Պետրոս Ա Գետադարձ (ծ. թ. անհայտ – 1058, Սեբաստիա, ամփոփվել է Սբ. Նշան վանքի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1019-ից։ Հայոց պետականության կործանման անմիջական մեղավորներից մեկը։

Պետրոս Ա Գետադարձ
Մահացել է1058
Մասնագիտությունքահանա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Կենսագրություն խմբագրել

Հաջորդել է Սարգիս Ա Սևանցուն, նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով կաթողիկոս օծվել Անիում։ Պետրոսին հաջորդել է իր իսկ նշանակած ու օծել տված Խաչիկ կաթողիկոսը՝ իր քրոջ որդին, որի միջոցով շարունակում էր վերահսկել Հայոց եկեղեցին։ Պետրոս Գետադարձի աթոռակալության սկիզբը համընկնում է Անիի Բագրատունյաց թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց Գագիկ Ա թագավորի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև գահակալական կռիվներ են ծագել։ Այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին։ Վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է՝ երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝ Աշոտին։ 1022-ին բյուզանդական զորաբանակի ներխուժումը Բագրատունյաց Հայաստան կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում Վասիլ II կայսրի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, Անիի թագավորությունը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը (Հովհաննես-Սմբատի կտակ)։ Կտակը մեծ զայրույթ է առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել Սեբաստիա (Անի է վերադարձել է միայն 1026-ին)։ Տրապիզոնում բյուզանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը։ Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն։ Ըստ հայկական եկեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ ստացել է Գետադարձ մականունը)

Կաթողիկոսի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, և նա ստիպված անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող Վասպուրականի Ձորավանքը։ 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել նրան և արգելափակել Բջնու ամրոցում՝ կաթողիկոս օծելով Սանահինի վանահայր Դիոսկորոսին։Սակայն, մեկ տարի անց Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է Աղվանից կաթողիկոս Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է Սանահին։

Հովհաննես-Սմբատի և նրա եղբոր մահից (1041) հետո կաթողիկոսը 1042-ին Անիում Հայոց թագավոր է օծում վերջինիս որդի Գագիկ Բ-ին։ Նույն ժամանակաշրջանում կաթողիկոսական տեղապահ է հաստատում իր քրոջ որդուն՝ Խաչիկին (Խաչիկ Բ Անեցի)։ Հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ Գետադարձը իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդում է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին, շուտով նա նաև կայսրին է ուղարկում իրեն վստահված Անիի բանալիները։ Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրավելուց հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսում է հալածել նրան։ 1046-ի վերջին կաթողիկոսը հարկադրված թողնում է Անին և տեղափոխվում Արծն։ 1047-ի ապրիլին ձերբակալվում է, սակայն շուտով ազատ արձակվում։ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողնում է փոխանորդ Անիում։ Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելվուց հետո, Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա մնում է մինչև իր մահը (1058 թ.)։ Կյանքի վերջին տարիներին տեսնելով, որ Բյուզանդական կայսրությունը անթաքույց պայքարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից։ Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրում է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ բյուզանդական նկրտումների։ Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին (Հովհաննես Կոզեռն) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել)։

Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է։ Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի բազմաթիվ շարականները։ Առավել հայտնի է կաթողիկոսի սբ. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով։

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի զարգացած և ուսյալ անձնավորություններից էր։ Ըստ հայ պատմիչների Պետրոս Ա Գետադարձը իշխանասեր ու արծաթասեր անձնավորություն էր։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Խաչիկ Բ Անեցին։

Արտաքին հղումներ խմբագրել


Նախորդող՝
Սարգիս Ա Սևանցի
Կաթողիկոս
1019–1058
Հաջորդող՝
Խաչիկ Բ Անեցի