Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքեր
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքեր, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքեր | |
---|---|
Հիմնական մարմին | ՀՀ ոստիկանություն |
Կայք | police.am |
Նախկին անվանում(ներ) | Ներքին զորքեր |
Կազմավորվել է 1992 թվականի հունիսի 21-ին։ ՀՀ առաջին նախագահի թիվ 116 հրամանագրով որոշվեց Ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել Ներքին զորքեր' ՀՀ տարածքում հասարակական կարգի հատուկ նշանակության օբյեկտների պահպանման, բեռնափոխադրումների, հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովման, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքները կատարելու նպատակով։ Ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի ՀՀ կառավարությունը 1992 թվականի հունիսի 27-ին ընդունեց թիվ 375 որոշումը' «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մասին». կարճ ժամանակ անց ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեցին ներքին զորքերի զորամասեր և ստորաբաժանումներ։ Ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանում է կառավարությունը, իսկ կառուցվածքը և կանոնադրությունը հաստատում է ոստիկանության պետը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարն է Հայկ Բաբայանը։
Պատմություն
խմբագրելՀայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվել է հիմնականում նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՆՋ) և միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատների (ՄՕՀՋ) կադրերից, որոնք ակտիվ մասնակցել են ներքին զորքերի կողմից կատարվող բոլոր մարտական գործողություններին։
Հայաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զորամասերն ունեցել են բազմաբովանդակ գործունեության ոլորտ՝ հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ծառայություն, ՀՀ ոստիկանության զորքեր ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների նախնական զինվորական պատրաստության իրականացում, ենթասպայական կազմի վերապատրաստման դասընթացների անցկացում, կապավորների պատրաստում, մասնակցություն Հայաստանի Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և զինված ուժերի կողմից կազմակերպվող Հայաստանի սահմանների պաշտպանության բոլոր մարտական գործողություններին[1]։ Ներքին զորքերն ունեցել է նաև ուղղաթիռային (ավիացիոն) օղակ, որն ապահովված լինելով համապատասխան ուղղաթիռներով՝ մարտական գործողությունների իրականացման ժամանակ կատարել է տարատեսակ տեղափոխման ծառայություններ ՀՀ և ԼՂ ամենաանանցանելի և դժվարին տարածքներում։
Կարևոր իրադարձություններ
խմբագրել- 1992 թվականի հունիսի 21-ին ՀՀ նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվեց ՀՀ ՆԳՆ ներքին զորքերը[2]։
- 1992 թվականի հունիսի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց թիվ 375 որոշումը «ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի մասին», իսկ որոշ ժամանակ անց ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեցին ներքին զորքերի զորամասերն ու ստորաբաժանումները։
- ՆԶ զորամասերը և ստորաբաժանումները մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին և ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը։
- 1994-1999 թվականներին ՀՀ Ներքին զորքերն ազատագրված Արցախում իրականացրել է մարտական հերթապահություն։
- Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը և ներքին զորքերը տվել են 56 մահ, 4 անհայտ կորած և բազմաթիվ վիրավորներ[3]։
- Ոստիկանության զորքերում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 11 զինծառայող։
- Ներքին զորքերն իր մարտական ուղու սկիզբը կերտել է Արծվաշենի, Ֆիզուլու, Մարտակերտի, Քելբաջարի և այլ շրջանների պաշտպանության ընթացքում։
- 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ներքին զորքերը վերանվանվեց ոստիկանության զորքերի, և փոխվեցին նրա առջև դրված խնդիրները՝ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը, հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը[4]։
