Նախաճաշ (նկար, Վելասկես)

Դիեգո Վելասկեզի նկար

Նախաճաշ, իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի նկար։ Ընդգրկված է Պետական Էրմիտաժի հավաքածուում։

Նախաճաշ
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես
տարի1617
բարձրություն108,5 սանտիմետր[1]
լայնություն102 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
https://www.wga.hu/html/v/velazque/01/0101velb.html կայք
Ծանոթագրություններ
 Luncheon (Velazquez) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարում ձախից պատկերված է ալեհեր մորուքով ծերունի` գորշ վերնազգեստով։ Աջ ձեռքում նա բռնել է վայրի ստեպղինի արմատ։ Նկարի մեջտեղում պատկերված է ծիծաղող պատանի` սպիտակ օձիքով սև վերնազգեստով։ Բարձրացրած ձեռքում նա պահել է ոչ մեծ գավ։ Աջում պատկերված է երիտասարդ տղա, ով հագել է սպիտակ օձիքով դեղին պարեգոտ։ Խումբը նստած է սեղանի մոտ, որը ծածկված է սպիտակ սփռոցով։ Սեղանին դրված է ոստրեներով ափսե։ Ծերունու մոտ դեղնավուն խմիչքով գավաթ է, կենտրոնի մոտ նկանակ է, իսկ մի փոքր աջ` երկու նուռ և դանակ։ Հետին պլանում պատի կենտրոնում կախված է գլխարկ, որի վերևում կախված է սպիտակ օձիք (հավանաբար պատկանում է ծերունուն), աջ կողմում պատից կախված են երկու թուր։

Պատկերված կերպարները ակնհայտորեն ոչ հարուստ իդալգոներ են։ Իսպանացի արվեստագետ Կամոն Անսարը գրել է, որ կաբալիերոները ճաշի ժամանակ սովորաբար «հանում էին օձիքները, դրանք թողնում կախիչին` գլխարկից վերև, ինչպես երեխայի գոգնոց»[2]։ Նկարում մենք գլխարկն ու օձիքը տեսնում ենք հենց այդ վիճակում։

Նկարը առնչվում է 17-րդ դարում Իսպանիայում մեծ տարածում ունեցող բոդեգոն ժանրին, որը բառացի նշանակում է «պանդոկ»։ Կարծիք է արտահայտվել, որ այսպիսի նկարները կարող էին լինել պանդոկի ցուցանակ կամ ներքին հարդարանքի առարկա, այստեղից էլ նրանց մեծ տարածումը ինչպես երիտասարդ Վելասկեսի (նկարը ստեղծելու ժամանակ Վելասկեսը եղել է 17-18 տարեկան), այնպես էլ նրա գործընկերների ու հետևորդների արվեստում[3]։

Որոշ հետազոտողներ մատնանշել են նկարի առնչությունը 17-րդ դարում մեծ տարածում ունեցող խաբեբայապատում վեպերի հետ, նույնիսկ նշվել են որոշակի վեպերի որոշակի հատվածներ, օրինակ` Գայա Նունիոն նկարի սյուժեն համեմատել է Մատեո Ալեմանի «Գուսման դե Ալֆարաչե» գրքի դրվագների հետ[4]։ Կարը կարծում էր, որ նկարը անանուն հեղինակի «Լասարիլիոն Տորմեսից» վեպի նկարազարդման դրվագ է. երիտասարդ ծառան օգտվում է իր ծեր տիրոջ կուրությունից և գողություն կատարում[5]։ Կեմենովի կարծիքով ներկայացված է Ֆրանսիսկո դե Քվեդոյի «Դոն Պաբլոս անունով խաբեբայի կյանքի պատմությունը» նովելից հատված. տղան ու պատանին խաբեբաներ են, ովքեր պատրաստվում են խաբելու պանդոկ մտած ծերունուն[6]։ Կագանեն և մի շարք ուսումնասիրողներ էլ կարծում են, որ քիչ հավանական է, որ նկարն առնչություն ունենա խաբեբայապատում վեպերին[7]։

Նկարը ստեղծվել է մոտավորապես 1617 թվականին և համարվում է Վելասկեսի վաղ շրջանի աշխատանքներից մեկը։ Նրանից ավելի վաղ շրջանի նկարներից հայտնի է միայն «Երաժշտական եռյակը», որը գտնվում է Բեռլինի պատկերասրահում և թվագրվում է 1616-1617 թվականներին։ Թվագրման այս վարկածի օգտին է խոսում տղայի կենտրոնական կերպարը, որի մասին վկայություն կա Վելասկեսի ուսուցիչ Ֆրանսիսկո Պաչեկոյի մոտ. «Դիեգո Վելասկես դա Սիլվան, երբ եղել է դեռահաս, .... պահել է գյուղացի տղա, ով նրա համար հանդես էր գալիս որպես բնորդ` տարբեր դիրքերի ու գործողությունների համար. մեկ ծիծաղում էր, մեկ լաց էր լինում` առանց որևէ դժվարության»[8]։ Այս տղային Վելասկեսը պատկերել է մի քանի նկարներում` սկսած «Երաժշտական եռյակից» մինչև 1620 թվականի նկարները, և ամեն նկարի հետ զգալի է դառնում, որ նա մեծանում է. նրա տարիքային տարբերություննները խոսում են այն մասին, որ նկարը ստեղծվել է 1616 թվականից հետո, սակայն 1618 թվականից ոչ շուտ[9]։

Արտահայտվել է ենթադրություն, որ Վելասկեսի պատկերած աջ կերպարում նկարիչը ներկայացրել է հենց իրեն։ Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ կերպարն այնպես է նայում, ինչպես նկարիչը կպատկերեր ինքն իրեն հայելու մեջ նայելիս, և որ այդ տարիքը մոտավորապես համապատասխանում էր հենց Վելասկեսի տարիքին` նկարը ստեղծելու պահին։ Տեսակետ է հայտնվել նաև, որ կերպարը նմանություն ունի Վելասկեսի հետ` հղում անելով ավելի վաղ շրջանի ինքնադիմանկարի` «Երիտասարդ իսպանացի ազնվական» նկարին. այս նկարը թվագրվում է 1630-1631 թվականներին և գտնվում է Մյունխենի Հին պինակոտեկում[10]։ Սակայն մասնագետների մեծ մասը այս վարկածը չի ընդունում[9]։

Հայտնաբերում և պահպանում խմբագրել

Նկարի ծագումը բացահայտված չէ։ Էրմիտաժում այն հաշվառված է եղել` սկսած 1773 թվականից։ Մինչև 19-րդ դարի վերջը համարվել է անհայտ նկարչի աշխատանք և պահվել է Տավրիկյան պալատում և Էրմիտաժի պահեստանոցներում` մնալով գրեթե անհայտ։ 1895 թվականին Էրմիտաժի կատալոգում այն արդեն վերագրվել է Վելասկեսին, և այդ ժամանակից ի վեր նկարի հեղինակային պատկանելությունը չի վիճարկվել[11]։ Ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքում` 239-րդ սրահում (Իսպանական արվեստ)[12]։

Պետական Էրմիտաժում իսպանական գեղանկարչության պահապան Լ. Կագանեն, վերլուծելով նկարը, գրել է.

  Նկարչի ուշադրությունը կենտրոնացված է ծավալների ցուցադրմանը։ Նա մոդելավորում է ձևերը` ցանկանալով լակոնիզմի ու հարթության տպավորություն թողնել, ինչպես դա 19-րդ դարում փորձել է անել Սեզանը։ Աջևի պլանի նատյուրմորտը` առարկաների ժլատությամբ և կտրված ռիթմով, բնորոշ է այս ժանրի իսպանացի վարպետներին։ Նկարիչն ընդգծում է գեղանկարչության պատրանքային հնարավորությունները. նա դանակը տեղադրել է սեղանի ծայրին, որը կարծես կտրում է նկարի հարթությունը։
- Լյուդմիլա Կագանե[13]
 

1972 թվականին ԽՍՀՄ-ի կապի նախարարությունը թողարկել է նամականիշ` այս նկարի պատկերով։ Նամականիշի արժեքը եղել է 4 կոպեկ։

Բուդապեշտի կերպարվեստի թանգարանում պահվում է Վելասկեսի համանուն նկարը, որն ունի համանման կոմպոզիցիա, իսկ ծերունու կերպարը գրեթե ամբողջությամբ համընկնում է։ Հետազոտողների մեծ մասը նկարի բուդապեշտյան տարբերակը համարում է ավելի ուշ շրջանի անդրադարձ` կարծելով, որ այն գրվել է 1618-1619 թվականներին։ Այն ներառված է եղել Էստերհազիների հավաքածուի մեջ[14]։

Հայտնի են նկարի մոտ յոթ տարբերակներ, սակայն հաստատապես Վելասկեսի վրձնին են վերագրում Էրմիտաժի և Բուդապեշտի տարբերակները։ Մնացած տարբերակները վերագրում են նրա վարպետանոցին կամ հետագա հետևորդներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32729/
  2. Camón Aznar J. Velázquez. — Madrid, 1964. — Vol. 1. — P. 195—198.
  3. Mayer A. L. Über einigeVelazques zu Utrecht zugeschribene Stilleben und Genrebilden // Monatshefte für Kunstwissenschaft. — VIII. — 1915. — S. 124; Haraszti-Takács M. Spanish Genre Painting in the Seventeenth Century. — Budapest, 1983. — P. 218—219.
  4. Gaya Nuño J. A. Peinture picaresque // L’Oleil. — No 84. — 1961. — December. — P. 56.
  5. Kahr M. Velázquez. The Art of Painting. — NY, 1976. — P. 16—19.
  6. Кеменов В. С. Веласкес в музеях СССР. — Л., 1977. — С. 5—39.
  7. Каганэ Л. Л., Костеневич А. Г. Государственный Эрмитаж. Испанская живопись XV — начала XX века. Каталог коллекции. — СПб..: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — С. 69—71.
  8. Pacheco F. El arte de la pintura, su antigüedad y grandezas (Sevilla, 1649) / Ed., intr. y notas de Bonaventura Bassegoda I Huigas. — Madrid, 1990. — P. 527—528.
  9. 9,0 9,1 Каганэ Л. Л., Костеневич А. Г. Государственный Эрмитаж. Испанская живопись XV — начала XX века. Каталог коллекции. — СПб..: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — С. 72.
  10. Pemán C. Sobre autorretratos de juventud de Velázquez // Varia Velazqueña. — Madrid, 1960. — P. 303—311.
  11. Каганэ Л. Л., Костеневич А. Г. Государственный Эрмитаж. Испанская живопись XV — начала XX века. Каталог коллекции. — СПб..: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — С. 69, 75.
  12. Государственный Эрмитаж. — Веласкес де Сильва, Диего. «Завтрак».
  13. Каганэ Л. Испанская живопись XVI—XVIII веков в Эрмитаже. Очерк-путеводитель. — Л.: Аврора, 1977. — С. 71—72.
  14. «Szépművészeti Múzeum. — Diego Rodríguez de Silva y Velázquez. «Étkezők»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.