Ուչ-Դերե (Լազարևսկի շրջան)

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուչ-դերե (այլ կիրառումներ)

Ուչ-Դերե (ռուսերեն՝ Уч-Дере), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 51 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք, Ուչ-Դերե (նախկինում՝ Նիջի) գետի ձախ ափին։ Ներկայումս Ուչ-Դերեն բաժանված է երեք վարչական կազմավորումների` Նիժնեե Ուչ-Դերե, Կուլտուրնոյե Ուչ-Դերե և Վերխնեե Ուչ-Դերե։

Գյուղ
Ուչ-Դերե
Уч-Дере
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1915 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354206
Ուչ-Դերե (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)##
Ուչ-Դերե (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)
Ուչ-Դերե (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Ուչ-Դերե (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

1880-ական թվականների սկզբին, Նիջի և Բիտխա գետերի միջև, մեծ իշխաններ Կոնստանտին Կոնստանտինովիչ և Դմիտրի Կոնստանտինովիչ Ռոմանովները, ձեռք էին բերել կալվածք։ Նշված կալվածքի կառավարիչն էր ռուս միջատաբան Ալեքսանդր Ստարկը, ով 1885 թվականին, կալվածքը վարձակալությամբ տրամադրել էր Օսմանյան կայսրությունից գաղթած 48 հայկական ընտանիքների[1]։ Այդ հայկական գյուղը կոչվեց Ուչ-Դերե, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում էր «Երեք գետակ»։ Հայերը եկել էին Օսմանյան կայսրությունում գտնվող Ուչ-Փինար («Երեք աղբյուր») գյուղից։ 1896 թվականին Ուչ-Դերե գյուղում արդեն ապրում էր 100 հայկական ընտանիք։

1900 թվականին, Պետական գույքերի և հողագործության նախարար Ալեքսեյ Երմոլովի կողմից, կալվածքը անհատույց տրամադրվեց կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի գերատեսչությանը, քանի որ ռուս բժիշկների և կլիմայագետների կողմից Ուչ-Դերե գյուղը ճանաչվել էր բուժավայր։ Իր հերթին, Մարիա Ֆեոդորովնան այն նվիրեց որբ աղջիկներին։ Կալվածքում կառուցվեց առողջարանային կայան, որը կոչվեց Ռոմանովսկայա։ 1951 թվականին այդ առողջարանն ի պատիվ բժիշկ, ակադեմիկոս Նիկոլայ Սեմաշկոյի, ստացավ նրա անունը։

Որպես բնակավայր, Ուչ-Դերեի հիմնադրման թվական է համարվում 1915 թվականը։ 1901-1902 թվականներին, հայտնի պետական գործիչների, բժիշկների և գիտնականների համար, այնտեղ սկսեցին ամառանոցներ կառուցել։

Գյուղը ներկայումս նույնպես բուժավայր է և զբոսաշրջության կենտրոն։ Հայտնի տեսարժան վայրերից է դենդրարիումը, որտեղ կարելի է տեսնել հազվագյուտ ծառատեսակներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М.Ю. Круглякова. "Сочи. Черноморская Ривьера России". «Издательство «Вече», 2015
  2. Деревья и кустарники СССР, Том 6. Изд-во Академии Наук СССР. 1962