- ՈԶ երգի-պարի համույթ։ Ստեղծվել է 2007 թվականին' ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Կարինե Ոսկանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Կարապետյանի նախաձեռնությամբ։ Վերջինս հանդիսացել է նաև համույթի երկարամյա ղեկավարը։ Համույթն ակտիվորեն մասնակցում է ՀՀ ոստիկանության համակարգում կազմակերպված բոլոր միջոցառումներին, բազմաթիվ միջազգային փառատոններից վերադարձել է նաեւ առաջին մրցանակով։
- 2009 թվականին ժամկետային զինվորական ծառայությունից անցում կատարվեց պայմանագրային հիմունքներով ծառայությանը։
- 2014 թվականի հունիսի 21-ին բացվեց ոստիկանության զորքերի գլխավոր վարչության նոր վարչական շենքը[5]։
- ՈԶ թանգարան։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի անցած փառահեղ ուղին ներկայացված է ՈԶ թանգարանում։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 21-ին։ Այստեղ զետեղված փաստագրական նյութերը խոսուն կերպով պատմում են ոստիկանություն զորքերի ստեղծման, կազմավորման, ստորաբաժանումների և զինծառայողների գործառույթների, ծառայողամարտական գործունեության ընթացքում զոհված զինծառայողների մարտական ուղին և այլն։
- ՈԶ պատվո պահակախումբը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի Պատվո պահակախումբն իր առաջին ելույթով հանդես է եկել 2015 թվականի մայիսի 16-ին. հենց այդ օրն էլ նշվում է որպես Պատվո պահակախմբի ծննդյան օր։ Պետական կարևորագույն տոներին և զորահանդեսներին, ինչպես նաև այլ պետությունների պաշտոնական անձանց դիմավորման և ճանապարհման արարողակարգերի Պատվո պահակախումբը ներկայացել է ուրույն ձեռագրով։ Նրա հիմնադիրն ու կայացման ջատագովը Արցախյան 2-րդ պատերազմում նահատակված հերոս «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր գնդապետ Արտյոմ Միրզոյանն է։
- ՈԶ երգչախումբ։ ՈԶ երգչախումբը պաշտոնական գրանցում է ստացել 2015 թվականի նոյեմբերի 6-ին, սակայն առաջին ելույթով հանդես է եկել հոկտեմբերի 23-ին։ Երգչախումբը մասնակցում է ոչ միայն ոստիկանության մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվող, այլև հանրապետական կարեւորագույն մշակութային միջոցառումներին։ Նվագախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է կապիտան Գևորգ Գևորգյանը։
- ՈԶ նվագախումբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի նվագախումբը հիմնադրել է ականավոր երաժիշտ, արվեստի վաստակավոր գործիչ ոստիկանության փոխգնդապետ Բաղդասար Գրիգորյանը։ Հետագա տարիներին նրա նվիրական գործը շարունակել են Մհեր Պողոսյանը, Մանվել Ութուջյանը, Արթուր Աբելյանը, Հակոբ Սաֆարյանը։ Ներկայումս նվագախումբը ղեկավարում է մայոր Կարեն Հովհաննիսյանը։ Իր ստեղծման օրվանից նվագախումբը հանդես է եկել ինչպես ոստիկանության համակարգում, այնպես էլ քաղաքային, հանրապետական և միջպետական ծրագրերով անցկացված բազմաբնույթ միջոցառումներում։
- 2018 թվականից ոստիկանության զորքերը ստանձնեց ԶՈՒ հետ համատեղ պետական սահմանի պահպանության գործը[6][7][8]։
- 2018 թվականի օգոստոսի 23-ին մարտական հերթապահության համար առաջնագիծ մեկնեց ոստիկանության զորքերի առաջին ստորաբաժանումը։ Այդ օրը հանդիսությանը մասնակցեց և ողջույնի ու ողջերթի խոսքով դիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[9]։
- 2020 թ. մարտի 16-ից սկսած ոստիկանության զորքերը շուրջօրյա ծառայությամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ներգրավվեց COVID-19 պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրության միջոցառումների իրականացմանը և իր առաքելությունը մինչ այսօր կատարում է պատվով։
- 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի զորամասից զոհվեց 43 ծառայող։
