Հովտուն

գյուղ ՀՀ Շիրակի մարզում

Հովտուն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Գյուղ
Հովտուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԱլաքիլիսա, Բայթար
Մակերես12.4 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն221[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Հովտուն (Հայաստան)
Red pog.png

Հովտուն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Նախկինում Ալաքիլիսա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Հունաբնակ գյուղի պատմությունը

1921 թվականին Օսմանյան կայսրությունն իմանում է, որ Հայաստանում կա Բայթար անունով հունական գյուղ, որտեղ մոտ 600 հույներ են բնակվում։ Որոշում է կայացվում կոտորել Բայթար գյուղի բնակիչներին։

1921 թվականի դեկտեմբեր ամսին Բայթար գյուղին կից Բանդիվան հայկական գյուղ են ձիերով գալիս մոտ 40 զինված ասկյար։ Մեկ-երկու օր մնալով Բանդիվանում, տեղեկանում են Բայթարի բնակիչների ապրելակերպից, հարստությունից և 40 հեծյալով հարձակվում են գյուղի վրա։

Սկզբում բոլոր տղամարդկանց, մոտ 150 հոգու լցնում են գյուղի եկեղեցին և, տուն-տուն անցնելով, սկսում թալանը։

Կեսօրից հետո եկեղեցու տղամարդկանց ասկյարներն ասում են, որ պետք է իրենց տանեն Ճջխլարի՝ այժմ Ցողամարգի, ճանապարհի վրա աշխատանքներ կատարելու։ Շարասյուն կազմելով 30 ձիավորի ուղեկցությամբ 150 տղամարդու տանում են Բանդիվանի ուղղությամբ։

Երբ ճանապարհից շեղվում են, տղամարդիկ սկսում են կասկածել, որ իրենց տանում են աշխատացնելու նպատակով։ Կիրակոսը մի ոտքից կաղում էր, միշտ ետ էր մնում շարասյունից։ Ասկյարներն ավելորդ գլխացավանքից ազատվելու համար՝ տեղում գնդակահարում են նրան։ Այս փաստից,գերվածները հասկանում են, որ իրենց գնդակահարելու են տանում։

Երբ շարասյունը հասնում է երկու սարերի արանքը, ասկյարները հրամայում են տղամարդկանց ձորակի մեջ հավաքվել։ Այդ տեղանքում բնական աղբյուրներ շատ կային և յուրաքանչյուր աղբյուր իր ձորակն ուներ, որոնց խորությունը կարող էր հասնել 1-2 մետրի։

Հարմար տեղավորվելով վերևում, ասկյարները սկսում են գնդակահարել հույն տղամարդկանց։

Իվանյան Իվանը, ում գյուղում Իվան Ապեր էին կոչում, նույնպես ձորակում էր և, իր պատմելով, կենդանի էր մնացել իր կարճ հասակի շնորհիվ։ Րոպեների ընթացքում ձորակը լցվել է դիակներով ու, երբ թուրքերը սկսել են կենդանի մնացած վիրավորներին սպանել, մեկը խնդրել է չսպանել իրեն, փոխարենը ոսկի կտա։ Սակայն կրակոցը լռեցրել է այդ մարդու ձայնը։ Իվան Ապերը, հայտնվելով դիակների տակ, կենդանի է մնացել նույնիսկ այն դեպքում, երբ ասկյարները սրերով ծակում էին արդեն սպանվածների մարմինները։

Որոշ ժամանակ Իվան Ապերը պառկած մնալով և լսելով, որ ասկյարները հեռացել են, դուրս է գալիս դիակների տակից ու սկսում փնտրել կենդանի մնացած համագյուղացիներին։

Դիակների տակից դուրս են գալիս Մինասյան Տիգրանը, ում Տիգրան Ապեր էին կոչում, Գյուրջյան Ադան, Կարապետյան Սումբաթը։

