Մթնշաղ։ Դեզեր
«Մթնշաղ։ Դեզեր» (ռուս.՝ Сумерки. Стога), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին[1]։ Նկարն արված է յուղաներկով՝ ստվարաթղթի վրա[2], որի չափերն են՝ 59,8 × 84,6 սմ[3]։
Մթնշաղ։ Դեզեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1899 |
բարձրություն | 59,8 սանտիմետր |
լայնություն | 84,6 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և ստվարաթուղթ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Այսօր «Մթնշաղ։ Դեզեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[4] (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն
խմբագրելՍտեղծագործական կյանքի վերջին շրջանում Լևիտանն անդրադառնում է հանգիստ, խաղաղ սյուժեներին։ Օրվա ամենասիրելի պահը նկարչի համար դառնում է մթնշաղն ու ուշ երեկոն։ Դաշտերի և դեզերի թեման հեղինակի մոտ նոր չեն։ Լևիտանը ոգեշնչվել է Մոնեի դեզերի շարքից[5] 1890-ականների վերջին[6]։ «Մթնշաղ։ Դեզեր» ստեղծագործությունում նկարիչն անդրադառնում է սիրելի Մոնեի մոտիվներին, սակայն այլ ոճով է նկարել։
«Մթնշաղ։ Դեզեր» ստեղծագործությունը Իսահակ Լևիտանի վերջին աշխատանքներից մեկն է։ Այն հեղինակը վրձնել է 1899 թվականին Չեխովների տանը, Յալթայում։ «Լևիտան» գրքում Սոֆյա Պրորոկովոյն անդրադարձել է նկարի ստեղծման պատմությանը․
Աշխատասենյակում վառվում էր բուխարին։ Անտոն Պավլովիչը քայլում էր՝ ձեռքերը մեջքին դրած։ Նա սաստիկ վշտանում էր, որ իրեն, հյուսիսում ծնվածին, վիճակված էր ապրել ձյուներից, կեչիներից և խորն անտառներից հեռու։ Լևիտանը Մարիա Չեխովային խնդրում է ստվարաթուղթ բերել։ Զրույցները լռում են։ Լևիտանը սկսում է նկարել։ Երբ հեռանում է նկարից, բոլորը տեսնում են լուսնին, որը բարձրացել է դեզերից վերև։ Ասես թարմ խոտի հոտը տարածվել էր սենյակում։ Այժմ այն միշտ կլինի Չեխովի աչքերի առաջ, երբ գլուխը բարձրացնի թղթերից։ Նա կհիշի հեռավոր հյուսիսի բնությունն ու անզուգական նկարչին։ Նկարը դուր եկավ Չեխովին։ Նա Օլգա Կնիպպեր-Չեխովային գրեց․ «Լևիտանը մեր մոտ է։ Իմ բուխարու վերևում նա ստեղծել է լուսնկա գիշերվա տեսարանը խոտքաղի ժամանակ։ Մարգագետին, բարդոցներ, հեռվոմ՝ անտառ, իսկ այդ ամենին վրա թագավորում է լուսինը[7]։ - Սոֆյա Պրորոկովոյ
|
Նկարագիր
խմբագրել«Մթնշաղ։ Դեզեր» ստեղծագործությունը բնութագրվում է բաց երկնագույն-կանաչ կոլորիտով, իսկ կոմպոզիցիան՝ ստատիկությամբ։ Վրձնահարվածները հանգիստ են, մանրամասնությունները՝ հաշվի չառնված, ձևերը՝ ընդհանրացված։ Սառը գունային հաջորդափունջը հարուստ է մոխրագույն-երկնագույն և կապտականաչ երանգավորումներով։ Լևիտանը չի հրաժարվել պլանայնությունից և կոմպոզիցիան կառուցել է հավասարակշռված՝ կոմպոզիցիոն կենտրոն սահմանելլով լուսնին, որից թեթև լույս է ճառագում։ Հարթեցված խոշոր վրձնահարվածներով Լևիտանը հասել է նրան, որ օրվա այդ պահին զգացվում է հանգստություն և անդորր։ Փափուկ, հարուստ գուներանգով կոլորիտն ամբողջովին փոխանցում է խաղաղ տրամադրությունը և բնության հանգիստ վիճակը։
Քննադատություն
խմբագրելխորհրդային արվեստաբան, ռուսական և խորհրդային արվեստի պատմության բազմաթիվ գրքերի հեղինակ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը գրում է[8]․
Անձրևից հետո։ Պլյոս, «Մարտ» և «Մթնշաղ։ Դեզեր» նկարները կարելի է կոչել առանձնահատուկ ստեղծագործություններ, որոնք մատնանշում են Լևիտանի գեղարվեստական էվոլյուցիայի նշաձողը։ Լևիտանն իր ուշ շրջանի գործերում մնացել է ռեալիստ։ Հազիվ նկատելի ծառերի, խրճիթների, դեզերի ձևերն իրականում փոխանցվել են չափազանց ճշտորեն։ - Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդով
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Сумерки. Стога, Исаак Ильич Левитан, 1899». Музеи мира и картины известных художников. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Сумерки. Стога». my.tretyakov.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Государственная Третьяковская галерея - Сумерки. Стога» (ռուսերեն). Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Gallerix. «Сумерки. Стога (картина) — Исаак Ильич Левитан». Gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Клод Моне «Стога сена». Описание». ИМПРЕССИОНИСТЫ.
- ↑ Левитан И. И. Письма, документы, воспоминания / Общ. ред. А. А. Фёдорова-Давыдова. — М., 1956. — С. 188.
- ↑ Софья Пророкова. «Об Исааке Левитане».
- ↑ Алексей Федоров-Давыдов. «Статья о творчестве Исаака Левитана».
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մթնշաղ։ Դեզեր կատեգորիայում։ |