Ուիլյամ Պետտի
Ուիլյամ Պետտի (Petty) (1623—1687), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։
Լեյդենի, Փարիզի և Օքսֆորդի համալսարաններում ուսանել էբժշկություն։ 1647 թ. հորինել է պատճենահան մեքենա, 1649 թ. ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան, 1651 թ. դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆեսոր։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր-գիտնականի՝ նրան բարձր է գնահատել Կարլ Մարքսը։ Պետտիի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682 թ.) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտեսական զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց նույնացրել հասարակական, տնտեսության ու բնության օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղաքական՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով աշխատանքի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը, փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված աշխատանքով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիալ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդյունաբերության կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պետտիի ուսմունքի գիտական դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը և Դ․ Ռիկարդոն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munk's Roll
- ↑ Петти Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2008.
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |