Պիեռ Աբելար

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Պետրոս Աբելյարից)

Պիեռ Աբելար կամ պարզապես Աբելար (ֆր.՝ Pierre Abailard/Abélard, լատին․՝ Petrus Abaelardus, 1079[1][2][3][…], Լե Պալետ, Duchy of Brittany, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - ապրիլի 21, 1142[1][6][5], Շալոն սյուռ Սոն, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[7][5]), ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան և բանաստեղծ։ Նրա աստվածաբանական հայացքները դատապարտվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես հերետիկոսություն։

Պիեռ Աբելար
ֆր.՝ Pierre Abélard
Ծնվել է1079[1][2][3][…]
Լե Պալետ, Duchy of Brittany, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Մահացել էապրիլի 21, 1142[1][6][5]
Շալոն սյուռ Սոն, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[7][5]
ԳերեզմանՀելոիզայի և Աբելարդի գերեզմանը[8][9][10]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն և  Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն[11]
ՈւղղությունԴասական ժամանակաշրջան, սխոլաստիկա և նոմինալիզմ[12]
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա, կոմպոզիտոր, լեզվաբան, բանաստեղծ, ինքնակենսագիր, տրամաբան, գրող և կրոնական ծառայող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և սխոլաստիկա
Պաշտոն(ներ)աբբա
Ալմա մատերՓարիզի մայր տաճարի դպրոց
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][13][14]
Հայտնի աշակերտներՋոն Սոլիսբուրիացի, Հիլարիուս, Մելունցի Ռոբերտ և Բերենգար Պուիցիացի
Ամուսին(ներ)Էլոիզա
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Peter Abelard Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել Է Պալե գյուղում՝ Նանտից ոչ հեռու։ Լոշում ուսանել Է տրամաբանություն, Փարիզում՝ աստվածաբանություն ու փիլիսոփայություն։ Համբավավոր ուսուցիչ ու հռետոր էր։ Իր աշակերտուհի Էլոիզի հետ ունեցած սիրո տխուր վախճանից հետո դարձել է վանական։ Ընդհանուր հասկացությունների (ունիվերսալիաների) շուրջը սխոլաստիկ փիլիսոփայական հիմնական հոսանքների՝ նոմինալիզմի և ռեալիզմի պայքարում չափավոր նոմինալիզմի՝ կոնցեպտուալիզմի կողմնակից էր։ Աբելարը գտնում էր, որ ունիվերսալիաները ռեալ իրեր չեն (քանի որ ամեն ռեալ իր անհատական է, եզակի), սակայն արտահայտում են իրերի մեջ եղած ընդհանուր իրողությունը և տրամաբանական հետևությունների հիմք տալիս։ Իր բարոյագիտական ուսմունքում Աբելարը ընդգծում էր բարոյականության բնական, ոչ աստվածային բնույթը։ Աբելարը գտնում էր, որ հավատը պետք է հենվի միայն բանականության, ազատ մտքի վրա, որ խղճի հետ համաձայնեցրած արարքը մեղսագործություն չէ։ Սուասոնյան (1121) ու Սանսյան (1140) եկեղեցական ժողովները և Ինոկենտիոս II պապը դատապարտեցին Աբելարի ուսմունքը՝ որպես հերետիկոսություն։

Գրականության պատմության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Աբելարի և Էլոիզի ողբերգական սիրո պատմությունը, որը Աբելարը նկարագրել է «Իմ աղետալի կյանքի պատմությունը» (Historia Calamitatum) ինքնակենսագրական բնույթի երկում։ Այն արտացոլված է նաև նրանց միջև նամակագրության մեջ։

Իր փիլիսոփայությունն ու կյանքը շարադրել է «Իմ դժբախտությունների պատմությունը» գրքում։ Նա հրաժարվել է իր բաժին ժառանգությունից, քանի որ վաղ հասակից սիրել է փիլիսոփայությունը։ Աշակերտել է Ռոսցելինին։ Հետագայում եկել է Փարիզ, սովորել եպիսկոպոսյան դպրոցում, սակայն ուսուցիչների հետ վիճաբանելու պատճառով վտարվել է դպրոցից։ 1113 թ. նա ուսանել է Լանց քաղաքում, որտեղ վեճի է բռնվել Լանցի Անսելմի հետ, որի մասին իր գրքում գրել է, թե երբ որևէ մեկը գալիս էր Անսելմի մոտ ինչ-որ տարակուսանքով, որպեսզի փարատի այն, վերադառնում էր ավելի մեծ տարակուսանքներով։ Ճիշտ է, Անսելմի ունկնդիրները հիանում էին նրանով, սակայն նա ողորմելի էր թվում նրանց, ովքեր ինչ-որ բան էին հարցնում։ Անսելմը փայլուն լեզու ուներ, բայց խոսքը չափազանց աղքատ էր բովանդակությամբ։

Աբելյարի այս գնահատականը տիպական է ոչ միայն Անսելմի, այլև ողջ սխոլաստիկայի համար։ Անտեսելով Անսելմի դասախոսությունները Աբելյարը կարողանում էր ավելի խորն ու կապակցված ձևով մեկնաբանել կրոնական գրքերը, չխուսափել բազմաթիվ անհամապատասխանություններից ու հակասություններից, որոնք հանդիպում էին ուշադիր ընթերցելիս։ Այդ մեկնաբանությունները նա շարադրեց իր «Այո և ոչ» գրքում։ Հետագայում նա նորից եկավ Փարիզ։

Դիալեկտիկական արվեստի մեջ նրա հաջողությունները մեծ համբավ բերեցին նրան։ Եվրոպայի տարբեր ծայրերից գալիս էին նրան լսելու։ Նրա ֆինանսական վիճակը անհամեմատ լավացավ, քանի որ աշակերտները ուսման վարձ էին տալիս։ Որոշ դպրոցներից հեռանալով՝ աշակերտները գալիս էին Աբելյարի մոտ։ Նրա մրցակիցները 1121 թ. Սուասոնում կազմակերպեցին նրա հայացքների պաշտոնական դատապարտումը և պահանջեցին, որպեսզի իր գիրքն այրի իր ձեռքով։ Դրանից հետո նրան ուղարկեցին մի ուրիշ եկեղեցի, որտեղ կանոնակարգը ավելի խիստ էր։ Սակայն Աբելյարի աշակերտները, իմանալով անարդարացի դատապարտման մասին, բացահայտ գրոհեցին նրան հալածողներին։ Աբելյարը նորից վերադարձվեց առաջվա եկեղեցի և թույլտվություն ստացավ բնակվել եկեղեցուց դուրս։ Նրան նվիրեցին մի հողակտոր, որտեղ շուտով շրջապատվեց աշակերտներով։ Հակառակորդները դարձյալ գլուխ բարձրացրին՝ աշխատելով նրան ներկայացնել ոչ միայն որպես հակաքրիստոնեական ուսուցիչ, այլ նաև որպես հակաթագավորական գործիչ։

Աբելյարին դժվար կացությունից հանեցին հայրենակիցները՝ նրան ընտրելով իրենց եկեղեցու վանահայր։ Սակայն այստեղ ևս նրան հետապնդում էին անհաջողությունները։ Նա ստիպված եղավ այդ եկեղեցուց էլ փախչել։ Այդ ժամանակ էլ գրեց իր կենսագրական գիրքը՝ «Իմ դժբախտությունների պատմությունը», որը նախատեսված էր բազմաթիվ աշակերտների և երկրպագուների համար։ Նրա համբավը նորից տարածվեց, երբ նա 1136 թ. հայտնվեց Փարիզում և դարձյալ սկսեց իր դասախոսությունները մեծ հաջողությամբ։

Նա գրեց ևս երեք աշխատություն՝ «Դիալեկտիկա», «Աստվածաբանության ներածություն», «Ճանաչիր քեզ»։ Այդ հաջողությունը նորից լարեց կրոնական գործիչներին նրա դեմ։ Նրանք 1140 թ. նորից կազմակերպեցին եկեղեցական ժողով Սանսում, որտեղ հրավիրեցին ոչ միայն կրոնական հեղինակությունների, այլ նաև Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ին։

