Շուշիի գորգերի թանգարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Շուշիի գորգերի թանգարան, հնագույն գորգերի և կարպետների թանգարան Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, որը հիմնադրվել է 2011 թվականին և բացվել է 2013 թվականին հավաքորդ Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ և նրա գորգերի ու կարպետների անձնական հավաքածուի հիման վրա[1]։
Շուշիի գորգերի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Շուշիի շրջան |
Վայր | Շուշի և Երևան |
Հիմնադրվել է | 2011 |
Հիմնադիր | Վարդան Ասծատրյան |
2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի մշակութային արժեքների տարհանումը Երևան։ Հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից 160-ից ավելի գորգ և կարպետ, 30-ից ավելի խեցեգործական առարկաներ և իրեր։ Ներկայումս թանգարանի գորգերից 71-ը ցուցադրվում է Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում[2]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, որը գնել է հին հայկական գորգեր։ Թանգարանի հավաքածուն ներառում է հայտնի հայ գորգագործների հին գորգեր, որոնք բերվել են Հայաստանի և Արցախի տարբեր գյուղերից։ Հավաքածուի արժեքավոր նմուշներից երեքը գնվել են Ղարաբաղից Շվեյցարիա (Պատարա գյուղից), Ռուսաստան (Զմյուռնիայից) և Գերմանիա (Շուշիից) գաղթած հայկական ընտանիքներից։
Մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը թանգարանն ունեցել է երկու հիմնական շենք[3]։ 2011 թվականին Շուշիում բացվել է թանգարան-հիմնադրամ, որի տարածքը տրամադրվել է ամերիկյան հովանավորների շնորհիվ։ Այնուհետև՝ 2012 թվականի օգոստոսին, մոսկվայաբնակ հովանավորի՝ Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է համապատասխան շենք՝ որպես գորգերի թանգարան[3]։
Ցուցանմուշներ
խմբագրելԹանգարանում ցուցադրված են եղել ոչ միայն արցախյան գորգեր, այլ նաև ավանդական արհեստների հին առարկաներ, որոնք ստացել էին փորձագիտական գնահատական, անհրաժեշտության դեպքում վերականգնվել, ապա դրվել ցուցադրության[4]։
Մինչև 2020 թվականի նոյմեբերի 1-ը թանգարանն ունեցել է շուրջ 300 գորգ և կարպետ, որոնք գործված են եղել 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածում։ Դրանք հիմնականում արցախյան ավանդական գորգեր են։ Մշտական ցուցադրությունը ներառել է թանգարանի մոտ 300 գորգերից 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն։
Բացի հայկական գորգերից` թանգարանում ցուցադրվել են նաև թուրքմենական, աֆղանական և պարսկական գորգերի օրինակներ, ինչպես նաև ռուսական մշակույթի որոշ արտեֆակտներ։
2013 թվականի օգոստոսին թանգարան այցելած Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ գորգերի թանգարանը մեծ դեր է խաղում ազգային ավանդույթների և արժեքների պահպանման գործում՝ նպաստելով նաև Արցախում զբոսաշրջության զարգացմանը[5]։
Հավաքածուի տարհանում
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի ծանր հրետակոծության ժամանակ՝ հոկտեմբերի 29-ին, հրթիռի պայթյունի հետևանքով վնասվել են թանգարանի շինությունները։ 2020 թվականի նոյեմբերի 1-ին հավաքածուի ամենաթանկարժեք նմուշները՝ մոտ 160 գորգ և կարպետ, հետագա ոչնչացումից փրկելու նպատակով տարհանվել են Երևան։ Հավաքածուի մնացած հատվածը՝ 100-120 գորգ, ինչպես նաև ցուցադրված կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարի և քարե դարի առարկաները, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում[6]։
Ներկայումս հավաքածուի տարհանված նմուշները ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որտեղ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նշվել է թանգարանի հիմադրման տասնամյակը։
Պատկերասրահ
խմբագրել-
Շուշիի գորգերի թանգարանի ֆոնդերի շենքը Շուշիի Ղազանչեցոց 31 հասցեում
-
Շուշիի Արվեստի կենտրոնի շենքը Ղազանչեցոց 58 հասցեում, որի առաջին հարկում տեղակայված է եղել Շուշիի գորգերի թանգարանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ». www.panorama.am. 05/12/2017.
- ↑ «Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ». hushardzan.am. 05 / 12 / 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում». http://orer.eu/hy/արցախյան-գորգերի-թանգարան-շուշի-քաղա/. 2017 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Նախագահ Սահակյանն այցելել է Շուշի քաղաք». www.president.nkr.am. 2013 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Երևանում բացվեց Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լրաբերի տեսանյութը Շուշիի թանգարանի գորգերի՝ Երևանում ցուցադրության մասին
- Հարցազրույց Վարդան Ասծատրյանի հետ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շուշիի գորգերի թանգարան կատեգորիայում։ |