Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան

Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей М. Б. Грекова), տուն-թանգարան, որտեղ շուրջ 14 տարի ապրել է նկարիչ Մ. Բ. Գրեկովը (Միտրոֆան Պավլովիչ Մարտիշչենկո), Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարանի մասնաճյուղը։ Թանգարանը Ռուսաստանի մշակութային ժառանգության դաշնային օբյեկտ է։

Միտրոֆան Գրեկովի տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրվել է1957
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հասցեն՝ ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Նովոչերկասկ, Գրեկովի փողոց, 124

Պատմություն և նկարագրություն

խմբագրել

Միտրոֆան Բորիսովիչ Գրեկովի (1882-1934) կյանքն ու ստեղծագործական գործունեությունը մեծ մասամբ անցել է Նովոչերկասկ քաղաքում։ Նկարիչն այստեղ ապրել է շուրջ տասնչորս տարի։ Այդ ժամանակ նա ստեղծել է 92 կտավ, ներառյալ այնպիսի կտավներ, ինչպիսին են «Բուդյոննու մոտ՝ ջոկատ» (1923 թվական), «Տաչանկա» (1925 թվական), «Հեծելազորային գրոհ» (1927 թվական), «Մարտ Եգորլիկ ստանիցայի մոտ» (1927-1928 թվականներ), խորհրդային առաջին տրամանկարը՝ «Ռոստովի գրավումը»։ Նկարիչն այստեղ ապրել է 1918 թվականի հունիսից մինչև 1931 թվականը։ Այդ ընթացքում նա ծառայել է զորամասերում 4 տարի 3 ամիս, իսկ մնացած ժամանակահատվածում նկարել է։

 
«Մարտ Եգորլիկ ստանիցայի մոտ»

Նկարիչ Միտրոֆան Պավլովիչ Մարտիշչենկոն, որը ստեղծագործում էր Մ. Բ. Գրեկով կեղծանունով, ծնվել է 1882 թվականի հունիսի 3-ին Շարպաևկա խուտորում։ Նկարչություն սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Դարձել է խորհրդային մարտանկարի ժանրի և խորհրդային համայնապատկերային արվեստի հիմնադիրը։ Նրա հիշատակի տուն-թանգարանը բացվել է Նովոչերկասկ քաղաքում 1957 թվականին, նկարչի մահից հետո 23 տարի անց։ Տանը պահպանվել է այն մթնոլորտը, որում նա ապրել է, նրա իրական նկարները, կահույքը և այլն[1]։ Հուշահամալիրի կազմում են այն տունը, որտեղ նա ապրել է, բակի տնակը, գյուղատնտեսական շինություններով և ծաղկանոցով փոքր մրգատու այգին։ Տանը պահվում են նրա նկարները, էսքիզները, էտյուդները, նկարչի անձնական իրերը։

Նկարչի արվեստանոցում պահվում են նրա պատկերակալը աթոռակով, բազմոցը, մետաղական բազկաթոռը, էտյուդային պարագաները, պահարանը։ Լուսամուտագոգին ամրացված է ներկերով և էտյուդներով լայն տախտակ։ Արվեստանոցի պատերին նրա կտավներն են, էտյուդները, էսքիզները[2]։ Գրեկովի տուն-թանգարանի ցուցադրությում կա «Մարտանկարիչներ` Մ. Բ. Գրեկովի ստեղծագործական ավանդույթների շարունակողներ» բաժինը. 1934 թվականից Ռուսաստանում գործում է Գրեկովի անվան մարտանկարիչների ստուդիա[3]։

Տուն-թանգարանի ներքին բակում տեղադրված է Միտրոֆան Գրեկովի կիսանդրին։

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի զարմուհին` Ելենա Գրեկովան, որը մեծ ներդրում է ունեցել տուն-թանգարանի ստեղծման գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Дом-музей М.Б. Грекова» (ռուսերեն). Музеи России. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  2. «Музей Митрофана Борисовича Грекова в Новочеркасске» (ռուսերեն). Novocherkassk.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  3. Студия военных художников имени М.Б. Грекова

Արտաքին հղումներ

խմբագրել