Մուշեղ Սարգսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղ Սարգսյան (այլ կիրառումներ)

Մուշեղ Սողոմոնի Սարգսյան (Մամունց, 1916, Մարտակերտ, Ադրբեջան - 1967), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մուշեղ Սարգսյան
Ծնվել է1916
ԾննդավայրՄարտակերտ, Ադրբեջան
Մահացել է1967
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Սարգսյանը ծնվել է 1916 թվականին, Ղարաբաղի Մարտակերտ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը, աշխատանքի անցել սկզբից Չափարի, այնուհետև՝ Մարտակերտի միջնակարգ դպրոցներում, դասավանդել է պատմություն։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում[1]։

Մեծ հայրենականի նախօրյակին Սարգսյանը մեկնել է կարմիր բանակ։ 1941 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Սարգսյանի մարտական ուղին անցել է Լվով, Բոբրույսկ, Մինսկ, Բարանովիչ, Կերչ, Բելոստոկ, Բրեստ, Վարշավա, Դանցիգ, Պրահա քաղաքներով, հասել Բեռլին։ Սարգսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները հաղթահարել են թշնամու դիմադրությունը Դնեպր, Օդեր, Նարև, Վիսլա և այլ գետերն անցնելիս։ Արժանացել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր դրոշի շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով։ Նարև գետի պաշտպանական գծի մոտ տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ դիվիզիան ընկել է շրջափակման մեջ, բայց Սարգսյանը ճեղքել է շրջապատման օղակը և ապահովել մեր զորքերի նահանջը։ Նարև գետի ափին ցուցաբերած խիզախության համար Սարգսյանը պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի շքանշանով[1]։

Պատերազմից հետո հրամանատարությունը Սարգսյանին թողել է խորհրդային բանակում։ Եղել է գնդի պրոպագանդիստ, գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, զորամասի քաղբաժնի պետ։ Աշխատանքին զուգընթաց փոխգնդապետ Սարգսյանը ԽՄԿԿ պատմություն է դասավանդել դիվիզիայի կուսակցական դպրոցում, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։ 1951 թվականին ավարտել է պատերազմի պատճառով կիսատ թողած մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, 1955 թվականին՝ Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (հեռակա)։ Զորացրվելուց հետո պատասխանատու պաշտոն է վարել Հայկական ԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում։ Ձեռնամուխ էր եղել իր և ընկերների անցած մարտական ուղու մասին հուշեր գրելուն[1]։

Մահ խմբագրել

Մուշեղ Սարգսյանը մահացել է 1967 թվականին[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան (կրկնակի)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Sargsyan Mushegh (Մուշեղ Սարգսյան Սողոմոնի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.