Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարան

Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարան (ռուս.՝ Новочеркасский музей истории Донского казачества), կազակական պրոֆիլի թանգարանային հավաքածու։ Ստեղծվել է 1886 թվականին Դոնի թանգարանի կազմակերպման հանձնաժողովի կողմից։ ներառում է հինգ թանգարանային համալիրներ, Ատամանական պալատի գլխավոր շենքը, նկարիչներ Միտրոֆան Գրեկովի և Իվան Կռիլովի, հուշահամալիր տուն-թանգարանը, ինչպես նաև Ցուցահանդեսային դահլիճը (Բուդեննովսկի փողոց, 94)։ Թանգարանային հավաքածուն ընդգրկում է 150 հազար միավոր ցուցանմուշ[1]։ Թանգարանին կից մշտապես գործում են հասարակական միավորումներ, «Կռիլովյան ուրբաթները», «Գրական հյուրասենյակը», մանկական ստեղծագործական ստուդիան, դպրոցականների «Ժառանգություն» պատմական ակումբը[2]։

Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրՆովոչերկասկ
Հիմնադրվել է1886
Կայքnovochmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի շենքը 1905 թվականին

Թանգարանի հավաքածուն սկսվեց հավաքվել XVIII դարի վերջերից, երբ ատաման Ալեքսեյ Իվանովիչ Իլովայսկու օրոք Չերկասսկում (այժմ` Ստարոչերկասկայա) բացվեց «Գլխավոր ժողովրդական ուսումնարանը», որին կից էլ կազմակերպվեց թանգարան բնապատմական բաժնով, ձկնորսների կողմից Դոնից դուրս բերված «անդրջրհեղեղյան կենդանիների» ոսկորների հարուստ հավաքածուով։ Նովոչերկասկում գիմնազիայի բացումից հետո հավաքածուի մի մասը փոխանցվեց նրան։ Միաժամանակ, Վոյսկա Դոնսկի մարզային վարչությանը կից բացվեց «Հնապահոց», որտեղ հավաքվեցին հնագիտական գտածոներ և բրածո կենդանիների ոսկորներ։ Կազմակերպվեց «Ռեգալիայի և կլեյնոդների սենյակը», որտեղ պահվում էին Վոյսկա Դոնսկի թագավորների հրովարտակները, ատամանական արժանապատվության նշանները, դրոշները և այլն։ Քաղաքացիների այցելությունները «հնապահոց» թույլատրվում էր միայն կիրակի օրերին[3]։

1886-1887 թվականներին կազմավորվում է Դոնի թանգարանի ստեղծման հանձնաժողով ատամանի քաղաքացիական հարցերով օգնական Ի. Մ. Դոբրինինի գլխավորությամբ։

Ակադեմիկոս Ա. Ա Յաշենկոյի նախագծով 1894 թվականին սկսվեց թանգարանի շինարարությունը, որտեղ ներկայումս գտնվում է այն։ Սկզբում շինարարությունը իրականացվում էր հասարակական նվիրատվությունների հաշվին։ Հավաքվեց 30000 ռուբլի, սակայն այն չբավարարեց և Ռազմական խորհուրդը հատկացրեց ևս 45 000 ռուբլի աշխատանքներն ավարտելու համար[4]։

1899 թվականի նոյեմբերի 22-ին կայացավ Դոնի թանգարանի բացումը, որը ուներ վեց բաժին`

  • նախապատմական
  • պատմական
  • բնապատմական
  • պատմական արխիվի և ռազմական ռեգալիայի բաժին
  • պատմական գրադարան

Թանգարանի առաջին տնօրեն և հիմնադիր դարձավ Պոպով Խարիտոն Իվանովիչը[5]։ Սկզբում նախատեսվում էր ստեղծել պատմա-հնագիտական թանգարան, սակայն Վոյսկա Դոնսկի մարզի «Լեռնային և աղային մասի» կառավարիչ Վլադիմիր Վանգերը թանգարանին է տրամադրել Դոնեցկի քարածխային ավազանի գիտական հավաքածուն, ընկույզի փայտից պատրաստված դարակներով 14 ցուցապահարաններից, որոնցում պահվում են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից բերված հանքանյութեր և քարացուկներ։ Այս հավաքածուն զբաղեցնում է ներքին հարկի ձախ հատվածը։ Հետագայում Ե. Գ. Բոկովը թանգարանին փոխանցեց թռչունների հավաքածուն և գյուղատնտեսական ցուցահանդեսը։ Ն. Ա. Բորոդինը թանգարանին փոխանցեց դոնի և ազովյան ձկների հանաքածուն։ Թանգարանը հասարակության համար բաց էր լինում (անվճար) կիրակի օրերին։

