Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր։ Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են։ Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր։

Ասուպներին հաճախ անվանում են ընկնող աստղեր, սակայն իրականում դրանք բոլորովին էլ աստղեր չեն։ Այլ ընդամենը այրվող մարմիններ, ինչի արդյունքում մենք երկնքում տեսնում ենք վառ բռնկումներ։

Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով։ Այդպիսի դեպքերում դիտվում են ասուպների «անձրևներ», որոնք, թվում է, թափվում են երկնակամարի փոքրիկ տիրույթներից։

Երկնաքարերը տիեզերքից ընկնող բավականաչափ մեծ քարե մարմիններ են, որոնք ամբողջությամբ չեն այրվում մթնոլորտում և հասնում են Երկրի մակերևույթին։ Ամեն տարի մոտ 500 բավականաչափ խոշոր երկնաքարեր «ռմբահարում» են մեր մոլորակը։ Երկնաքարերի մի մասը կազմված է քարից, մյուսները՝ երկաթ-նիկելային խառնուրդից, իսկ երրորդները՝ և՜ մեկից, և՜ մյուսից։ Երկնաքարերն իրենց բաղադրությամբ տարբերվում են Երկիրը կազմող հանքապարներից, ուստի գիտնականները աշխատում են գտնել և ուսումնասիրել դրանք։ Վաղ անցյալում տիեզերական տարածությունում թռչում էին շատ ավելի խոշոր երկնաքարեր, քան այժմ։ Բարեբախտաբար դրանց մեծ մասն արդեն ընկել է տարբեր մոլորակների վրա, բայց դա չի նշանակում, թե ամբողջովին վերացել է մեծ երկնաքարի հետ Երկրի բախման հավանականությունը, որը կարող է խոշոր ավերածությունների պատճառ դառնալ։

Գրականություն

խմբագրել

Հայկական մանկական հանրագիտարան