Աբելյարին դատապարտեցին որպես հերետիկոսի։ Ինչպես և նախորդ անգամ, դատապարտումը վճռված էր մինչև ժողովը։ Աբելյարը հրաժարվեց պատասխանել իրեն մեղադրողներին՝ որոշելով դիմել Պապին։ Նա չգիտեր, որ Ինոկենտիոս II Պապը գաղտնի նամակով դիմել էր ժողովի ղեկավարներին՝ պահանջելով բանտարկել Աբելյարին իր աշակերտ Առնոլդի հետ։ Վերջինս հետագայում դարձավ Պապի աշխարհիկ իշխանության կատաղի հակառակորդը։ Հռոմ գնալու ճանապարհին Աբելյարը հիվանդացավ և երկու տարի հետո մահացավ։ Պապը դատապարտել էր նրան հավերժական լռության։ Սակայն Աբելյարի փառքը Պապի կամքից հզոր էր։ Նրան անվանում էին դիալեկտիկայի ասպետ։

Փիլիսոփայություն

խմբագրել
 
Պիեռ Աբելյարի և Էլոիզայի գերեզմանները Պեր Լաշեզ գերեզմանատանը

Հունական փիլիսոփայության առանցքը նա տեսնում էր դիալեկտիկայի մեջ։ Մեծարելով հունական փիլիսոփայությունը և դիալեկտիկան՝ նա պնդում էր, որ հին հույները գտել են շատ ճշմարտություններ, որոնք տեղ են գտել Սուրբ գրքի մեջ։ Աստված այլ ուղիով է առաջնորդել նրանց դեպի իր ճշմարտությունները։ Ըստ նրա՝ իմաստության առաջին բանալին հաճախակի հարցումն է, որը խրախուսվում է ամենախորաթափանց փիլիսոփայի` Արիստոտելի կողմից։ Իր կենսագրական գրքի մեջ նա նշում է, որ աշակերտները պահանջել են իրենից մարդկային փիլիսոփայության փաստարկներ և այն, ինչ կարող է հասկանալի լինել, այլ ոչ թե միայն ասվել։

Նա զարմանալի է համարում այն, որ ժամանակի ընթացքում մարդկային գիտելիքները ավելանում են բոլոր իրերի մասին, իսկ հավատի մեջ ոչ մի առաջընթաց չի նկատվում։ Հավատի հարցում բոլորը միաբերան պնդում են, որ մտածում են նույն կերպ և հավատի մեջ նա է համարվում հաստատակամ, ում պատկերացումները բոլորովին չեն տարբերվում մեծամասնության կարծիքից։

Ըստ Աբելյարի` առաջընթացը հավատի հարցում հնարավոր է միայն գիտելիքի ճանապարհին, քանի որ մի բան է, երբ ճշմարտությունը հետազոտվում է քննարկման միջոցով, ուրիշ բան է, երբ խոսքը հարմարեցվում է բոլորի ըմբռնմանը։ Ըստ այդ մոտեցման՝ հավատը սահմանվում է որպես ենթադրություն անտեսանելի իրերի վերաբերյալ, որոնք մատչելի չեն մարդկային զգայարաններին։ Հավատի այդպիսի ըմբռնումը բաց է անում դռները երկու մեթոդաբանական ճշմարտությունների համար։ Աստվածաբանական ճշմարտությունները չեն վերաբերում զգայական աշխարհին և հակառակը՝ գիտությունը վերաբերում է միայն զգայական աշխարհի երևույթներին։

Աբելյարի հակառակորդները քննադատում էին նրան, որ նա ծաղրում է հասարակ մարդկանց հավատը, որ նա իմաստակելով փորձում է հետազոտել այն, ինչ բարեպաշտ միտքը ընդունում է կենդանի հավատով։ Բարեպաշտները հավատում են, ոչ թե դատողություններ անում, իսկ նա կասկածամտորեն է մոտենում Աստծուն և համաձայն է հավատալ միայն այն բանին, ինչը նա հետազոտել է բանականությամբ։

