Պլանետարիում (հաստատություն)

Պլանետարիում, գիտալուսավորչական հաստատություն, որտեղ ցուցադրվում է երկնային ոլորտը՝ աստղերով, մոլորակներով և արբանյակներով, գիսաստղերով և ասուպներով, ինչպես նաև Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի, Մարսի, Վեներայի և երկրագնդի կլիմայական գոտիների համայնապատկերները։

Ցեյսի Պլանետարիումը Ենա քաղաքում։ Օպտիկայի պատմության մեջ առաջին շենքերից և սարքավորումներից մեկը, որը նախատեսված է կրթական նպատակներով գիշերային երկինքը նմանակելու համար[1]։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Պլանետարիումներում ցուցադրումը կատարվում է «Պլանետարիում» կոչվող հատուկ սարքի օգնությամբ։ Սովորաբար ցուցադրությունն ուղեկցվում է աստղագիտության, տիեզերագնացության և Երկրի մասին գիտությունների վերաբերյալ դասախոսություններով։

Պլանետարիում ստեղծելու միտքն առաջին անգամ առաջարկել է Մյունխենում Գերմանական թանգարանի հիմնադիր Օսկար ֆոն Միլլերը 1919 թվականին։ 1923 թվականին առաջին նախագծող սարքը ստեղծվել է Ենայում՝ Ցեյսի գործարանում, հոկտեմբերին ցուցադրվել է Գերմանական թանգարանի տարեկան ժողովում, իսկ դեկտեմբերի վերջին տեղադրվել է հանրության համար։ 1925 թվականի մայիսին Գերմանական թանգարանում բացվել է պլանետարիում։ Ենայում երկրորդ սարքը տեղադրվել է նույն տարում։ Առաջին պրոյեկցիոն սարքերը նախատեսված էին որոշակի աշխարհագրական լայնության համար։ Ցանկացած լայնություն ունեցող կետի վրա աստղային երկնքի ցուցադրումը հնարավոր է դարձել 1925 թվականին Վալտեր Բաուերսֆելդի կողմից համաշխարհային ճանաչում ստացած Ցեյսի մեծ ապարատի ստեղծումից հետո։ Դանիացի պրոֆեսոր Ստրյոմգրենը պլանետարիումների մասին գրել է[2]

  Նախկինում երբեք չի ստեղծվել այսպիսի տեսողական ձեռնարկ, որն այսքան ուսուցողական է, այսքան կախարդական և հավասարապես արդյունավետ բոլորի համար։ Սա միաժամանակ և՛ դպրոց է, և՛ թատրոն, և՛ կինո, երկնակամարի տակ գտնվող դպրոցական դասարան և ներկայացում, որի դերասանները երկնային մարմիններն են։  

Արևմտյան կիսագնդում առաջին պլանետարիումը (Adler Planetarium and Astronomy Museum, Չիկագո, ԱՄՆ) բացվել է 1930 թվականին։ ԽՍՀՄ-ում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում 1929 թվականի նոյեմբերի 5-ին։

Ներկայումս աշխարհում կան մի քանի հազար պլանետարումներ, որոնցից գրեթե կեսը սինթեզված համակարգեր են, որոնք բաղկացած են օպտիկամեխանիկական «պլանետարիում» սարքից և թվային պրոյեկցիոն համակարգից։

Թվային պրոյեկտորներ խմբագրել

 
Մոսկվայի մոլորակադիտարանը (ձախից ներքև) 1961 թվականի ԽՍՀՄ պիտակի վրա

Աստիճանաբար ավելի մեծ թվով պլանետարիումներ են օգտագործում թվային տեխնոլոգիաներ, որպեսզի փոխեն երկնային ոլորտի հետ ավանդաբար օգտագործվող փոխկապակցված պրոյեկտորների համակարգը՝ դրանց որոշ սահմանափակումները հաղթահարելու համար։ Թվային պրոյեկտորների արտադրողները հայտարարում են գործառնական ծախսերի նվազեցման և նման համակարգերի հուսալիության բարձրացման մասին՝ ի համեմատ ավանդական երկնային ոլորտի՝ պատճառաբանելով, որ դրանք օգտագործում են ավելի քիչ շարժվող մասեր և, որպես կանոն, չեն պահանջում մի քանի առանձին համակարգերի միջոցով շարժվելու սինխրոնիզացիա։ Որոշ պլանետարիումներ թվայինի հետ մեկտեղ նույն ոլորտում օգտագործում են նաև ավանդական օպտիկամեխանիկական պրոյեկտորներ[3]։

Նորարարական ինժեներական տեխնոլոգիաները կատարելագործում են թվային պլանետարիումները։ Այժմ երկնակամարի պատկերի որակը ոչնչով չի զիջում ժամանակակից կինոթատրոններին, ուստի ավելի հաճախ կարելի է հանդիպել «լրիվ գմբեթավոր կինոթատրոն» հասկացությանը։ Հեղափոխական ծրագրային ապահովման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օգտագործել մեկ սերվերից կառավարվող մինչև 64 պրոյեկտոր[4]։ Պատկերը ավտոմատ կերպով տրամաչափարկվում է, որը թույլ է տալիս օգտագործել նույնիսկ կենցաղային պրոյեկտորներ, որի միջոցով ստանում են լավագույն որակի նկարներ։

Գմբեթներ խմբագրել

  • Ստացիոնար գմբեթներ՝ ոլորտը կազմող պերֆորացված թերթերի ամրացման համար օգտագործում են մետաղական կոնստրուկցիա։ Պերֆորացված թերթերն օգտագործվում են օդափոխման նպատակներով, ինչպես նաև բարձրախոսները երկնակամարից դուրս տեղակայելու հնարավորության համար։
  • Վակուումակարկասային գմբեթներ՝ ներմղիչների օգնությամբ գմբեթի արտաքին (էկրանի) և ներքին թաղանթների միջև ստեղծվում է վակուում, ինչի շնորհիվ էկրանը ստանում է իդեալական գնդաձև տեսք։
  • Փչովի գմբեթներ՝ տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ օդը մղվում է գմբեթի հերմետիկ կառուցվածքից ներս, որն ընդունում է անհրաժեշտ ձև մթնոլորտային ճնշման համեմատ գմբեթի ներքին ավելի մեծ ճնշման հաշվին։ Գմբեթն ավելի լավ է դիմանում ուժգին քամիներին, քան թեթև կարկասային կառուցվածքները, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակով (մինչև 2 շաբաթ մեկ տեղում) գմբեթն արդյունավետորեն օգտագործել դրսում։

Ֆիլատելիայում խմբագրել

 
Վիլհելմ Ֆյորստերի անվան պլանետարիումը և աստղադիտարանը 1965 թվականին Արևմտյան Բեռլինի պիտակի վրա

Պլանետարիումներին նվիրված են մի շարք փոստային թողարկումներ։ Պեկինի պլանետարիումին, որպես չինական առաջին պլանետարիում, նվիրված է ՉԺՀ 1958 թվականի երկու նամականիշ (Սքոթ #358-359), մեկը՝ պլանետարիումի շենքի պատկերով, մյուսը՝ «Պլանետարիում» սարքի պատկերով։ 1961 թվականին Մոսկվայի մոլորակադիտարանը ՄՊՀ-ի և «Տիեզերքի նվաճողներ» հուշարձանի հետ հայտնվել է ԽՄԿԿ 12-րդ համագումարում թողարկված ԽՍՀՄ նամականիշի վրա։

Աթենքում պլանետարիումի բացմանը նվիրված է 1965 թվականի Հունաստանի նամականիշը (Սքոթ #835) Հիպարքոսի և նրա աստրոլաբների պատկերով։ Նույն թվականին թողարկվել է Արևմտյան Բեռլինի նամականիշը՝ պլանետարիումի և Վիլհելմ Ֆյորստերի անվան աստղադիտարանի[de] պատկերով (Սքոթ #9N232)։ Սիլեզիայի պլանետարիումը[pl] պատկերված է 1966 թվականի Լեհաստանի նամականիշի վրա (Սքոթ #1446)։ Մոնտեվիդեոյի քաղաքային պլանետարիումի[es] 10-ամյակին նվիրվել է 1967 թվականի Ուրուգվայի երկու նամականիշ՝ պլանետարիումի շենքի պատկերով (Սքոթ #740) և «Պլանետարիում» սարքի պատկերով (Սքոթ #C301)։ 1969 թվականին, ի պատիվ Լյուցեռնում գտնվող Շվեյցարիայի տրանսպորտի թանգարանում առաջին շվեցարական պլանետարումի բացմանը, թողարկվել է շվեցարական փոստային նամականիշ, որի վրա պատկերված էր Պեգաս համաստեղությունը (Սքոթ #496)։

1970 թվականի Արգենտինայի նամականիշի վրա (Սքոթ #C132) պատկերված էր Բուենոս Այրեսի պլանետարիումը[es], ինչպես նաև «Պլանետարիում» սարքը։ Հումբոլդտի պլանետարիումին[es] նվիրված է 1973 թվականի Վենեսուելայի նամականիշների շարքը (Սքոթ #1016-1030), որը թողարկվել է այդ պլանետարիումի 10-ամյակին՝ Արեգակի, Արեգակնային համակարգի 9 մոլորակների, աստղակերպների և Լուսնի պատկերով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greger, 2011
  2. Порцевский К.А. Планетарии мира // Земля и Вселенная. — 1975. — № 6. — С. 70—77.
  3. «Հայելային համակարգ թվային պլանետարիումների համար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  4. Fulldome.pro

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել