Միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ (2024)
Միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ, իրադարձություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 28-ին, Արմավիրի մարզում գտնվող Սարդարապատի հուշահամալիրի մոտ[3][4]։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանները և ոստիկանական զորքերի զինծառայողները (սև բերետավորներ) շղթա են կազմում և բռնի գործողություններով փորձում են խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր[3], քանի որ այնտեղ պետք է այցելեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ[4]։
Միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | մայիսի 28, 2024 | ||
Վայր | Սարդարապատի հուշահամալիր, Արմավիրի մարզ, Հայաստան | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Նախապատմություն
խմբագրել2024 թվականի մայիսի 27-ի երեկոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ ավտոերթով գնում է Սարդարապատի հուշահամալիր և գիշերում այնտեղ, որպեսզի թույլ չտան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել հուշահամալիրի տարածք[3]։ Կեսգիշերին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Սարդարապատի հուշահամալիրում նշում են Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ «Հանրապետության օրը»[5]։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը խուսափում է հուշահամալիր մեկնելուց՝ հաշի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայությունն այնտեղ[5]։ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ այցելում է Սարդարապատի հուշահամալիր[5], այն բանից հետո, երբ Բագրատ Գալստանյանը և նրա աջակիցները հեռացել էին հուշահամալիրից՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը չի գնա[3]։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը[5]։ Հուշահամալիրում տեղի է ունեցել փոքրիկ զորահանդես, որտեղ ելույթ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը[5]։
Պատմություն
խմբագրել2024 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանները և ոստիկանական զորքերի զինծառայողները (սև բերետավորներ) շղթա են կազմում և բռնի գործողություններով փորձում են խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր[3], քանի որ այնտեղ պետք է այցելեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ[4]։ Ոստիկանները վազելով և երեք անգամ մի քանի շարքով փակում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների դիմացը, իսկ չորրորդի ժամանակ տեղի են տալիս, որի ժամանակ էլ հոգևոր դասին հաջողվում է բարձրանալ մինչև վերջ, Ամենայն հայոց կաթողիկոսի առանջորդությամբ հոգեհանգստյան աղոթք հնչեցնել և վերադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[6]։
Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հուշահամալիր գնալուց առաջ այնտեղից հեռացնում են բոլոր ծաղկեպսակները, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախկին նախագահների անունից դրվածները[7][6]։ Միջադեպից հետո քաղաքացիները հուշահամալիրում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկում են Նիկոլ Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը[7]։
Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հաղորդում է, որ «հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ»[8]։
Արձագանք
խմբագրել- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար»[9]։
- Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայող կաթողիկոսի հետ կապված միջադեպը. «Քիչ առաջ իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկաններուն կողմէ եղած խոչընդոտին մասին։ Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն»[10]։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը հաղորդում է, որ ոստիկանները «հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»[4]։
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը. «Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։ ՀՀ Կառավարության ղեկավարն, այդկերպ, հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։ Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»[1]։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. «Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Հ․ Գ․ քիչ առաջ կադրերում տեսա, որ հանել են Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Խոսքերն իսկապես ավելորդ են․․․․»[6]։
- «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում. «Այսօր տեղի է ունեցել խայտառակ ու ամոթալի միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ։ Ոստիկանությունը խոչընդոտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։ Այդ ամենն ակնհայտորեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և նրա մուտքը հուշահամալիր ապահովելու համար»[2]։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյան. «Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին՝ աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու։ Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը։ Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ... Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում»[11]։
- Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. «Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր։ Եվ իհարկե իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն։ Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»[12]։
- «Թաթոյան հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արման Թաթոյան. «Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ։ Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ Հայրապետն այդ ժամին է գնացել Սարդարապատի հուշահամալիր սադրանքի նպատակով։ Իրականում, նախատեսված է եղել, որ Վեհափառ Հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի Պատարագից հետո, ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ Կառավարությունից Մայր Աթոռին տեղեկացրել են, որ Կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10-11-ի սահմաններում։ Նախ, ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, ուստի Վեհափառ Հայրապետը և մյուս հոգեւորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ, որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի։ Այդ ժամանակ փորձել են ճշտել արգելքի պատճառը, որին ի պատասխան՝ ոստիկանները պատասխանել են՝ տեղյակ չեն։ Փոխարենը` թույլ են տվել վերը նկարագրված դատապարտելի պահվածքը։ Այսօրվա տեղի ունեցածն ակնհայտ ցույց տվեց, որ դեռ 2018 թվականի հուլիսին Գնդեվանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները բնույթով նույնն են, ինչ այսօր տեղի ունեցածը. պարզապես քաղաքացիական հագուստով անձինք փոխարինվեցին ոստիկանական համազգեստով անձանցով։ Այս կերպ քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում»[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Խստիվ դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի մուտքը խոչընդոտելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 ««Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանից հետո այցելել է Սարդարապատի հուշահամալիր». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Հոգեւորականներին հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 «Քաղաքացիները «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 8,0 8,1 «Ոստիկանները քաշքշել են հոգևոր հայրերին, դրսեւորել անհարգալից վերաբերմունք Կաթողիկոսի նկատմամբ. Արման Թաթոյան». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Սա հերթական դրվագն է իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռը՝ Հայրապետին խոչընդոտելու մասին». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված միջադեպը». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք. Ասողիկ աբեղա Կարապետյան». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ սրբազան». news.am. 2024 թ․ մայիսի 28. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.