Քրիստոնեական ստեղծագործությունների մեջ Աբելյարը նկատել է բազմաթիվ հակասություններ ու համապատասխանություններ և խորհուրդ է տվել ընդունել միայն այն դրույթները, որոնք ավելի ճշմարտանման են։ Եթե Աբելյարի ուսուցիչ Ռոսցելինը ունիվերսալիաները համարում էր միայն բառեր, որոնք ունեն որոշակի հնչողություն, բայց չունեն ընդհանուր իմաստ, ապա Աբելյարը, վերադառնալով Արիստոտելի հայացքներին, ընդհանուրը համարում էր այն, ինչը վերաբերում է բազմաթիվ առարկաներին, իսկ եզակին՝ այն, ինչ վերաբերում է միայն եզակի առարկային, օրինակ, «մարդը» և «Սոկրատեսը»։ Այսինքն, ըստ Աբելյարի, բառը ոչ միայն օժտված է ֆիզիկական հնչողությամբ, այլ ունի որոշակի իմաստ։

Նա առաջինը միջնադարի փիլիսոփայության մեջ սկսեց զանազանել զգայական գիտելիքը բանականից։ Նա ընդգծեց, որ մարդկային գիտելիքը վերաբերում է միայն զգայական իրերին, որոնք էլ օժտված են իրական գոյությամբ, որ ունիվերսալիաները առաջանում են զգայական գիտելիքի ձեռքբերման ընթացքում, որ ընդհանուր գաղափարները գոյություն ունեն միայն մարդու գիտակցության մեջ։

Նա ավելի բանականորեն է մեկնաբանել քրիստոնեական առասպելները։ Ըստ նրա՝ Քրիստոսը ոչ թե իր տանջանքներով քավել է Ադամի ու Եվայի մեղքը և մարդկությանը ազատել այդ մեղքից, այլ նա եղել է բարոյականության օրինակ, որին պարտավոր է հետևել ողջ մարդկությունը։ Տարբեր հավատների գոյության վերաբերյալ Աբելյարն ասում է, որ ամեն մեկում կան որոշակի ճշմարտություններ և քրիստոնեությունը դրանց շարքում ոչ մի էական առավելություն չունի։ Նա հրեաներին համարում է հավատի հարցում հիմարներ, իսկ քրիստոնյաներին՝ անխելքներ։ Ճշմարիտը միայն փիլիսոփան է (այսինքն՝ ինքը), որը բանականությամբ աշխատում է ըմբռնել հավատի դրույթները և առաջնորդվում է բնական օրենքներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Абелардъ (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 26–27.
  3. 3,0 3,1 Абелар, Петр (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 23–24.
  4. 4,0 4,1 4,2 https://books.google.fr/books?id=z3hkJ5PA_8kC&printsec=frontcover&hl=fr&#v=onepage&q&f=false — 9780191585173 — P. xvii.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 4. — ISBN 978-2-221-06888-5
  6. 6,0 6,1 6,2 Абеляр (ռուս.) // Православная богословская энциклопедия: А — АрхелаяСПб.: 1900. — Т. 1. — С. 13—20.
  7. 7,0 7,1 7,2 https://books.google.fr/books?id=z3hkJ5PA_8kC&printsec=frontcover&hl=fr&#v=onepage&q&f=false — 9780191585173 — P. xxii.
  8. Beaumont F. M. Manuel et itinéraire du curieux dans le cimetière du Père la Chaise (ֆր.)Paris: 1828. — P. 94.
  9. Henry A. Le Père Lachaise historique, monumental et biographique (ֆր.)Paris: chez l'auteur, 1852. — P. 26. — 116 p.
  10. https://www.tombes-sepultures.com/crbst_1109.html
  11. Dictionnaire de spiritualité. Ascétique et mystique (ֆր.) — 60000 p. — ISSN 0336-8106
  12. https://www.persee.fr/doc/ccmed_0007-9731_1977_num_20_80_2060 — P. 312—313.
  13. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  14. CONOR.Sl

Աղբյուրներ

խմբագրել
  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Աբելար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Աբելար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 20