Ցինդաո (չինարեն՝ 青岛), քաղաք Արևելյան Չինաստանում, Շանդուն նահանգում։ 2010 թվականին տվյալներով բնակչությունը կազմում է 8 715 087 մարդ։ Տրանսպորտային հանգույց է, խոշոր ծովային նավահանգիստ Դեղին ծովի Ցզյաոչժոուվան ծոցի ափին։ Զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը։ Կան լոկոմոտիվա-վագոնաշինություն, շոգետուրբինների, ռադիոսարքավորումների, հեծանիվների, ծանր բեռնատարների արտադրություն, նավանորոգում և նավաշինություն, քիմ․ արդյունաբերություն, պողպատաձուլական և ալյումինի գործարաններ, սննդի, ծխախոտի, կաշվի, ցեմենտի, լուցկու արդյունաբերություն։ Ձկնորսության, ծովային և աղարդյունահանության կենտրոն է, ծովային առողջարան։ Ցինդաոում գործում է օվկիանոսագրական ԳՀԻ, ծովային թանգարան։ 1897 թվականին Ցինդաոն զավթել է Գերմանիան և դարձրել ռազմածովային բազա, առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ Ցինդաոն զավթել են ճապոնա-անգլ․ զորքերը։ 1921-1922 թվականներին Վաշինգտոնի կոնֆերանսի որոշմամբ Ցինդաոն վերադարձվել է Չինաստանին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինդաո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։