Զստաղիք (/ˈɪliəm/), բարակ աղիքի վերջնահատված՝ առկա բարձր ողնաշարավորների մեծ մասի մոտ, ներառյալ կաթնասունները, սողունները, թռչունները։ Ձկների մոտ բարակ աղու բաժանումները այդքան էլ հստակ չեն, և «զստաղի» տերմինի փոխարեն հետին աղի կամ հեռակա աղի տերմինները[1]։ Նրա հիմնական գործառույթը վիտամին B12-ի, լեղու մեջ առկա աղերի և մարսողական այլ արտադրանքների կլանումն է, որոնք չեն ներծծվել աղիճ աղիքի կողմից:

Զստաղիքը հաջորդում է տասներկումատնյա աղիքին և աղիճ աղիքին, իսկ կույր աղիքից բաժանված է զստակույրաղիքային (իլիոցեկալ) փականով։ Մարդկանց մոտ զստաղիքը ունի 2-4 մ երկարություն, իսկ ջրածնային ցուցիչը նորմայում գտնվում է 7-8 միջակայքում (չեզոք կամ թույլ հիմնային

Լատիներեն անվանումը ծագել է հունարեն εἰλεός (eileós) բառից, ինչը վերաբերում է բժշկական վիճակին, հայտնի որպես իլեուս։

Կառուցվածք

խմբագրել

Զստաղիքը բարակ աղիքի երրորդ և վերջնական հատվածքն է։ Այն հաջորդում է աղիճ աղիքին և վերջանում զստակույրաղիքային անկյան մոտ, որտեղ այն կապված է կույր աղու հետ զստակույրաղիքային կամ իլեոցեկալ փականով։ Զստաղիքը աղիճ աղիքի հետ միասին գտնվում է բարակ աղու միջընդերքի մեջ, որը որովայնամզի կրկնածալք է և պարունակում է բարակ աղիքը սնող արյան (միջընդերային վերին զարկերակ և երակ), ավշային անոթներ և նյարդաթելեր[2]։

Աղիճ աղիքի և զստաղիքի միջև անատոմիական սահմանազատման գիծ չկա: Այնուամենայնիվ, նրանց միջև կան նուրբ տարբերություններ[2]

  • Զստաղու միջընդերքում ավելի շատ է ճարպի քանակությունը, քան աղիճ աղու միջընդերքում
  • Աղիճ աղու տրամագիծն ավելի փոքր է, իսկ պատերն ավելի բարակ են, ի տարբերություն զստաղու
  • Զստաղու շրջանաձև ծալքերն ավելի թույլ են արտահայտված և բացակայում են նրա վերջնահատվածում
  • Թեև ամբողջ մարսողական ուղին պարունակում է ավշային հանգույցի կուտակումներ, միայն զստաղիքը ունի Պեյերյան բծեր, որոնք ավշային հանգույցների կուտակումներ են և պարունակում են մեծ քանակությամբ լիմֆոցիտներ և իմուն համակարգի այլ բջիջներ։

Հյուսվածաբանություն

խմբագրել

Չորս շերտերը, որոնք կազմում են զստաղիքի պատը, բնորոշ են ստամոքսաղիքային համակարգի մյուս բաժիններին ևս: Ներսից դուրս հաջորդականությունն է[3]:589

