում և դարակներում։ Պահարանում ոստիկանները գտան կմախք, գլխամաշկ և սեռական օրգաններ։ Ծծմբական թթվով լի 260 լիտրանոց տարայում Դամերը պահում էր երեք մարդկային իրան[27][28]։
Ընդհանուր առմամբ Դամերը խոստովանում է 17 սպանություն, ներառյալ Հիքսի սպանությունը 1978թ.: 1991թ. հուլիսի 25-ին Դամերի դեմ մեղադրանք առաջադրվեց չորս կանխամտածված սպանության համար և սահմանվեց մեկ միլիոն դոլար գրավ։ Օգոստոսի 6-ին մեղադրանք առաջադրվեց ևս ութ սպանություններում, իսկ գրավը բարձրացվեց հինգ միլիոն դոլարի։ Վերջապես, օգոստոսի 22-ին մեղադրանքների թիվը հասավ տասնհինգի[26]։ Մյուս մեղադրանքի համար բավարար ապացույցներ չկային, իսկ Հիքսի սպանության բացահայտման գործընթացը պետք է ընթանար ավելի ուշ` Օհայոում` դեպքի վայրում[29]։
Դատական գործընթացը սկսվում է 1992թ. հունվարի 22-ին։ Դատական լսումների ժամանակ կիրառվում են անվտանգության հատուկ մեթոդներ` մետաղական դետեկտորների, ծառայողական շների օգտագործում` պայթուցիկների հայտնաբերման համար, ինքը` Դամերը գտնվում էր զրահապաշտպան ապակու ետևում։ Դամերի դատապաշտպանը Ջերարդ Բոյլն էր, ով պաշտպանում էր նրան Անուկոն Սինտասոմֆոնի նկատմամբ ոտնձգություն կատարելու գործով։ Դատարանում 100 նստատեղերից 23-ը առանձնացված էր լրագրողների, 34-ը` զոհերի ընտանիքի անդամների, իսկ 43-ը` հանդիսատեսների համար[30]։
Նրան պաշտպանելու մարտավարությունը կայանում էր նրանում, որ Դամերը կատարել էր այն բոլոր սպանությունները, որում մեղադրվում էր, բայց նա հոգեկան հիվանդ էր և չէր կարող պատասխանատվություն կրել։ Դատական գործընթացի ժամանակ Բոյլը մանրամասնորեն նկարագրում է բոլոր սպանությունները և սեռական բնույթի բռնությունները` փորձելով համոզել ատենակալներին, որ դրանք չէին կարող կատարվել առողջ մարդու կողմից։ Հոբեբույժները, որոնք ելույթ ունեցան և՛ մեղադրող, և՛ պաշտպանող կողմերից համաձայնեցին, որ Դամերը տառապում է նեկրոֆիլիայով, բայց անհամաձայնության եկան այն հարցի շուրջ, թե արդյոք նեկրոֆիլիան կարող է հիմք հանդիսանալ պատասխանատվությունից ազատելու համար։ Դատախազ Մաքկանը դատի ժամանակ կարողանում է ապացուցել, որ Դամերը գիտակցել է իր գործողությունների անօրինականությունը, կարողացել է ղեկավարել իր քայլերը ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ սպանությունների ժամանակ, իսկ սպանությունները պլանավորել է նախապես[31][32]։ 1992թ. փետրվարի 15-ին, հինգժամյա խորհրդակցության արդյունքում, ատենակալները Դամերին մեղսունակ և մեղավոր ճանաչեցին բոլոր 15 սպանություններում և դատապարտեցին 15 ցմահ բանտարկման, ինչը հավասար էր 957 տարվա ազատազրկման[33] (Վիսկոնսին նահանգում չկա մահապատիժ)։ Դամերը իր վերջին խոսքի ժամանակ ասաց, որ խորապես զղջում է և խնդրում, որ իրեն մահվան դատապարտեն[29][34]։
Դամերի դատավարությունը Միլուոքիի պատմության մեջ ամենաթանկն էր և գրավել էր մամուլի ուշադրությունը. առաջին անգամ սերիական մարդասպանի դատավարությունը հեռարձակվել էր ուղիղ եթերով[35]։ Մեծ ուշադրության են արժանացվել սոցիալական ասպեկտները։ Օրինակ, Կոներակ Սինտասոմֆոնի դեպքը դիտվել էր որպես ոստիկանության կողմից ռասիզմի և հոմոֆոբիայի դրսևորում. ոստիկանները կասկածելի իրավիճակում նախընտրել էին հավատալ սպիտակամորթ Դամերին, այլ ոչ թե երկու սևամորթ կնոջ և լաոսցի համասեռամոլին և չէին խառնվել, ինչպես իրենց էր թվացել, երկու նույնասեռականների վեճին։ Բացի դրանից, Դամերի զոհերի մեծամասնությունը «գունավոր» էին (նրանցից տասնմեկը սևամորթ են եղել[36]) և նույնա- կամ երկսեռական (բիսեքսուալ), իսկ ոստիկանությունը ջանքեր չէր գործադրում նրանց հայտնաբերելու ուղղությամբ[21]։ Մինչ այս իրադարձությունը շատ ԶԼՄ-ներ սերիական մարդասպաններին անմեղսունակ ճանաչելն ու պատասխանատվության չենթարկելը օրենքի մեծ թերություն էին համարում, ինչը թույլ էր տալիս մանյակներին խուսափել բանտում հայտնվելուց[37]։
Դատապարտում և մահ
խմբագրել1993թ. շենքը, որտեղ գտնվում էր Դամերի բնակարանը, քանդեցին։ 1993թ. Դամերը հոր հետ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ափսոսանք հայտնեց այն բանի համար, որ հոգեբանական տառապանքներ է պատճառել զոհերի հարազատներին։ Հաջորդ տարի Լայոնել Դամերը հրատարակեց կենսագրական գիրք` «Հոր պատմությունը» (A Father’s Story): 1994թ, մայիսին Դամերը բուժում էր ստանում կապված այն բանի հետ, որ նրան ինքնասպանության մտքեր էին հետապնդում։ 1994թ. հուլիսի 3-ին բանտի եկեղեցում ծառայություն կատարելիս Դամերի վրա է հարձակվում մի կուբացի բանտարկյալ։ Նա փորձում էր ածելիով կտրել նրա կոկորդը. Դամերը միայն թեթևակի վնասվածք է ստանում։
1994թ. նոյեմբերի 28-ին Դամերը սպանվում է բանտարկյալ Քրիստոֆեր Սկարվերի կողմից, որը հայտնվել էր բանտում սպանության և գողության համար[38]։ Դամերը, Սկարվերը և ևս մեկ բանտարկյալ Ջես Անդերսոնը սանհանգույցն էին մաքրում։ Բանտարկյալները առանց հսկողության էին մնացել ընդամենը 20 րոպե, և այս ընթացքում Սկարվերը Դամերին և Անդերսոնին մահացու մարմնական վնասվածքներ էր հասցրել[39]։ Դամերը, որի գանգուղեղն էր վնասվել, մահացավ հիվանդանոցի ճանապարհին[40]։ Անդերսոնը մահացավ երկու օր անց` հոսպիտալում[38]։ Սպանության գործիքը, տարբեր տվյալներով, եղել են կամ մետաղական բրուսոկը[33], կամ մոպի բռնակը[36][38], որոշ տեղեկություններով` Սկարվերը նաև Դամերի գլուխը պատին է հարվածել[38]։
Երբ Սկարվերը վերադառնում է բանտախուց և պահակը հարցնում է նրան, թե ինչու չի աշխատում, նա պատասխանում է. «Աստված ինձ կարգադրեց անել դա։ Դուք կլսեք այդ մասին ժամը 6-ի նորություններում։ Ջես Անդերսոնը և Ջեֆրի Դամերը մահացած են»[40]։ Ավելի վաղ Սկարվերը, փորձելով անմեղսունակ ճանաչվել, ասում էր, որ լսում է Աստծու ձայնը[38]։ Սպանության հնարավոր դրդապատճառը համարվում էր սև ռասիզմը. աֆրոամերիկացի Սկարվերը ատելություն ուներ սպիտակամորթների նկատմամբ, Դամերի զոհերի մեծ մասն աֆրոամերիկացի էին, իսկ Անդերսոնը փորձել էր իր կնոջ սպանությունը բարդել երկու սևամորթների վրա[36][38]։ Միայն 2015թ. Քրիստոֆեր Սկարվերը հարցազրույց տվեց «New York Post» ամսագրին, որտեղ մանրամասն պատմեց այն, որ ամեն ինչ տեղի էր ունեցել 1994թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան. որպես սպանության իրական դրդապատճառ Սկարվերը նշեց, որ առանձնակի տհաճություն ուներ Դամերի նկատմամբ` նրա վարքի և հումորների պատճառով։ Հարցազրույցի ժամանակ Սկարվերը նշեց, որ սպանության գործիք եղել է մետաղական գավազանը[41], այլ ոչ թե մոպի բռնակը, ինչպես ավելի վաղ էր նշվում[42]։