1918-1920 թվականներին Խ. Ի. Պոպովը լքեց թանգարանը, ցուցահանդեսը կրճատվեց, այնտեղ բացվեց արվեստի բաժին։ Ցուցանմուշների մի մասը դուրս բերվեց թանգարանից և հետագայում անհետացավ։ Երկրաբանական գրացուցակի նմուշներից (78 էջանոց) մինչև 1960 թվականը գործնականում ոչինչ չմնաց[6]։

1941 թվականի փետրվարին Դոնի թանգարանը վերակազմավորվեց Դոնի կազակության թանգարանի։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ քաղաքի օկուպացիայի տարիներին առավել արժեքավոր առարկաները և հավաքածուի նմուշները պահպանվեցին։ Նովոչերկասկի ազատագրումից հետո թանգարանը շարունակեց աշխատանքը։

1946 թվականին Պրագայի ազգային թանգարանից վերադարձվեցին Դոնի թանգարանի 2726 արժեքավոր առարկաներ, որոնք էվակուացվել են արտասահման 1920 թվականին։ 1940-ական թվականների կեսերին թանգարանին փոխանցվեց Նիկոլայ Դուբրովսկու կտավների հավաքածուն, որոնք նվիրաբերվել են հայրենի քաղաքին, այդ հավաքածուն բաղկացած էր ինչպես սեփական աշխատանքներից, այնպես էլ, նկարիչ-պերեդվիժնիկների աշխատանքներից։ Ավելի վաղ թանգարանի ֆոնդերը համալրվել էին բնանկարիչ Իվան Կռիլովի աշխատանքներով։

1957, 1979 և 1989 թվականներին թանգարանին կից ստեղծվեցին նկարիչներ Միտրոֆան Գրեկովի, Ի. Ի. Կռիլովի և բանաստեղծ Վ. Գ. Կալմիկովի հուշահամալիր տուն-թանգարանները։ 2005 թվականի սեպտեմբերին բացվեց Ատամանական պալատ նոր թանգարանը[2]։

Կազմ խմբագրել

Գլխավոր շենք խմբագրել

Թանգարանի գլխավոր շենքում պահվում են բանակային կազակական կլեյնոդները և 18-19-րդ դարերի բանակային և գնդային դրոշները, 19-20-րդ դարի սկզբի կազակական զինվորական և կենցաղային համազգեստները, պարգևատրական, շնորհատուր և սառը զինատեսակները, շնորհված պատվոգրերը, բանակային գրասենյակային փաստաթղթերը, կերպարվեստի լայն հավաքածուն, 18-19-րդ դարի սկզբի Վոյսկա Դոնսկի կազակական ատամանների դիմանկարները, զինվորական կազակական դիմանկարները, նկարիչ պերեդվիժնիկների կայսերական դիմանկարների և արևմտա-եվրոպական կերպարվեստի աշխատանքների հավաքածուները։ Առկա են նաև հազվագյուտ գրքային և լրագրային ֆոնդեր[1]։

Իվան Կռիլովի հուշահամալիր տուն-թանգարան խմբագրել

 
Իվան Կռիլովի տուն-թանգարան

Տունը կառուցվել է մոտավորապես 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այն իրենից ներկայացնում է Նովոչերկասկի XIX դարի կազակական միջին դասին բնորոշ շինություն։ Տունը բաղկացած է փայտյա կցակառույցից, որն ներառում է միջանցք, սրահ, ծածկապատշգամբ և բնակելի հատված բաղկացած 4 սենյակից ու նախասենյակից։ Նախասենյակը համարվում է շինության կենտրոնը, այն միացնում է սրահը մյուս սենյակներին։ 1900-ական թվականներին առանձնատանը կից կառուցվում է արվեստանոց։ Նկարչի տունը և արվեստանոցը համարվում էին Նովոչերկասկի մշակութային կյանքի յուրահատուկ կենտրոն, որտեղ տարբեր ժամանակներում հյուրընկալվել են ռուսական և խորհրդային մշակույթի նշանավոր գործիչներ։ Դրանցից են գրողներ Ալեքսանդր Կուպրինը, Ալեքսանդր Սերաֆիմովիչը, Կոնստանտին Տրենյովը, նկարիչներ Նիկոլայ Դուբովսկին, Միտրոֆան Գրեկովը, երաժիշտներ Միխայիլ Էրդենկոն, Կ. Մ. Դումչևը, կազակական երգերի բանահավաք Ա. Մ. Լիստոպադովը և ուրիշներ։