  • Լորձաթաղանթ, իր հերթին բաղկացած երեք թիթեղից․
    • Բարձր բջիջների մեկ շերտ, որը ծածկում է օրգանի լուսանցքը: Էպիթելը, որը կազմում է լորձաթաղանթի ներքին մասը, բաղկացած է հինգ տարբեր տեսակի բջիջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական գործառույթը։ Աղիքային էնտերոցիտներն ունեն միկրոթավիկներ, որոնց միջոցով մարսում և ներծծում են սննդանյութերը։ Գավաթաձև բջիջներն արտազատում են մուցին, որը խոնավեցնում է օրգանի պատերը և պաշտպանում պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությունից։ Պանետի բջիջները առավել տարածված են զստաղիքի վերջնահատվածում, հայտնաբերվում են միայն աղիքային գեղձերի ստորին հատվածներում և արտազատում հակամանրէային նյութեր, ինչպիսիք են ալֆա-դեֆենսինները և լիզոզիմը[4]։ Միկրոֆոլիկուլային բջիջները կլանում են անտիգեններին լուսանցքից և տեղափոխում դեպի լորձաթաղանթի սեփական թիթեղի լիմֆատիկ բջիջներ։ Էնտերոէնդոկրին բջիջները հորմոններ են արտազատում։
    • Լորձաթաղանթի սեփական թիթեղ՝ կազմված փուխր շարակցական հյուսվածքից։ Այն պարունակում է հերմինատիվ կենտրոններ և լիմֆոիդ հյուսվածքի մեծ կուտակումներ, որոնք կոչվում են Պեյերյան բծեր, և համարվում են զստաղիքի տարբերակիչ հատկանիշները[3]:589։
    • Լորձաթաղանթի մկանային թիթեղ, որը կազմված է հարթ մկանաթելերի բարակ շերտից։
  • Ենթալորձաային շերտը ձևավորված է խիտ չձևակերպված շարակցական հյուսվածքից, որը պարունակում է մեծ քանակությամբ արյունատար անոթներ և նյարդային բաղադրիչ, որ կոչվում է ենթալորձային հանգույց, որը հանդիսանում է աղիքային նյարդային համակարգի մի մասը[3]:589:
  • Մկանային թաղանթը կազմված է հարթ մկանների երկու շերտից՝ ներքին շրջանաձև և արտաքին երկայնաձիգ։ Այս երկու շերտերի միջև գտնվում է միջմկանային (աուերբախյան) հյուսակը, որ կազմված է նյարդային հյուսվածքից և համարվում է աղիքային նյարդային համակարգի կարևորագույն մասը։
  • Շճաթաղանթը կազմված է մեզոթելից՝ տափակ բջիջների մեկ շերտ, նրա տակ գտնվող շարակցական և ճարպային հյուսվածքի տարբեր քանակություններով: Այս շերտը ներկայացնում է ընդերային որովայնամիզը և միջընդերքի հետ չունի ընդհատումներ[3]:571։

Զարգացում

խմբագրել

Բարակ աղիները զարգանում են նախնական աղիքային խողովակի միջնամասից՝ միջին աղուց[5]։ Սաղմնային կյանքի հինգերորդ շաբաթվա ընթացքում զստաղիքը սկսում է աճել երկարությամբ շատ մեծ արագությամբ՝ ձևավորելով U-աձև ծալք, որը կոչվում է առաջնային աղիքային հանգույց. Այս հանգույցի մոտակա ծայրից զարգանում է զստաղիքը։ Հանգույցը երկարում է այնքան արագ, որ գերազանցում է որովայնի խոռոչը և դուրս է ցցվում պորտի միջով։ 10-րդ շաբաթվա ընթացքում հանգույցը հետ է քաշվում որովայնի խոռոչ: Վեցերորդ և տասներորդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում բարակ աղիքը պտտվում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ, եթե դիտենք սաղմի առջևից: Որովայնի խոռոչ հետ քաշվելուց հետո այն պտտվում է ևս 180 աստիճանով։ Այդ գործընթացը հետևանքով հաստ աղիքը ստանում է իրեն բնորոշ ոլորապտույտ ձևը[5]։

Պտղի մոտ զստաղիքը միացված է պորտալարին վիտլինային ծորանով։ Մարդկանց մոտավորապես 2-4%-ի մոտ այս ծորանը չի փակվում ծնվելուց հետո առաջին յոթ շաբաթվա ընթացքում՝ թողնելով մնացորդ, որը կոչվում է Մեկելյան դիվենրտիկուլ[6]։