150 հույն տղամարդկանցից չորսին է հաջողվում կենդանի մնալ այս սահմռկեցուցիչ սպանդից։ Հրաշքով ողջ մնացած չորս համագյուղացիներով սարի բարձունքից հետևում են գյուղում կատարվածին, թալան ու բռնություն, կրակոցներ, երեխաների ճիչ։ Ադան ու Սումբաթը որոշում են գյուղ մտնել։ Իվանի ու Տիգրանի հորդորներին չլսելով՝ նրանք իջնում են Բայթար, բայց, գյուղին չհասած, սպանվում են ասկյարների կողմից։

Մինչև մութն ընկնելը Իվանն ու Տիգրանը հետևում էին, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց իսկ սայլերը բարձում թալանված իրերով։ Իվան Ապերը չգիտեր, որ ասկյարները հայտնաբերել են իր հինգ երեխաների թաքստոց կարտոֆիլի հորը և այրել այն երեխաների հետ միասին։ Գյուղի բնակիչների մի մասին ասկյարները տանում են թալանի հետ, մնացածին՝ հատկապես հասակավոր կանանց, տան մեջ սպանում են։

Տիգրանն ու Իվանը, գիշերն անցկացնելով Արփաչայի ձորում, լույսը չբացված ուղևորվում են դեպի Գյումրի՝ այն ժամանակ Ալեքսանդրապոլ։

Ձմեռն անցկացնելով Գյումրիում, գարնանը վերադառնում են Բայթար, սակայն գյուղում կենդանի շունչ չեն գտնում։ Ամենուրեք դիակներ էին, ձորակը լցված էր սառած դիակներով։ Իվանն ու Տիգրանն օգնության են կանչում բանդիվանցիներին և ձորակը դարձնում եղբայրական գերեզման։

Այնուհետև Բայթար են գալիս գյուլերանցի գաղթականները, ովքեր Կաթնաղբյուր էին գաղթել, գտնում են Բայթարի քահանային և խնդրում բնակարաններ վաճառել իրենց։ Քահանան ասում է, որ գյուղում կենդանի շունչ չկա, տներում մենակ դիակներ են, գնացեք, որ տան դուռը կուզեք բացեք ձերն է, մենակ դիակները քրիստոնեավայել թաղեք։

Այսպես Բայթարը հունական գյուղից վերածվեց գաղթականների գյուղի։ Նորաբնակների պատմելով վառված տներում, գոմերում, ցախատներում բազմաթիվ մարդկային ոսկորներ են եղել։

Իվանն ու Տիգրանը, կորցնելով իրենց ընտանիքներն ու հարազատներին, բնակություն են հաստատում Բայթարում։

Տարիներ անց, մոտ 1950 թվականին, Բայթար են ժամանում ինչ-որ անծանոթ մարդիկ, հայտնում, որ Բայթարից են և թուրքերն իրենց բռնի ուժով Թուրքիա են տարել, եկել են իրենց ծննդավայրը տեսնելու։ Բայթարցիների հետ հյուրերը ողբերգական ձորակի մի մասը ցանկապատում են և ծաղիկներ դնում եղբայրական գերեզմանին։

Տիգրան Ապերի երազանքն էր հուշարձան կառուցել ողբերգության վայրում, սակայն 1964 թվականին մահացավ՝ առանց իրականացնելու իր երազանքը

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության նախնիների մի մասը եկել է Կարսի մարզից 1918-20թթ.: Որոշ աղբյուրներում Հովտունը հիշատակվում է որպես հնաբնակ գյուղ։ 19-րդ դարի սկզբին այստեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ:1831 թ-ին գյուղն ունեցել է 27 ադրբեջանցի բնակիչ, իսկ 1897թ.-ին` 220, 1926 թ-ին` 352, 1939 թ-ին` 477, 1959 թ-ին` 236, 1970 թ-ին` 207, 1979 թ-ին` 253 հայ բնակիչ։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 185 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 27%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 21%։

Նախնիները

Հովտունի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 27 220 352 477 236 207 253 238 190 198

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 264հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 109 և 633 հեկտար։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Հովտունն ունի “Քանդված ժամ” (Սբ. Սարգիս) եկեղեցի և կաթոլիկ մատուռ։ Գյուղի մոտակայքում է գտնվում “Բերդեր” ամրոցը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 70
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 5 

Արտաքին հղումներԽմբագրել