Տունը չի վերակառուցվել պահպանելով ներքին հարդարանքը։ Առանձնատան հատվածը 1940 թվականից զգալիորեն կրճատվել է, կառուցապատվելով բնակելի տներով, արվեստանոցը չի պահպանվել։ Տուն-թանգարանը կառուցվել է հուշահամալիրի էքսպոզիցիայով և արտացոլում է նկարչի կյանքի 1900-1936 թվականներն ընկած Նովոչերկասկյան ժամանակահատվածը։ 108 քառակուսի մետր տարածք զբաղեցնող էքսպոզիցիոն հրապարակում ներկայացված են նկարչին և նրա ընտանիքին պատկանող առարկաների ավելի քան 70 %-ը։ Ցուցահանդեսային համալիրի դահլիճներից մեկում կա մշտական ցուցադրություն, որը պատմում է նկարչի անցած ստեղծագործական ուղու մասին։ Այստեղ են անցկացվում «Կռիլովյան ուրբաթներ» ակումբի նիստերը, որտեղ հավաքվում են քաղաքի ստեղծագործ մտավորականությունը, ելույթ են ունենում ստեղծագործական կոլեկտիվները, անսամբլները, իրենց ստեղծագործություններն են կատարում գուսանները, բանաստեղծներն ու գրողները։ 183 քառակուսի մետր տարածքով մյուս դահլիճում անցկացվում են թանգարանի ֆոնդերի մշտական ցուցահանդեսները[7]։

Միտրոֆան Գրեկովի հուշահամալիր տուն-թանգարան խմբագրել

Նովոչերկասկում Միտրոֆան Գրեկովի հուշահամալիր տուն-թանգարանի հանդիսավոր բացումը կայացել է 1957 թվականի հունիսի 30-ին, նկարչի մահից (1934 թվականից) 23 տարի անց։ Ֆոնդի զգալի մասը պահպանվել է և համալրվել Միտրոֆան Գրեկովի և Նովոչերկասկի բնակչության կողմից։ Համալիրը ներառում է այն շենքը, որտեղ ապրել և ստեղծագործել է նկարիչը, կողաշենքը, փոքրիկ պտղատու այգին և ծաղկանոցը։ Տուն-թանգարանում են գտնվում նկարչի աշխատանքների բնօրինակները, էսքիզները, էտյուդները, անձնական իրերը և կահույքը։ Թանգարանում կենտրոնական տեղ է գրավում արվեստանոցը, որտեղ տեղադրված է նկարակալը, պտտվող աթոռով, աշխատանքային բազմոցը, մետաղյա բազկաթոռը, էտյուդային պարագաները և էտյուդային նյութերի պահպանման պահարանը։ Մեծ պատուհանի պատուհանագոգին ամրացված է լայն տախտակ, որի վրա դրվում են ներկերը, հիմնաներկի բաղադրատոմսը, հիմնաներկային փոքր կտավները և էտյուդները։ Արվեստանոցի պատերին փակցված են Միտրոֆան Գրեկովի կտավները, էսքիզներն ու էտյուդները։

 
Ատամանական պալատ

Ատամանական պալատ խմբագրել

Նախկին գլխավոր ատամանական նստավայրի հուշահամալիրի երկրորդ հարկի դահլիճների ցուցադրություններում պատմվում է ատամանական իշխանության համակարգի մասին, ներկայացված են Դոնի ատամանների անձնական դերակատարությունները Վոյսկա Դոնսկի պատմության, ատամանական հաստատությունների պատմության և նրանց Դոն բարձրակարգ այցելությունների մասին։ Առաջին անգամ ցուցադրվում է Դոնի ատամանների կենցաղը, որպես ռուսական հասարակության ընտիր խավի ներկայացուցիչների։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ատաման Ալեքսեյ Մաքսիմովիչ Կալեդինի հուշահամալիրը, որտեղ նա ինքնասպանություն էր գործել 1918 թվականի հունվարի 29-ին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Музей истории Донского казачества» (ռուսերեն). Музей истории Донского казачества. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «История Музея» (ռուսերեն). Музей истории Донского казачества. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  3. Богачёв В. В. Донской музей в Новочеркасске. 1960. 7 с. (Рукопись в РАН).
  4. «Строительство здания музея» (ռուսերեն). Музей истории Донского казачества. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  5. Попов Харитон Иванович
  6. Богачёв В. В. Донской музей в Новочеркасске. 1960. С. 5-7.
  7. «Мемориальный дом-музей художника Ивана Ивановича Крылова» (ռուսերեն). Музей истории Донского казачества. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  8. «Атаманский дворец» (ռուսերեն). Официальный портал Министерства труда и социального развития Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել