Հովհաննես Հովհաննիսյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սիսակի Հովհաննիսյան (1922, Ամբերդ, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Հովհաննես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Ամբերդ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1922 թվականին, Էջմիածնի շրջանի Ամբերդ գյուղում։ 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և ընդունվել Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտի բնագիտական-աշխարհագրական ֆակուլտետը։ Ինստիտուտը չավարտած նրան ուղարկել են Աշտարակի շրջանի Թղիթ գյուղի 7-ամյա դպրոցը՝ որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ[1]։
1942 թվականի մարտին Հովհաննեսը զորակոչվել է բանակ և ծառայությունն սկսել 409-րդ հայկական դիվիզիայում, մարտական մկրտությունը ստացել 1942 թվականին Մոզդոկի ուղղությամբ մղված մարտերում։ Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո ծառայել է 312-րդ հրաձգային դիվիզիայում, որի կազմում մասնակցել է Բրյանսկի, ապա՝ Սմոլենսկի մարտերին։ Հովհաննեսի դասակը հաջողությամբ է կատարել մարտական առաջադրանքը, որի համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի։ Կրասնի-Գոր երկաթուղային կայանի ազատագրման մարտերում երկրորդ անգամ է վիրավորվել, բայց շարունակել է մնալ գործող բանակում։ Դիվիզիայի կազմում մասնակցել է Պոլոցկ քաղաքի ազատագրմանը։ Հովհաննեսը երրորդ անգամ է վիրավորվել և 1944 թվականին որպես հաշմանդամ զորացրվել է բանակից։ Ռազմաճակատում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով[1]։
Զորացրվելուց հետո Հովհաննիսյանը անցել է մանկավարժական աշխատանքի։ Պաշտոնավարել է Ամբերդ, Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղերում։ 1970 թվականից եղել է Ամբերդ գյուղի դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը և պատմության ուսուցիչը։ Եղել է գյուղխորհրդի պատգամավոր, ղեկավարել է «Գիտելիք» ընկերության աշխատանքները։ Լավագույն աշխատանքի համար արժանացել է պատվոգրերի և գովասանագրերի[1]։
Պարգևներ
խմբագրել- «Խիզախության համար» մեդալ