Մամրիչ խաղողատերև

բույսերի տեսակ
Մամրիչ խաղողատերև
Մամրիչ խաղողատերև
Մամրիչ խաղողատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Anemoneae
Ցեղ Մամրիչ (Clematis)
Տեսակ Մամրիչ խաղողատերև (C. vitalba)
Միջազգային անվանում
Clematis vitalba

Մամրիչ խաղողատերև (լատին․՝ Clematis vitalba), հրանունկազգիների ընտանիքի, մամրիչների ցեղի ծածկասերմ բույս։ Ծառանման լիան է՝ մինչև 10 մ բարձրությամբ, խիստ անկյունավոր, ավելի ուշ՝ ճաքճքվող, ակոսավոր կեղևով։ Տերևները կենտ փետրաձև են, 5 բլթականի, նստած 1-3 սմ երկարությամբ տերևակոթունների վրա։ Տերևիկները ձվաձև են կամ ձվաձև-նշտարաձև, 3-10 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, սրածայր կամ սրված, հիմքում կլորավուն կամ թեթևակի սրտաձև, խոշոր ատամնաեզր, երբեմն՝ ամբողջաեզր կամ եռաբլթակ, երկու կողմերից, շղերի ուղղությամբ, թույլ մազմզուկապատ կամ գրեթե մերկ։ Ծաղիկները մինչև 2 սմ տրամագիծ ունեն, սպիտակ են, հավաքված հուրանանման ծաղկաբույլերում, թույլ բուրմունքով, գտնվում են տերևածոցերում կամ ընձյուղների գագաթին։ Բաժակաթերթիկները բութ են, դեղնավուն, արտաքինից խիտ սպիտակ մազմզուկապատ, մինչև 10 մմ երկարության, փետրամազմզուկապատ ելուստով։ Ծաղկում է հունիս-հուլիսին[1]։

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային և կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում, ամենուրեք ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրության վրա, անտառաեզրերին, բացատներում, թփուտներում։ Պիտանի է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային, ինչպես նաև անտառային գոտու բնակավայրերի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար[1]։

Նկարագրություն խմբագրել

2-5 մ երկարությամբ ցողուններով սողացող թուփ է։ Տերևները երկար կոթուններով են, փետրաձև, սրտաձև հիմքով ձվաձև սուր տերևիկներով են։ Հուրանաձև ծաղկաբույլը բազմածաղիկ է։ Ծաղիկները ակտինոմորֆ են, իսկ 8-12 մմ երկարությամբ ծաղկապատի տերևիկները՝ դեղնավուն։ Պտուղը բազմաընկույզիկ է, ընկույզիկները բարակ երկար աղվամազով ծածկված կտուցով են[2]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Նոյեմբերյան, Ջուջևան)։ Աճում է նաև Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում[2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփերի մացառուտներում, ցանկապատերի երկարությամբ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Նկատի ունենալով տեսակի շատ լայն ընդհանուր տարածումը՝ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 126։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ խաղողատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ խաղողատերև» հոդվածին։