Նիկոլայ Ֆեոֆիլակտով

ռուս ժամանակակից գրաֆիկ, նկարիչ, նկարազարդող

Նիկոլայ Պետրովիչ Ֆեոֆիլակտով (ռուս.՝ Николай Петрович Феофилактов, ապրիլի 13 (25), 1876, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1941(1941-02-09), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդեռն գրաֆիկ, գեղանկարիչ և նկարազարդող։

Նիկոլայ Ֆեոֆիլակտով
Ծնվել էապրիլի 13 (25), 1876
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 9, 1941(1941-02-09) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա և նկարազարդող
 Nikolay Feofilaktov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Նկարազարդում «Թևեր» գրքի համար, 1908
 
«Բնանկար քանդակով», 1915

Ծնվել է 1876 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում՝ կրտսեր պաշտոնյայի ընտանիքում։ 1892 թվականից սովորել է Մոսկվայի հողաչափության ինստիտուտում։ Այդ ժամանակ նա սկսեց հետաքրքրվել նկարչությամբ և գեղանկարչությամբ, մասնակցել ուսանողական ցուցահանդեսներին, ձևավորել ներկայացումներ։ Նա մասնագիտական ​​գեղարվեստական ​​կրթություն չի ստացել։ Ինքնուրույն սովորել է գեղանկարչություն և երաժշտություն, հետաքրքրվել է Միխայիլ Վրուբելի արվեստով և յուգենտշտիլի գրաֆիկայով։ Այդ ժամանակ իր համակուրսեցի Նիկոլայ Սապունովի միջոցով ծանոթացել է Սերգեյ Սուդեյկինի, Պավել Կուզնեցովի և մյուսների հետ։ Նա, ինչպես Սապունովը, ցանկացել է ընդունվել Մոսկվայի գեղանկարչության ուսումնարան, սակայն նրան չեն բավարարել դասավանդման մեթոդները, ինչի պատճառով 1900-1903 թվականներին հաճախել է Կոնստանտին Յուոնի արվեստանոց։ 1900-1901 թվականներին ձևավորել է «Մրջյուն» ամսագիրը։

1903 թվականին Սանկտ Պետերբուրգ կատարած ուղևորության ժամանակ Ֆեոֆիլակտովը հանդիպել է Սերգեյ Դյագիլևին, ով նրան ներգրավել է աշխատելու «Արվեստի աշխարհ»-ում։ Այստեղ նա հանդիպել է Վալերի Բրյուսովին, ով հրավիրել է նրան համագործակցելու «Կշեռքներ»-ի հետ, որտեղ Ֆեոֆիլակտովը դարձել է առաջատար նկարիչ։ Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել անգլիացի գրաֆիկ նկարիչ Օբրի Վինսենտ Բերդսլիի ստեղծագործություններովով, ինչի համար ստացել է «Մոսկովյան Բերդսլեյ» մականունը։ Ֆեոֆիլակտովը 1904-1909 թվականներին համագործակցել է նաև «Կարիճ» հրատարակչության հետ, որի տարբերանշանը համարվում է նկարչի առաջին հաջողություններից մեկը։

1904-1905 թվականներին Ֆեոֆիլակտովը Նիկոլայ Սապունովի հետ միասին պատրաստել է դեկորացիաներ Գրական-գեղարվեստական ​​​​խմբակում Կոնստանտին Բալմոնտի «Երեք ծաղկունք» բանաստեղծական դրամայի բեմադրության համար, համագործակցել է նաև «Ոսկե գեղմ» ամսագրի հետ։ 1904 թվականին Ֆեոֆիլակտովն իր ընկերների հետ մասնակցել է «Կարմիր վարդ» ցուցահանդեսին։ 1906 թվականին կատարել է իր առաջին ճանապարհորդությունը Վենետիկ, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա։ 1907 թվականին Ֆեոֆիլակտովը մտերմացել է «Կապույտ վարդ»-ի նկարիչների հետ և մասնակցել նրանց ցուցահանդեսներին։ 1906-1913 թվականներին նա գրեթե ամեն տարի այցելել է Իտալիա, եղել է նաև Փարիզում և Վիեննայում։ 1908 թվականին բնակվել է Փարիզում, որտեղ որոշ ժամանակ կատարելագործվել է Կոլարոսի ակադեմիայում։

1906 թվականին Ֆեոֆիլակտովը Վսևոլոդ Մեյերխոլդի ստեղծագործական խմբի հետ եկել է Պետերբուրգ, որտեղ ծանոթացել է Միխայիլ Կուզմինին, ով կարճ սիրավեպ է սկսել Սերգեյ Սուդեյկինի հետ։ Ֆեոֆիլակտովը դարձել է բանաստեղծի կրքոտ երկրպագուն (գուցե նաև սիրեկանը[1]) և ձևավորել նրա մի շարք գրքեր[2]։ 1910 թվականին Սերգեյ Սուդեյկինի և Նիկոլայ Սապունովի հետ աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ինտերմեդիայի տանը։ 1910 թվականին «Կարիճ» հրատարակչությունը հրատարակել է նրա նկարների ալբոմը, որտեղ ներառվել են նրա 66 աշխատանքներ։

1911-1932 թվականներին Ֆեոֆիլակտովը սկսել է ակտիվորեն զբաղվել գեղանկարչությամբ։ 1913 թվականին «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսում ցուցադրվել են նրա «Տիկին», «Գնչուներ», 1915 թվականին՝ «Հռոմի շրջակայքում։ Իտալիա», «Աբրուցի», «Վենետիկ» աշխատանքները։ 1918-1928 թվականներին ստեղծել է իտալական բնանկարների շարքը։ 1918 թվականին Տրետյակովյան պատկերասրահը ձեռք է բերել Ֆեոֆիլակտովի մի շարք նկարներ և «Գնչուներ» ջրաներկ աշխատանքը։

1920-1923 թվականներին Ֆեոֆիլակտովը աշխատել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի թանգարանային բաժնում՝ որպես Արևմտյան նոր գեղանկարչության թանգարանի ավագ թանգարանապահ։ 1923 թվականին աշխատել է Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսի դեկորատիվ պաննոյի վրա։ 1924 թվականին աշխատել է Փոքր թատրոնում, ստեղծել է թատրոնի 100-ամյա հոբելյանին բվիրված նամականիշ և մի շարք դերասանների դիմանկարներ (Յուժին, Դավիդով)։ Միաժամանակ, աշխատել է «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում։ 1925-1927 թվականներին Ֆեոֆիլակտովը մի շարք գրաֆիկական աշխատանքներ է ստեղծել Բանաստեղծների համառուսաստանյան միության համար։ 1925-1937 թվականներին նկարազարդել և ձևավորել է գրքեր մոսկովյան հրատարակչությունների համար՝ Քաղաքացիական պատերազմի պատմության և գործարանների պատմության պետական հրատարակչություն, «Գրողների մոսկովյան ընկերակցություն» և այլն։ 1933-1937 թվականներին Ֆեոֆիլակտովն ակտիվորեն համագործակցել է «Ակադեմիա» հրատարակչության հետ, որտեղ ձևավորել է Վալերի Բրյուսովի, Հոֆմանի, Շեքսպիրի, Լ. Ստեռնի և մյուսների գրքերը։

1926 թվականին Ֆեոֆիլակտովը մասնակցել է Պատմական թանգարանի «Չորս արվեստ» ցուցահանդեսին, 1927 թվականին՝ Պետական ​​Տրետյակովյան պատկերասրահում «ԽՍՀՄ գրաֆիկա 10 տարի» ցուցահանդեսին։ 1930 թվականին աշխատել է Մարքսի և Էնգելսի ինստիտուտում։ Այդ ընթացքում ավարտել է մի շարք նկարներ, որոնք ձեռք են բերել Անատոլի Լունաչարսկին և Ա. Ս. Յակովլևը։ 1933 թվականին Ֆեոֆիլակտովը մասնակցել է Գեղարվեստի թանգարանում կազմակերպված «ՌԽՖՍՀ նկարիչները 15 տարում» ցուցահանդեսին, իսկ 1936 թվականին՝ «Խորհրդային գրաֆիկայի 15 տարիները» ցուցահանդեսին։ 1938 թվականից Ֆեոֆիլակտովը թողել է իր աշխատանքը հրատարակչություններում՝ ցանկանալով ամբողջությամբ նվիրվել գեղանկարչությանը։

Ֆեոֆիլակտովը մահացել է 1941 թվականի փետրվարի 9-ին տուբերկուլոզից, որով վարակվել էր երկու տարի առաջ։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

  • Павел Фокин, Светлана Князева. Феофилактов Николай Петрович // Серебряный век. Портретная галерея культурных героев рубежа XIX-XX веков. В 3 томах. — СПб.: Амфора, 2008. — Т. 3. — 520 с. — 4000 экз. — ISBN 978-5-367-00573-8, ISBN 978-5-367-00630-8.
  • Киселев М. Ф. Николай Петрович Феофилактов: материалы к биографии // Памятники культуры: Новые открытия. Ежегодник 2002. М., 2003. С. 428.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Богомолов, Николай Алексеевич Вокруг "Серебряного века". — М.: Новое литературное обозрение, 2010. — 720 с. — 1000 экз. — ISBN 978-5-86793-826-0
  2. Богомолов, Николай Алексеевич, Малмстад Д. Э. Михаил Кузмин. — М.: Молодая гвардия, 2013. — 416 с. — (Жизнь замечательных людей). — 5000 экз. — ISBN 978-5-235-03634-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ֆեոֆիլակտով» հոդվածին։