Հայաստան

խմբագրել

1980-ական թվականների կեսերից Խորհրդային Հայաստանում ձևավորվեց բնապահպանական ակտիվիզմը։ 1987-1988 թվականներին Երևանում տեղի ունեցան բնապահպանական ցույցեր։ Մտավորականության ներկայացուցիչների և գիտնականների կողմից նախաձեռնված այս ակցիաների նպատակը հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրների մասին բարձրաձայնելն էր։ Բնապահպանական շարժման արմատներում կանգնած էին Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Բողոքի ակցիաների ժամանակ ելույթներ էին ունենում նաև ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը[1]։

SOS Շիկահող

խմբագրել
 
Շիկահողի արգելոց

Շուրջ 40 բնապահպանական հասարակական կազմակերպություններ 2005 թվականին միավորվեցին՝ նախաձեռնելով «SOS Շիկահող» ակցիան։ Ակցիայի նպատակը ճանապարհի շինարարության կանխումն էր, որն անցնելու էր Շիկահողի արգելոցի տարածքով։ Ակտիվիստներին հաջողվեց ՀՀ Կառավարությանը համոզել փոխել ճանապարհաշինական նախագիծը, և ճանապարհն անցկացնել մեկ այլ վայրով[2]։

SOS Թեղուտ

խմբագրել
 
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

2007 թվականի մարտին 26-ին բնապահպանական հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «SOS Թեղուտ» կոալիցիան։ Նրանք պահանջում էին դադարեցնել անտառահատումները Թեղուտում և չշահագործել Թեղուտի հանքավայրը։ «SOS Թեղուտ» նախաձեռնությունը փորձեց դատական կարգով կասեցնել հանքավայրի շահագործումը։ Սակայն դատարանը մերժեց հանքավայրի շահահործումը դադարեցնելու ակտիվիստների միջնորդությունը։ Թեղուտի հանքավայրի շահագործումը որոշակի ընդհատումներով շարունակվում է մինչև օրս[3]։

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնություն

խմբագրել
 
Թռչկանի ջրվեժ

Բնապահպանական հաջորդ ակցիան տեղի ունեցավ 2011 թվականին։ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը ստեղծվեց կանխելու Չիչխան գետի վրա` Թռչկանի ջրվեժի մոտ հիդրոէլեկտրոկայանի կառուցումը։ Ակցիայի մասնակիցները վրաններ տեղադրեցին այն վայրում, որտեղ անցկացվում էր շինարարությունը[4]։ Ի վերջո բնապահպաններին հաջողվեց կասեցնել հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ Թռչկանի ջրվեժին տրվեց պետական հատուկ պահպանության տարածքի կարգավիճակ[5]։

Մաշտոցի պուրակ

խմբագրել

2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժեց Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակները։ Այդ կրպակների մի մասը սեփականաշնորհված էին։ Ուստի քաղաքապետարանը որոշեց փոխհատուցել կրպակների սեփականատերերին և նրանց համար նոր կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում։ Սա առաջացրեց մի շարք բնապահպանների և հասարակության որոշ մասի զայրույթը։ Ստեղծվեց «Մաշտոցի պուրակ» նախաձեռնությունը։ Դրա անդամները 3 ամիս նստացույցեր իրականացրին պուրակի տարածքում։ Ի վերջո հարցը լուծվեց հօգուտ ակտիվիստների։

Save Ամուլսար

խմբագրել
 
Ամուլսար լեռը

2018 թվականից սկսած ամենախոշոր բնապահպանական ակցիան «Save Ամուլսարն» էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2014 թվականին ձեռք էր բերել Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվությունը։ Հանքի շահագործումը թույլ չտալու համար 2018-2020 թվականներին տեղի ունեցան բողոքի ակցիաներ։ Հանքի շահագործումը կանխել չհաջողվեց և Կառավարությունը թույլ տվեց «Լիդիան Արմենիային» շահագործել հանքը։

  1. «[Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024-06-16-ին.
  2. «WWF». www.wwf.am. Վերցված է 2024-06-16-ին.
  3. ««SOS Թեղուտ» կոալիցիան դիմել է ՀՀ նախագահին». Hetq.am. 2007-03-05. Վերցված է 2024-06-16-ին.
  4. «WWF». www.wwf.am. Վերցված է 2024-06-16-ին.
  5. «Թռչկանի ջրվեժը՝ պետական հատուկ պահպանության տարածք». Civil Society Institute Armenia. 2011-11-03. Վերցված է 2024-06-16-ին.