- 2021 թվականի հունիսի 8-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ներկա էին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, բարձրաստիճան սպաներ, զոհված ոստիկանների հարազատներ, ծառայողներ։ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերի այս զորամասից զոհվեց 43 ծառայող։ Կռվելով մինչև վերջ՝ նրանք անմահացան Շուշիի մատույցներում։ Բացման խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարի տեղակալ Արտաշես Մուղնեցյանը։Հայտարարվեց մեկ րոպե լռություն, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Ոստիկանության զորքերի 43 ծառայողներ հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ», «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով, որոնք հանձնվեցին ծնողներին, երեխաներին ու կանանց։Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո զորամասի գումարտակում ներկայացվեց ոստիկանության զորքերի զորամասի պատմությունն ու անցած մարտական ուղին։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց ոգեկոչման և հիշատակի աղոթք, ինչից հետո բացվեց «Հավերժության ճանապարհ» փառքի անկյունը։
- 2021 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի ունեցավ «Հավերժության պուրակ» անվամբ այգու հիմնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված զինծառայողների հարազատներն ու ընկերները։ Բացման խոսք ասաց ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, աղոթք բարձրացրեց Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։ Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր տնկեցին։ Պուրակի ճեմուղին խաչաձև է, ծառերն' անվանական, յուրաքանչյուր ծառ ունի վկայագիր, որը ներառում է Անմահ Հերոսի լուսանկարը, կենսագրական և մարտական ուղու տվյալներ, անվանական ծառի տեղը պուրակում, ինչպես նաև' ոստիկանության զորքերի երգչախմբի' զոհված ոստիկաններին նվիրված երգի QR կոդը։
- 2022 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 30 ամյակի առթիվ ոստիկանության պետի հրամանով հիմնվել է ՀՀ ոստիկանության զորքերի «Ոստիկանության զորքեր 30 ամյակ» հոբելյանական մեդալը։
- 2022 թվականին հրատարակվել է ոստիկանության զորքերի 30 ամյակին նվիրված գրքույկ' ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի մտահղացմամբ։
Ոստիկանության զորքերի կազմավորման օր
խմբագրելՈստիկանության զորքերի կազմավորման օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 21-ին։ Ավանդաբար ոստիկանության զորքերին տոնի առթիվ շնորհավորում են պետության ղեկավարությունն ու ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները։ 2017 թվականի հունիսի 21-ին նշվեց ոստիկանության զորքերի 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունը[10]։
2019 թվականի հունիսի 21-ին հանդիսավոր նշվեց ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարելիցը։ Տոնական միջոցառումը մեկնարկեց ոստիկանության զորքերի շարահրապարակում։ Ցուցադրական ելույթներով հանդես եկան Պատվո պահակախմբի և ոստիկանության զորքերի զինծառայողները։ Շնորհավորական խոսք ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Զորքերի զինծառայողներին շնորհավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, ուժային և իրավապահ կառույցների ղեկավարներ։ Այնուհետև տեղի ունեցավ ոստիկանության զորքերի՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրումը։ Հնչեց նաև վալս՝ ոստիկանության զորքերի ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի մասնակցությամբ[11]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ոստիկանության զորքերի կանոնադրություն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ One, Studio. «Պատմություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ One, Studio. «Ոստիկանության զորքերը 28 տարեկան է». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հանդիսավոր բացումը Դավթաշեն համայնքում».
- ↑ One, Studio. «Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնեց հայ-ադրբեջանական սահմանագիծ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ոստիկանության զորքերը ստանձնում են ՀՀ ԶՈՒ-երին աջակցություն ցուցաբերելու կարևոր առաքելություն. Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ծառայողներին մաղթել է անփորձանք ծառայություն». www.primeminister.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ոստիկանության զորքերը մեկնում են սահման՝ ծառայելու. Նիկոլ Փաշինյան(տեսանյութ)». Ա1+. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանը».
- ↑ One, Studio. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.