Մայիս Ավդալբեգյան

հայ գրականագետ

Մայիս Թադևոսի Ավդալբեգյան (ապրիլի 5, 1918(1918-04-05), Իգդիր, Սուրմալուի գավառ - փետրվարի 5, 1983(1983-02-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1972), ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչ։

Մայիս Ավդալբեգյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1918(1918-04-05)
ԾննդավայրԻգդիր, Սուրմալուի գավառ
Մահացել էփետրվարի 5, 1983(1983-02-05) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ
Ծնողներհայր՝ Թադևոս Ավդալբեգյան

Տնտեսագետ, հայագետ Թադևոս Ավդալբեգյանի դուստրը։

ԿենսագրությունԽմբագրել

Մայիս Ավդալբեգյանը ծնվել է 1918 թվական ապրիլի 5-ին, Երևանի նահանգի Իգդիր քաղաքում, պատմաբան, բանասեր, տնտեսագետ, թարգմանիչ Թադևոս Հայրապետի Ավդալբեգյանի և Արաքսյա Հակոբի Կանայա-Ավդալբեգյաի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Փարպի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1942 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրան և հայագետ Մանուկ Աբեղյանի ղեկավարությամբ մասնագիտացել հայ հին և միջնադարյան գրականության բնագավառում։ 1944-1947 թվականներին աշխատել է Գրականության ինստիտուտում։ 1946 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Խաչատուր Կեչառեցի» թեմայով։ 1947-1953 թվականներին դասախոսել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որտեղ վարել է հայ հին գրականության պատմության դասընթացը։ 1953 թվականին վերադարձել է Երևան և կրկին աշխատանքի անցել Գրականության ինստիտուտում։ 1972 թվականին Ավդալբեգյանը պաշտպանել է «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» թեմայով դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1977 թվականից մինչև իր կյանքի ավարտը վարում է ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը՝ մեծապես նպաստելով հայագիտության այս ճյուղի զարգացմանը[1][2]։

Գիտական գործունեությունԽմբագրել

Ավդալբեգյանի գիտահետազոտական գործունեությունն ընթացել է երկու ուղղություններով՝ հայ միջնադարյան գրական հուշարձանների քննական բնագրերի պատրաստում ու հրատարակում և դրանց գրականագիտական ուսումնասիրում ու գնահատում։ Մասնակցելով «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» արժեքավոր հրատարակության (1957) աշխատանքներին՝ Ավդալբեգյանը պատրաստել է ժողովածուում ընդգրկված առակների ու պարականոն զրույցների բնագրերն ու ծանոթագրությունները։ Ավդալբեգյանը գրականագիտական ընդարձակ ուսումնասիրություններով ու ծանոթագրություններով հրապարակ է հանել նաև Խաչատուր Կեչառեցու (1958) և Գրիգորիս Աղթամարցու (1963) տաղերի քննական բնագրերը, որոնք «Միջնադարյան հայ տաղերգուներ» հայտնի մատենաշարի 1-ին և 6-րդ գրքերը եղան։ «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» (1971), «Յայսմաւուրք» ժողովածուները և նրանց պատմագրական արժեքը» (1982) մենագրություններում անդրադառնալով վարք-վկայաբանական, պատմագրական, հայսմավուրքային երկերի և պարականոն զրույցների քննությանը, նա դրանք արժեքավորել է զուտ գեղարվեստական արձակի դիտակետից՝ բացահայտելով առանձին տեսակների ժանրային, կերպավորման, կառուցվածքային և ոճական մի շարք օրինաչափություններ[1]։

Ավդալբեգյանը հետազոտել է Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյան ի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական վաստակը և իր հոդվածներով ու զեկուցումներով հայտնաբերել և հաստատել ազգային հին գրականության լավագույն ավանդների յուրովի շարունակություն նոր և խորհրդահայ դասականների երկերում[1]։

Նշանակալից է Ավդալբեգյանի ավանդը հոր՝ Թադևոս Ավդալբեգյանի ժառանգության անտիպ նյութերի հրատարակման և պատմական ճշմարտության հրապարակման գործերում։

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

Ավդալբեգյանը գիտահետազոտական գործունեությունը հաջոզությամբ զուգակցել է գիտամանկավարժական աշխատանքով։ Համատեղության կարգով դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, աշխատել ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում՝ մասնակցել դպրոցական դասագրքերի ու ծրագրերի ստեղծման գործին[1][3]։

ՄահԽմբագրել

Մահացել է 1983 թվականի փետրվարի 5-ին, Երևանում։

ԵրկերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մայիս Ավդալբեգյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Կոհա առցանց քարտարան, Որոնման արդյունքներ համար, Ավդալբեգյան, Մայիս Թադևոսի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2020-04-19 
  4. Ավդալբեգյան Մայիս (1982)։ "Հայսմաւուրք" ժողովածուները եվ նրանց պատմագրական արժեքը (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն 

Արտաքին հղումներԽմբագրել