Նոր Նախիջևանի հայկական տպագրություն

Նոր Նախիջևանի հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1789 թվականին՝ Հովսեփ Արղությանի ջանքերով, որը Սանկտ Պետերբուրգում գնել է Գրիգոր Խալդարյանի տպարանը և տեղափոխել Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանք։ Հարավային Ռուսաստանի առաջին տպարանն էր[1]։

Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքը, որտեղ գործել է Հարավային Ռուսաստանի առաջին տպարանը (20-րդ դարի սկզբի լուսանկար)

Պատմություն խմբագրել

Նոր Նախիջևանի առաջին տպարանը գործել է մինչև 1795 թվականը։ Այնտեղ հրատարակվել է 15 անուն գիրք՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Գրքոյկ որ կոչի Աղօթամատոյց» (1790), Սաղմոսարան (1790, 1791), Ստեփանոս Սյունեցու «Ողբք եւ հառաչանք» (1790), Սիմեոն Երևանցու «Զբօսարան հոգեւոր» (1790) և «Գիրք աղօթից» (1794), Ժամագիրք (1791), Հովհաննես Երզնկացու (Ծործորեցի) «Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ» (1792), Ղազար Ա Ջահկեցու «Աստուածաղերս» (1792, 1793), Հովսեփ Արղությանի «Դուռն ողորմութեան» (1792), «Տարեցոյց եւ օրացոյց» (1792, 1793), Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառօտ–բառարան» (1793), Ֆրանսուա Ֆենելոնի «Պատմութիւն Թէլամաքի որդւոյ Յուլիսի» (1793, վերահրատարակություն՝ հատոր Ա, 1794, հատոր Բ, 1795, թարգմանությունը՝ Մ. Երևանցու), Խորհրդատետր (1794), Հակոբ Նալյանի «Հոգեշահ» (1794), Պողոս Տյուրիկեցի Թորոսյանի «Տետրակ համառօտ բառարանի» (հայերեն, թուրքերեն, 1794)։ 1796 թվականին տպարանը տեղափոխվել է Աստրախան[1]։

19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ստեղծվել են տեխնիկապես հագեցած նոր տպարաններ, որոնցից հայտնի էին Սերովբե Հարությունյանի (գործել է 1882-1892-ին. տպագրել 15 անուն գիրք), Աբրահամ Զամինյանի և Վ. Քիրլյանի (1894–1897, 14 անուն), Հ. և Ս. Ավագյան եղբայրների (1897–1901, 11 անուն) տպարանները, որտեղ լույս են տեսել՝ Առաքել Բահաթրյանի «Այբբենարան եւ առաջին ընթերցարան» (1886), Գաբրիել Այվազովսկու «Դասատետր մեկնութեան խորհրդոյ և արարողութեանց սրբոյ պատարագին» (1894), Մ. Տեր-Մինասյանի «Պատմական զրոյցներ եւ անւանական ցուցակ» (1896), Ատրպետի «Շխնոց» (1898) և այլ գրքեր[1]։

1851 թվականին մեկ գիրք տպագրվել է Գաբրիել Պատկանյանի, 1893 թվականին երկու գիրք՝ Թեմական դպրանոցի տպարանում։ 20-րդ դարի սկզբին աչքի է ընկել Սերովբե Ավագյանի տպարանը, որը գործել է 1901–1920 թվականներին, տպագրել ավելի քան 110 անուն գիրք[1]։

Նոր Նախիջևանի տպարաններում հրատարակվել են Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի երկերի ժողովածուները, գրական-գեղավեստական երկեր, դասագրքեր, բազմաթիվ գրքեր՝ գաղութի ու բարեգործական հաստատությունների պատմության մասին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 818. ISBN 978-5-89700-042-5.