Նստացույց-գործադուլ, աշխատանքային գործադուլի և քաղաքացիական անհնազանդության ձև, երբ աշխատողների կազմակերպված խումբը, որը սովորաբար աշխատում է գործարաններում կամ համանման այլ հաստատություններում, հիմնականում չարտոնված կամ անօրինական կերպով զավթում է աշխատավայրի տարածքը կամ դրա մի հատվածը՝ նստած մնալով իրենց աշխատատեղերում։ Սովորաբար գործադուլի այս ձևն իրականացվում է քաղաքական նստացույցի ձևաչափով[1]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մայիսի 15, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Գործադուլի այս տեսակի հիմնական առանձնահատկությունը կամ գրավչությունը կայանում է նրանում, որ այն թույլ չի տալիս գործատուներին փոխարինող աշխատողներ վարձել (շտրեյկբրեխերներ) կամ սարքավորումները տեղափոխել այլ վայր՝ արտադրությունը շարունակելու համար։ Նիլ Ասչերսոնն առաջ է քաշում ևս մեկ առանձնահատկություն։ Ըստ նրա՝ գործադուլի այս տեսակն ընդգծում է աշխատողների կարևորությունը հասարակության կարիքները հոգալու հարցում և հնարավորություն է տալիս նրանց փաստացի իրենց վերահսկողության տակ պահել արժեքավոր սարքավորումները, որոնք նրանք կարող են որպես լծակ օգտագործել գործատուների հետ բանակցությունների ընթացքում[2]։

Պատմություն

խմբագրել
 
1936-1939 թվականներին ԱՄՆ-ում նստացույց- գործադուլների վիճակագրության ինֆոգրաֆիկա

Մինչև 1936 թվականը Միացյալ Նահանգներում տեղի էր ունեցել միայն մի քանի նստացույց-գործադուլ։ Փիթսբուրգի պողպատագործները 1842 թվականին նստացույց-գործադուլ սկսեցին և գրավեցին գործարանի տարածքը։ 1884 թվականին Ցինցինատիի գարեջրի գործարանի աշխատակիցները նստացույց-գործադուլ հայտարարեցին և երեք օրով բարիկադավորվեցին գործարանի տարածքում։ 1896 թվականին Նյու Յորքի լվացքատներից մեկի աշխատակիցները նստացույց արեցին՝ ի աջակցություն կարի արտադրամասի աշխատողների գործադուլին։ «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ» արհմիությունը ներգրավված էր Միացյալ Նահանգների ամենահայտնի նստացույցերից մեկի մեջ, որը տեղի է ունեցել 1906 թվականին Նյու Յորք նահանգի Սքենեքթադի քաղաքում տեղակայված «General Electric»-ի գործարանում։ 1933 թվականին Մինեսոտայում աշխատողները եռօրյա նստացույց-գործադուլ արեցին «Hormel Packing Corporation»-ում[3]։

1936 թվականին Օհայո նահանգի Ակրոն քաղաքում կաուչուկի արդյունաբերության աշխատողները մի քանի ամիս շարունակ նստացույց-գործադուլ էին անում կաուչուկի հինգ տարբեր ձեռնարկություններում։ Ամենամեծ գործարանի՝ «Goodyear»-ի աշխատակիցները նոր մարտավարություն մշակեցին. նստացույց-գործադուլ, որի ժամանակ գործադուլի մասնակիցները «գրավում» են գործարանը, դադարեցնում արտադրությունը և թույլ չեն տալիս, որ շտրեյկբրեխերներն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը։ Արդյունքում, «Goodyear»-ի ղեկավարությունն ընկրկեց և ճանաչեց «Միացյալ կաուչուկագործներ» արհմիության գոյությունը (United Rubber Workers (URW)): Դա բանվորական շարժման համար մեծ հաղթանակ էր։ Այն ամրապնդեց Միացյալ կաուչագործների դիրքերը որպես կաուչուկի արդյունաբերության առաջատար արհմիություն և ներկայացրեց հետագա աշխատանքային վեճերի լուծման նոր մարտավարություն[4]։ 1937 թվականի սկզբին «Ավտոարդյունաբերության միացյալ աշխատակիցներ» արհմիությունը կազմակերպեց հաջող նստացույց-գործադուլներ, որոնցից առավել հայտնին ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի նստացույց-գործադուլն էր։ Վերջինս «General Motors»-ին ստիպեց ճանաչել «Ավտոարդյունաբերության միացյալ աշխատակիցներ» արհմիությունը։ Ֆլինթի գործադուլի մասնակիցներն ավելի քան քառասուն օր «գրավել էին» «General Motors»-ի մի քանի գործարաններ՝ հաջողությամբ դիմակայելով դրանք վերադարձնելու համար ոստիկանության և Ազգային գվարդիայի փորձերին։ Տեղի ունեցավ նստացույցերի աճ, սակայն տասնամյակի վերջում դրանց թիվը նվազեց, քանի որ դատարանները և Աշխատանքային հարաբերությունների ազգային խորհուրդը նստացույցերն անօրինական ճանաչեցին և գործատուներին թույլ տվեցին աշխատանքից հեռացնել դրանց մասնակիցներին։ Թեև Միացյալ Նահանգներում դեռևս տեղի են ունենում նստացույց-գործադուլներ, դրանք հիմնականում ինքնաբուխ են և կարճաժամկետ։

1968 թվականի մայիսին Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ մի շարք գործարանների բանվորներ սկսեցին գործադուլ իրականացնել՝ «գրավելով» գործարանների տարածքները։ Ինչ-որ մի պահի ֆրանսիացի բանվորների ավելի քան քսանհինգ տոկոսը գործադուլի մեջ էր, որոնցից շատերը մասնակցում էին գործարանների «գրավման» գործողություններին։

1973 թվականին Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսության Մերիդեն համայնքում գտնվող «Triumph Motorcycles» ընկերության գործարանի աշխատակիցները դուրս վռնդեցին նոր սեփականատեր հանդիսացող՝ «Norton Villiers Triumph» ընկերության ներկայացուցիչներին, այն բանից հետո, երբ այդ ընկերությունը հայտարարեց Մերիդենի գործարանը փակելու իր մտադրության մասին[5]։ Նստացույցը տևեց ավելի քան մեկ տարի, մինչև բրիտանական կառավարությունը միջամտեց և ստեղծվեց «Meriden Motorcycle» կոոպերատիվը[5], որը մոտոցիկլետներ էր արտադրում մինչև փակվելը՝ 1983 թվականը։

Նստացույց-գործադուլը քաղաքական նստացույցերի համար ոգեշնչման աղբյուր դարձավ։ Այս պարագայում ցուցարարը կամ ցուցարարների խումբը նստացույց անելու նպատակով գրավում են որոշակի տարածք և հրաժարվում հեռանալ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել