Բացել գլխավոր ցանկը

Դեղձուտի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել XIII դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները։

ՊատմությունԽմբագրել

Դեղձուտի վանքը եղել է պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր։ ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը Մակարավանքի հետ միասին նշանավոր տեղ են գրավում հայ արվեստի պատմության մեջ։

Գլխավոր եկեղեցու դռան բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Պողոս և Քաղաք վարպետների ստորագրությունը կրող մի յուրահատուկ խաչ֊քար կա վանքի մուտքի հյուսիսային կողմում։ Խաչքարը վաղուց ի վեր ընկել է պատվանդանից ու կոտրվել, բաժանվելով մի քանի մասի։ 1948 թվականին հուշարձանախումբը հետազոտող հնագետները բեկորները իրար միացնելով վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը, և պարզվել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ։ Վանքի հիմնադրման տեղեկություններում հիշատակված են երկու անուն առաջինը՝ սպասալար Աթաբեկ Սադունը (1260 - 1280 թթ.), իսկ մյուսը՝ Հաղբատի վանքի առաջնորդ Տեր-Հովհաննես Դ. (1257 - 1280 թթ.)։ Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձուտի այլ արձանագրությունների մեջ հիշատակվում է 1275 և 1292 թվականներին։ Նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում և թափված քարերի հարվածներից կոտրվել է շիրիմաքարը, բայց երկու տողանոց անթվակիր արձանագրությունը վերծանվում է լրիվ։ Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան ամիրսպասալար Սադունի օրոք։ Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքը նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ։ Ենթադրվում է, որ Դեղձուտը իբրև հոգևոր կենտրոն և. Գրչության օջախ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։

ՃարտարապետությունԽմբագրել

Դեղձուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց։ Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը։

Գլխավոր եկեղեցիԽմբագրել

Գլխավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով։ Դահլիճը գմբեթավոր է, ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում եկեղեցու բեմն է՝ երկհարկ խորաններով, որոնց դռները բացվում են արևմտյան կողմից, եկեղեցու մեջ, իսկ վերևինները կիսաշրջան աբսիդում։ Հուշարձանի քանդակազարդերի պսակը համարվում է արևմտյան շքամուտքի երեսակալը, որն իր կատարման արվեստով և զարդերի հորինվածքով բացառիկ ճոխ է, ծածկը իրականացված է չորս կիսասյուները միացնող կամարների վրա, որոնք նեցուկ են այժմ կիսավեր, կլոր թմբուկի և գմքեթի համար։ Եկեղեցու կառուցման ժամանակը հայտնի չէ, բայց հատակագիծը և ճարտարապետական ձևերը կարելի է վերագրել 13-րդ դարին։

ԳավիթԽմբագրել

Գավիթը կառուցված է սրբատաշ քարով, արևմտյան կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Տանիքը կառուցված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա, որոնք կենտրոնում կազմում են երդիկով ցածրանիստ գմբեթը։ Գավթի արտաքին երկու դռներից գլխավորը արևմտյանն է, որը ինչպես և եկեղեցու շքամուտքը ճարտարապետական հետաքրքիր լուծում ունի։ Հատակը և տանիքը սալարկած են։ XIII դ. նվիրատվական արձանագրությունը ապացուցում է, որ այն ժամանակակից է եկեղեցուն։

Երկրորդ եկեղեցիԽմբագրել

Դեղձուտի վանքի մյուս եկեղեցին գտնվում է հյուսիսային կողմում, կանգուն վիճակում։ 13-րդ դարի պարզ ձևերով հուշարձան է՝ մի քանի անգամ վերանորոգված։

ԳրականությունԽմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։
  • Սարգսյան Գ․, Դեղձնուտի վանքը և նրա վիմագրությունը․ «Էջմիածին», 1953, N4։
  • Դիվան հայ վիմագրության, պրակ 6, Երևան, 1977։