Միլենա Եսենսկա (չեխ․՝ Milena Jesenská, օգոստոսի 10, 1896(1896-08-10)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - մայիսի 17, 1944(1944-05-17)[1][4][2][…], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա[2] և Ravensbrück, Ֆյուրստենբերգ, Վերին Հավել, Բրանդենբուրգ, Գերմանիա[2]), չեխ լրագրող, գրող, խմբագիր և թարգմանչուհի։

Միլենա Եսենսկա
չեխ․՝ Milena Jesenská
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1896(1896-08-10)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էմայիսի 17, 1944(1944-05-17)[1][4][2][…] (47 տարեկան)
Մահվան վայրՌավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա[2] կամ Ravensbrück, Ֆյուրստենբերգ, Վերին Հավել, Բրանդենբուրգ, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, լրագրող, թարգմանչուհի, հրապարակախոս և խմբագիր
ԱշխատավայրPestrý týden?, Lidové noviny? և Přítomnost?
ԱմուսինՅարոմիր Կրեյցար և Ernst Polak?
Ծնողներհայր՝ Յան Եսենսկի
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Order of Tomáš Garrigue Masaryk, 2nd class
և Աշխարհի արդարակյացներ[5]
ԵրեխաներJana Černá?
 Milena Jesenská Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միլենա Եսենսկան ծնվել է Պրահայում (Ավստրո-Հունգարիա, ներկայում՝ Չեխիա)։ Համարվում է, որ նրա տոհմը ծագում է Կարլի համալսարանի բժշկության առաջին պրոֆեսոր Յան Եսենիուսից, որ մահապատժի է ենթարկվել 1621 թվականի հունիսի 21-ին Հին քաղաքի հրապարակում Հաբսբուրգում Ֆերդինանդ II-ին ցույց տրված դիմադրության 27 մասնակիցների շարքում։ Սակայն այդ տեսակետը վիճելի է[6][7]։ Միլենայի հայրը՝ Յան Եսենսկին, եղել է վիրաբույժ-ատամնաբույժ և Կարլի համալսարանի պրոֆեսոր, իսկ մայրը՝ Միլենա Նեյցլարովան, մահացել է, երբ դուստրը եղել է 16 տարեկան։ Գրող Ռուժենա Եսենսկայի զարմուհին է։

Միլենա Եսենսկան սովորել է «Միներվայում», որ աղջիկների առաջին ակեդեմիական գիմնազիան էր Ավստրո-Հունգարիայում[8]։ Այն ավարտելուց հետո նա մի կարճ ժամանակ սովորել է Պրահայի կոնսերվատորիայում և բժշկական ֆակուլտետում, սակայն թողել է ուսումը երկու կիսամյակ հետո։ 1918 թվականին նա ամուսնացել է հրեական ծագմամբ մտավորական ու գրաքննադատ Էռնստ Պոլլակի հետ, որի հետ ծանոթացել էր Պրահայի գրական շրջանակներում։ Ամուսնու հետ նա տեղափոխվել է ապրելու Վիեննայում։ Ամուսնությունը, որի պատճառով նա իբր թե մի քանի տարով խզել է հարաբերությունները հոր հետ, եղել է դժբախտ[9][10] (ինչը հերքվում է մի շարք ուսումնասիրողների կողմից[11]

Կարիերա

խմբագրել

Քանի որ Պոլլակի եկամուտները չեն բավականացրել պատերազմից տուժած քաղաքում ապրելու համար, Եսենսկան սկսել է աշխատել որպես թարգմանչուհի։ 1919 թվականին նրա ձեռքն է ընկել գրող Ֆրանց Կաֆկայի «Հնոցապան» պատմվածքը, և նա նամակ է գրել հեղինակին՝ խնդրելով թույլ տալ թարգմանել այն գերմաներենից չեխերեն։ Այդ նամակով սկիզբ է դրվել ինտենսիվ նամակագրության։ Կաֆկան ու Եսենսկան հանդիպել են երկու անգամ. առաջին անգամ նրանք չորս օր անցկացրել են Վիեննայում, ապա մեկ օր Գմյունդում։ Վերջիվերջո Կաֆկան խզել է հարաբերությունները Եսենսկայի հետ մասամբ այն պատճառով, որ վերջինս չէր կարող լքել ամուսնուն։ Նրանց գրեթե ամենօրյա շփումը հանկարծակի ընդհատվել է 1920 թվականի նոյեմբերին։ Նրանք մեծ նշանակություն են ունեցել միմյանց համար. 1922 և 1923 թվականներին նրանք փոխանակել են ևս մի քանի նամակներ, իսկ Կաֆկան իր կյանքի ավարտին (նա մահացել է 1924 թվականին) Եսենսկային է ուղարկել իր օրագրերը[9][12]։ «Հնոցապան» ստեղծագործությունը դարձել է Կաֆկայի առաջին երկը, որ թարգմանվել է չեխերեն։ Հետագայում Եսենսկան թարգմանել է Կաֆկայի ևս երկու պատմվածքներ, ինչպես նաև Գերման Բրոխի, Ֆրանց Վերֆելի, Էփտոն Բիլ Սինքլերի ու այլոց ստեղծագործությունները[13][10][11]։

Վիեննան Միլենա Եսենսկան սկսել է ստեղծագործել՝ տպագրելով առաջնորդողներ Պրահայի ամենահայտնի ամսագրերի ու թերթերի կանանց սյունակներում։ Օրինակ՝ նա տպագրվել է «Տրիբունայում», իսկ 1923 և 1926 թվականների միջև ընկած ժամանակահատվածում գրել է այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են՝ «Národní listy», «Pestrý týden» և «Lidové noviny»։

1925 թվականին Միլենա Եսենսկան բաժանվել է Պոլլակից և վերադարձել Պրահա, որտեղ շուտով ծանոթացել է չեխական ավանգարդիզմի ներկայացուցիչ, ճարտարապետ Յարոմիր Կրեյցարի հետ, որի հետ հետագայում ամուսնացել է։ Պրահայում նա շարունակել է աշխատել որպես լրագրող, գրել է թերթերի ու ամսագրերի համար, ինչպես նաև հանդես է եկել որպես մանկական գրքերի խմբագիր ու թարգմանիչ։ Այդ շրջանում նրա գրած մի շարք հոդվածներ տպագրվել են Պրահայի «Topič» հրատարակչատան երկու տարբեր ժողովածուներում[11]։

1930 թվականին Միլենա Եսենսկան տարվել է կոմունիզմով (ինչպես այդ ժամանակաշրջանի չեխական մտավորականության շատ ներկայացուցիչներ), սակայն 1936 թվականին հիասթափվել է նրանից ստալինիզմի էքսցեսների պատճառով[13]։ 1934 թվականի հոկտեմբերին նա բաժանվել է Կրեյցարից, որպեսզի վերջինս կարողանա ամուսնանալ լատիշ թարգմանչուհու հետ, որի հետ նա ծանոթացել էր Խորհրդային Միություն կատարած այցելության ընթացքում[14]։

1938 թվականից մինչև 1939 թվականը Միլենա Եսենսկան խմբագրել է չեխական քաղաքական-մշակութային «Přítomnost» հայտնի ամսագիրը, որ հիմնադրվել էր քաղաքական մեկնաբան ու դեմոկրատ Ֆերդինանդ Պերուտկայի կողմից։ Այնտեղ նա գրել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ու Գերմանիայի վերելքի, Ավստրիայի անշլյուսի ու Չեխոսլովակիայի համար դրա հնարավոր հետևանքների մասին[13][9]։

Գերմանական զորքերի կողմից Չեխոսլովակիայի օկուպացումից հետո Միլենա Եսենսկան միացել է Դիմադրության ընդհատակյա շարժմանը և բազմաթիվ հրեաների ու քաղաքական փախստականների օգնել արտագաղթել։ Սակայն ինքը որոշել է մնալ՝ հաշվի չառնելով հնարավոր հետևանքները։ 1939 թվականի նոյեմբերին նա ձերբակալվել է գեստապոյի կողմից և նախ բանտարկվել Պրահայի Պանկրաց բանտում, ապա ուղարկվել է Դրեզդեն։ 1940 թվականի հոկտեմբերին Եսենսկան տեղափոխվել է Գերմանիա՝ Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ նա բարոյական աջակցություն է ցույց տվել մյուս կալանավորներին և մտերմացել Մարգարիտա Բուբեր Նոյմանի հետ, որը պատերազմից հետո առաջին է գրել նրա կենսագրությունը։ Միլենա Եսենսկան մահացել է երիկամների անբավարարությունից 1944 թվականի մայիսի 17-ին[9]։

Յան «Հոնզա» Կրեյցարովան (1928-1981), Միլենա Եսենսկայի ու Յարոմիր Կրեյցարի դուստրը, 1950-ական թվականներին գրել է «Půlnoc» ընդհատակյա հրատարակության, իսկ 1960-ական թվականներին՝ «Divoké víno»-ի համար[15]։

Հիշատակ

խմբագրել

Միլենա Եսենսկան արգենտինացի կոմպոզիտոր Ալբերտո Խինաստերայի՝ սոպրանոյի ու նվագախմբի համար նախատեսված «Milena» կանտատի կերպարներից է։ Այն ստեղծվել է Ֆրանց Կաֆկայի նամակների հիման վրա[16]։

Մատենագրություն

խմբագրել
  • Margarete Buber-Neumann Milena: The Tragic Story of Kafka’s Great Love. — Arcade Publishing, 1997. — ISBN 1-55970-390-3 [1](չաշխատող հղում)
  • Franz Kafka Letters to Milena / Philip Boehm. — New York: Schocken Books, 1990. — ISBN 0-8052-0885-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. The Righteous Among the Nations Database
  6. Hockaday, 1997, էջ 2
  7. Marková-Kotyková, 1993, էջ 17
  8. Wágnerová, 1996, էջ 33
  9. 9,0 9,1 9,2 9,3 Hockaday, 1997
  10. 10,0 10,1 Wágnerová, 1996
  11. 11,0 11,1 11,2 Marková-Kotyková, 1993
  12. «Franz Kafka: The Diaries 1910-1923» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  13. 13,0 13,1 13,2 Dressler, 1982
  14. Hockaday, 1997, էջ 155
  15. Ludvík Hess Jana Černá neboli Honza Krejcarová, dcera Mileny Jesenské, milenka Egona Bondyho, černá lyra nebo bílá labuť s poraněnou perutí Bohumila Hrabala(չեխ.) // Divoké vino. — 2005. — № 14.
  16. «Alberto Evaristo Ginastera Fact» (անգլերեն). Encyclopedia of World Biography. 2010. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.

Գրականություն

խմբագրել
  • Mary Hockaday Kafka, Love, and Courage: The Life of Milena Jesenská. — New York: The Overlook Press, 1997. — ISBN 0-87951-731-X
  • Marta Marková-Kotyková Mýtus Milena : Milena Jesenská jinak. — Praha: Primus, 1993.
  • Alena Wágnerová 'Milena Jesenská. — Praha: Prostor, 1996.
  • Jaroslav Dressler Kafkova Milena. — Archa, 1982.
  • Alena Wágnerová Dopisy Mileny Jesenské. — Praha: Prostor, 1998.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենա Եսենսկա» հոդվածին։