Գործառույթ

խմբագրել

Զստաղիքի հիմնական գործառույթը վիտամին B12-ի, լեղու աղերի և մարսողական բոլոր մնացորդների կլանումն է, որոնք չէին ներծծվել աղիճ աղու կողմից: Պատը բաղկացած է ծալքերից, որոնցից յուրաքանչյուրն իր մակերեսին ունի բազմաթիվ փոքրիկ մատների նման արտափփքումներ, որոնք կոչվում են թավիկներ: Իրենց հերթին, թավիկները ծածկող էպիթելային բջիջներն էլ ավելի շատ միկրոթավիկներ ունեն: Այսպիսով, զստաղիքը չափազանց մեծ մակերես ունի ինչպես ֆերմենտային մոլեկուլների ադսորբցիայի, այնպես էլ մարսողական արտադրանքների կլանման համար: Զստաղիքի ցրված նեյրոէնդոկրին բջիջները արյան մեջ արտազատում են տարբեր հորմոններ (գաստրին, սեկրետին, խոլեցիստոկինին): Զստաղիքի բջիջները աղիքի լուսանցքի մեջ արտազատում են պրոտեոլիտիկ և ածխաջրածնային ֆերմենտներ, որոնք պատասխանատու են սպիտակուցների և ածխաջրերի մարսողության վերջին փուլերի համար։ Այդ ֆերմենտները առկա են էպիթելային բջիջների ցիտոպլազմայում:

Թավիկները պարունակում են մեծ թվով մազանոթներ, որոնց միջոցով մարսողության վերջնանյութերը՝ ամինաթթուները և գլյուկոզան ներթափանցում են դռներակ, այնուհետև լյարդ։ Թավիկներում առկա են նաև ավշային անոթներ, որոնք կլանում են ճարպաթթուները և գլիցերինը՝ ճարպերի մարսողության վերջնանյութերը։ Շրջանաձև և երկայնական հարթ մկանների շերտերը թույլ են տալիս կերակրահյութին (որը իրենից ներկայացնում է մասամբ մարսված սննդի և ջրի խառնուրդ) շարժվել զստաղիքի միջով, օգտագործելով մկանային կծկումների ալիքները՝ պերիստալտիկան։ Մնացած կերակրահյութը մտնում է հաստ աղի:

Կլինիկական նշանակություն

խմբագրել

Զստաղին կարևոր դեր ունի բժշկության մեջ, քանի որ կարող է ախտահարվել մի շարք հիվանդությունների դեպքում[7], այդ թվում՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Guillaume, Jean; Praxis Publishing; Sadasivam Kaushik; Pierre Bergot; Robert Metailler (2001). Nutrition and Feeding of Fish and Crustaceans. Springer. էջ 31. ISBN 1-85233-241-7. Վերցված է 2009-01-09-ին.
  2. 2,0 2,1 Moore KL, Dalley AF, Agur AM (2013). Clinically Oriented Anatomy, 7th ed. Lippincott Williams & Wilkins. էջեր 241–246. ISBN 978-1-4511-8447-1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ross M, Pawlina W (2011). Histology: A Text and Atlas. Sixth edition. Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-7200-6.
  4. Santaolalla R, Fukata M, Abreu MT (2011). «Innate immunity in the small intestine». Current Opinion in Gastroenterology. 27 (12): 125–131. doi:10.1097/MOG.0b013e3283438dea. PMC 3502877. PMID 21248635.
  5. 5,0 5,1 Schoenwolf, Gary C.; Bleyl, Steven B.; Brauer, Philip R.; Francis-West, Philippa H. (2009). «Development of the Urogenital system». Larsen's human embryology (4th ed.). Philadelphia: Churchill Livingstone/Elsevier. էջ 237. ISBN 9780443068119.
  6. Sagar J.; Kumar V.; Shah D. K. (2006). «Meckel's diverticulum: A systematic review». Journal of the Royal Society of Medicine. 99 (10): 501–505. doi:10.1177/014107680609901011. PMC 1592061. PMID 17021300.
  7. Cuvelier, C.; Demetter, P.; Mielants, H.; Veys, E.M.; De Vos, M (Jan 2001). «Interpretation of ileal biopsies: morphological features in normal and diseased mucosa». Histopathology. 38 (1): 1–12. doi:10.1046/j.1365-2559.2001.01070.x. PMID 11135039. S2CID 28873753.