Պլիսկա[2] (բուլղար․՝ Плиска, հին սլավոներեն՝ Пльсковъ), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Շումենի մարզի Կասպիչան համայնքի կազմում; Կառուցվել է բլուրների միջև ընկած դաշտավայրում, Շումեն քաղաքից 13,5 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թվաքանակը եղել է 1012 մարդ։

Բնակավայր
Պլիսկա
բուլղար․՝ Плиска
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես34,356 կմ²
ԲԾՄ145 մետր
Բնակչություն892 մարդ (մարտի 15, 2024)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ9920
Պլիսկա (Բուլղարիա)##
Պլիսկա (Բուլղարիա)

Պլիսկան եղել է Բուլղարիայի հնագույն մայրաքաղաքը (VII—IX դարերում); Հիմնադրվել է բուլղարական պետության հիմնադիր խան Ասպարուխի կողմից։ 893 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Պրեսլավ, իսկ դրանից մեկ հարյուրամյակ անց էլ Պլիսկան ավերվել է։ Հին քաղաքի ավերակները ընկած են ծամանակակից Պլիսկայից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Հին Պլիսկան խմբագրել

Պլիսկան բուլղարական առաջին թագավորության մայրաքաղաքն էր 681-ից 893 թվականներին։ Բուլղարական տարեգրությունները հայտնում են, որ քաղաքը հիմնադրել է Ասպարուխ խանը։ Բյուզանդացի պատմիչներ Գեորգիոս Կեդրենոսն ու Աննա Կոմնենեն իրենց աշխատություններում այդ քաղաքն անվանում են «Պլիսկուսա»։ Պլիսկան զբաղեցրել է 23 քառակուսի կիլոմետր տարածք, շրջանակված է եղել խանդակով ու հողապատնեշով[3], իսկ կենտրոնը՝ պարսպով։ Կառույցների շարքում եղել են պալատներ ու քարաշեն բազիլիկ եկեղեցի։ Պահպանվել են կավե ջրատար խողովակաշարի մնացորդները։

811 թվականին բյուզանդական զորքերը թալանել են Պլիսկան, բայց կարճ ժամանակ անց Կրում խանեը Վիրբիշյան լեռնանցքի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտում նրանց պարտության մատնելով՝ դուրս է շպրտել։

Օմուրտագ խանը խրախուսել է արհեստագործությունը, և նրա օրոք քաղաքը շենացել է։ 886 թվականին Բորիս Առաջինը այստեղ հիմնել է գրչության դպրատուն, որի ղեկավորը սուրբ Նաում Պրեսլավսկին էր։ Այդ դպրատունը 9-10-րդ դարերում ոչ միայն բուլղարական առաջին թագավորության, այլև բոլոր սլավոնական ժողովուրդների գրական ու մշակութային ամենակարևոր կենտրոնն էր։

Բորիս Առաջինին հաջորդած Սիմեոն Առաջինը իր առաջնահերթ գործն է համարել մայրաքաղաքը Պլիսկայից ավելի հուսալիորեն ամրացված Պրեսլավլ տեղափոխելը, մանավանդ, որ նոր մայրաքաղաքում հեթանոսությունն այնքան էլ ուժեղ չէր։

Տասներորդ դարում Պլիսկայի դերն ու նշանակությունը աստիճանաբար նվազել է, մինչդեռ Պրեսլավլում, իշխանության հետ մեկտեղ, կենտրոնացվել են ռեսուրսները։ 969-ից 979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Կիևյան Ռուսիայի և Բյուզանդական կայսրության հարձակումների հետևանքով Պլիսկան վերջնականապես ավերվել է և այլևս չի վերականգնվել։

Ավերակները խմբագրել

Ընդհուպ մինչև XIX դարի վերջը Պլիսկայի ավերակները օգտագործվել են իբրև քարհանք. այստեղի քարերով է մասնավորապես կառուցվել Շումեն քաղաքի Տոմբուլ մզկիթը։

Քաղաքի ավերակներն առաջին անգամ նկարագրել է դանիացի հետազոտող Կարստեն Նիմբուրը, 1767 թվականին։ 1884 թվականին չեխ պատմաբան Կոնստանտին Իրեչեկը այդ ավերակները շաղկապեց բյուզանդացի տարեգիր Աննա Կոմնենեի հիշատակած Պլիսկի հին ամրոցի հետ։ Նրա արած հետևությունները հաշվի առնելով՝ Կոստանդնուպոլսի ռուսական հնագիտական ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Ուսպենսկին 1897—1898 թվականներին նախաձեռնեց առաջին պեղումներն այդ վայրում[4]։

Ներկայումս այդտեղ գործում է ազգային պատմահնագիտական «Պլիսկա» արգելոցը, որից մեկ կիլոմետր հեռավորության վրա պահպանվել են Պլիսկայի Մեծ բազիլիկի մնացորդները։ Արգելոցի տարածքում է գտնվում հնավայրը ուսումնասիրած հնագետ Կարել Շկորպիլի գերեզմանը։

Ժամանակակից Պլիսկան խմբագրել

Օսմանյան տիրապետության տարիներին քաղաքին տրվել էր Աբոբա (Աղա Բաբա)[5] անվանումը։ 1925 թվականին այն կրկին անվանվել է Պլիսկի, իսկ 1947 թվականին ստացել է ներկայիս անվանումը՝ Պլիսկա։

Այստեղ գործում են տարրական դպրոց, մանկապարտեզ, գրադարան։ 1925 թվականին կառուցվել է Սբ. Բորիս թագավորի անունը կրող ուղղափառ սլավոնական եկեղեցին։ Կանգնեցվել է Բուլղարիայի մկրտությունը, քրիստոնեացումը նախաձեռնած այդ արքայի հուշարձանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  2. ПЛИ́СКА / Б. Тотев (история, археология); Г. Д. Шкундин (история) // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. Henning, 2007, էջ 210
  4. «Плиска». // bulgariancastles.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.(բուլղ.)
  5. (թուրքերեն)"Bulgaristan'daki Türk Köyleri"

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլիսկա» հոդվածին։