Դամերի մարմինը պահվում էր սառնարանում շուրջ մեկ տարի, 1995թ. սեպտեմբերին տեղի ունեցավ նրա դիակիզումը։ Դամերի հայրը արգելեց օգտագործել որդու ուղեղը գիտական նպատակներով։ Դամերի դիակիզումից մնացած մոխիրը երկու մասի բաժանվեց` մի մասը տրվեց նրա հարազատ մորը, իսկ մյուսը` հորը և խորթ մորը։
Տասնմեկ հերոսների հարազատների հայցով Դամերի ունեցվածքը բաժանվեց նրանց միջև։ 1996թ. տուժող կողմերի իրավունքները պաշտպանող ներկայացուցիչ Թոմաս Ջեյկոբսոնը հայտարարեց Դամերի իրերի` այդ թվում` սառնարանի և սպանության գործիքների աճուրդ կազմակերպելու պլանների մասին։ Հնարավոր շահույթը պետք է կազմեր մեկ միլիոն դոլար[43][44]։ Այս նորությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց քաղաքում։ Ստեղծվեց նախաձեռնող խումբ` Milwaukee Civic Pride, որը հավաքեց 407 225 դոլար, որպեսզի գնի իրերը մինչև աճուրդը և վերացնի։ Այն բանիրց հետո, երբ Ջեյկոբսոնի կողմից ներկայացված ընտանիքների մեծամասնությունը համաձայնության եկան գործարքի շուրջ, իրերը վերագնվեցին և այրվեցին[45]։
Զոհերի ցուցակ
խմբագրելԱնուն | Տարիք | Մահվան ամսաթիվ[46] |
---|---|---|
Սթիվեն Հիքս | 17 | 1978, հունիսի 18 |
Սթիվեն Թուոմի | 25 | 1987, սեպտեմբերի 15 |
Ջեյմս Դոքսթեյթոր | 14 | 1988, հունվարի 18 |
Ռիչարդ Հերերո | 25 | 1988, մարտի 18 |
Էնթոնի Սիրս | 24 | 1989, մարտի 25 |
Էդդի Սմիթ | 36 | 1990, հունիսի 14 |
Ռիկի Բիքս | 30 | 1990, հուլիս (այլ տվյալներով` մայիսի 29) |
Էռնեստ Միլլեր | 22 | 1990, սեպտեմբերի 3 |
Դեվիդ Թոմաս | 23 | 1990, սեպտեմբերի 24 |
Կյորտիս Սթրոութեր | 17 | 1991, փետրվարի 18 |
Էրոլ Լինդսի | 19 | 1991, ապրիլի 7 |
Թոնի Հյուզ | 32 | 1991, մայիսի 24 |
Կոներակ Սինտասոմֆոն | 14 | 1991, մայիսի 27 |
Մեթ Թյորներ | 21 | 1991, հունիսի 30 |
Ջերեմիյա Ուայնբերգեր | 23 | 1991, հուլիսի 5 |
Օլիվեր Լեյսի | 23 | 1991, հուլիսի 15 |
Ջոզեֆ Բրեյդհոֆթ | 25 | 1991, հուլիսի 19 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 GeneaStar
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Terry D. Jeffrey Dahmer, Multiple Killer, Is Bludgeoned to Death in Prison / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1994. — P. 1. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 73.
- ↑ 6,0 6,1 Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: A Happy Little Boy». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 146.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Barron, James; Tabor, Mary B. W. (4 августа 1991). «17 Killed, and a Life Is Searched for Clues». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 74.
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 75.
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 76.
- ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: First Blood». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 77.
- ↑ 14,0 14,1 Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: Lust, Booze & Murder». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 80.
- ↑ Richard Tithecott Of Men and Monsters: Jeffrey Dahmer and the Construction of the Serial Killer. P. 164
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 97.
- ↑ Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 142.
- ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: A True Psychopath». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: The Killing Binge». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 21,0 21,1 Prudhomme, Alex; Cronin, Mary (12 августа 1991). «Milwaukee Murders: Did They All Have to Die?». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 22,0 22,1 Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: A Victim Almost Escapes». TruTV Crime Library. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: The Body in the Bedroom». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Cole, Jeff Konerak settlement is $850,000 // The Milwaukee Journal. — 21 мая 1995.
- ↑ «Cop union and cop image.» Milwaukee Journal Sentinel[en]. May 13, 2005
- ↑ 26,0 26,1 Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 98
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 96
- ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: The Head in the Fridge». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 29,0 29,1 «15 Life Terms and No Parole for Dahmer». New York Times. 18 февраля 1992. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Bardsley, Marilyn. «Jeffrey Dahmer: Trial Begins with Heavy Security». TruTV Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Ellsworth L Fersch Thinking about the Insanity Defense. — iUniverse, 2005. — P. 145—147. — 249 p. — ISBN 9780595791712
- ↑ Matthew Ross Lippman Contemporary Criminal Law: Concepts, Cases, and Controversies. — SAGE, 2009. — P. 290—291. — 656 p. — ISBN 9781412981293
- ↑ 33,0 33,1 Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 152.
- ↑ «1992: Cannibal killer jailed for life». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 104
- ↑ 36,0 36,1 36,2 Why Jeffrey Dahmer Killed So Many Black Men? // Jet. — 19 декабря 1994. — В. 7. — Т. 87. — С. 14—16. — ISSN 0021-5996.
- ↑ Ellsworth L Fersch Thinking about the Insanity Defense. — iUniverse, 2005. — P. 147—148. — 249 p. — ISBN 9780595791712
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 «Inmate Bludgeoned With Jeffrey Dahmer on Work Detail Dies». New York Times. 1 декабря 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Terry, Don (30 ноября 1994). «Suspect in Dahmer Killing Said, 'I'm the Chosen One'». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 40,0 40,1 «Dahmer Killer Charged». Time. 15 декабря 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Jamie Schram (2015 թ․ ապրիլի 28). «Why I killed Jeffrey Dahmer».
- ↑ «Inmate Bludgeoned With Jeffrey Dahmer on Work Detail Dies». 1994 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ Price, Lisa (8 мая 1996). «Serial killer's property set to go on the auction block». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Johnson, Kirk (20 мая 1996). «Bid to Auction Killer's Tools Provokes Disgust». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Auction of Dahmer Items Is Apparently Off». New York Times. 29 мая 1996. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 94—96
Գրականություն
խմբագրել- Ewing C. P., McCann J. T. Jeffrey Dahmer. Serial Murder Necrophilia and Cannibalism // Minds on trial: great cases in law and psychology. — Oxford University Press US, 2006. — P. 141—153. — 292 p. — ISBN 9780195181760
- Gibson D. C. Serial murder and media circuses. — Greenwood Publishing Group, 2006. — P. 91—104. — 233 p. — ISBN 9780275990640
- Jenkins J. P. Jeffrey Dahmer // Britannica.
- Purcell C. E., Arrigo B. A. The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. — Academic Press, 2006. — 173 p. — ISBN 9780123705105
- Tithecott R. Of Men and Monsters: Jeffrey Dahmer and the Construction of the Serial Killer. — University of Wisconsin Press[en], 1998. — 208 p. — ISBN 9780299156848
Արտաքին հղումներ
խմբագրել- Джеффри Дамер на сайте Crimelibrary.com(անգլ.)
- Джеффри Дамер на сайте о серийных убийствах Slaughter-House Արխիվացված 2019-09-06 Wayback Machine
- Список жертв Дамера с фотографиями Արխիվացված 2016-09-23 Wayback Machine
- Джеффри Дамер (անգլ.) Internet Movie Database կայքում