Որովայնամիզ
Որովայնամիզ (peritoneum), որովայնի պատերը ներսից և որովայնի խոռոչում տեղադրված օրգաններն արտաքինից պատող շճաթաղանթ։ Որովայնամիզը շատ բարակ է, թափանցիկ, փայլուն, բաց վարդագույն, հարուստ է արյան և ավշային անոթացանցով ու զգացող նյարդային վերջույթներով։ Կազմված է նյարդաշարակցահյուսվածքային հենքից, ազատ մակերեսը ծածկված է մեզոթելային բջջաշերտով։ Որովայնամիզը բաղկացած է առպատային և ընդերային թերթիկներից, առաջինը պաստառում է որովայնի պատերը ներսից, երկրորդը՝ օրգաններն արտաքինից։ Օրգանները որովայնամիզով պատված են՝ մեկ, երեք կամ բոլոր կողմերից և համապատասխանաբար անվանվում են՝ արտաորովայնամզային, միջորովայնամզային և ներորովայնամզային։ Որովայնամիզը որովայնի պատից օրգանին կամ օրգանից օրգան անցնելիս գոյացնում է կապաններ, որոնք անվանվում են համապատասխան օրգանների անուններով, միայն աղիքների որովայնամիզը կոչվում է միջընդերք։ Որովայնամիզը գոյացնում է նաև փոքր ու մեծ ճարպոնները։ Որովայնամզի թերթիկների ազատ, շփվող, մակերեսներով սահմանվում է որովայնամզային խոռոչը, որը պարունակում է փոքր քանակությամբ շճային հեղուկ։ Վերջինս խոնավ է պահում օրգանների մակերեսները և հեշտացնում միմյանց հպված օրգանների շփումներն ու շարժումները։ Որովայնամիզը օրգանների համար կատարում է պատնեշային, պաշտպանողական ֆունկցիա։ Հիվանդություններից առավել վտանգավոր է որովայնամզի բորբոքումը։

Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 650)։ |