Հերակլ Հավնունի

հայ իշխան

Հերակլ Հավնունի (նաև՝ Հերակղ, Հայրակղ, Հարակղ, 10-րդ դար - 11-րդ դար), հայ իշխան Բագրատունիների թագավորությունում, Հավնունիների նախարարական տոհմից։

Հերակլ Հավնունի
Գավառի իշխան
10-րդ դարի վերջ - 11-րդ դարի սկիզբ
 
Ծննդյան օր 10-րդ դար
Վախճանի օր 11-րդ դար
Դինաստիա Հավնունիներ
Քաղաքացիություն  Բագրատունիների թագավորություն

Կենսագրություն խմբագրել

 
Հերակլ Հավնունու արձանագրությունը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ գտնվող Դափուց վանքի արևմտյան պատի հարավային մասում:

Աշոտ Երկաթի (914-928) կառավարման ժամանակ Գեղարքունիք գավառն անջատվում է Սյունիքից և միացվում է Բագրատունիների թագավորությանը։ Շատ չանցած՝ Աբասի (928-953) կամ Աշոտ Ողորմածի (953-977) ժամանակներում Գեղարքունիքում տիրույթներ են շնորհվում Հավնունիների իշխանական տոհմին։ Այդ մասին է վկայում Նորատուսի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Դոփուց վանք) արևմտյան պատին պահպանված Հերակլ Հավնունու 10-րդ դարի վերջի և 11-րդ դարի սկզբի հետևյալ արձանագրության առկայությունը, որն ունի 4 տող․

  1. ՇՆՈՐՀԻՎ ԱՅ ԿԱՄ ԵՂԵՒ ԻՆՁ ՀԵՐԱԿՂԻ ՀԱ
  2. ՎՆՈՒՆՍ ԵՒ ԵՏՈՒ ԶՋՈՐՈՂԱՆՍ ։Բ։ (2) ԱՐՏ Ի ՍՈՒ
  3. ՐԲ ԳՐԻԳՈՐ ՀՐԱՄԱՆԱԻ ԳԱԳԿԱ ՇԱՀՆ
  4. ՇԱՀԻ ԵՒ ԳՆԵՑԻ ՋՐ[ԱՂԱՑ] ․․․

Այս անավարտ նվիրագրում Հերակլ Հավնունին հայտնում է, որ ինքը Գագիկ Ա Շահնշահի (990-1020) հրամանով երկու արտ է նվիրել եկեղեցուն և գնել, հավանաբար ջրաղաց, ինչն ակնհայտ է այդ բառի երկու՝ «ջր» տառերի փորարությունից[1][2]։

1000 թվականին Հերակլ Հավնունին Գավառում խաչքար է կանգնեցնում «յաւգնականութիւն» իրեն, կնոջն ու զավակներին[3]։ 1927 թվականի սեպտեմբերի 1-ին, այս արձանագիր խաչքարը Գավառի ձորամիջի գերեզմանատանը հայտնաբերում է Թադևոս Ավդալբեգյանը և այն փոխադրում քաղաքի Գյուղացու տան թանգարան (Գավառագիտական թանգարան)[4][5][6]։ Գտնվելու վայրն այժմ անհայտ է[7]։

  1. † ի թվականութեան
  2. Հաոց ՆԽԹ (1000) ի թագաւորութեան Գ
  3. [ագ]կա ես Հայրակղ կանգնեցի ս
  4. [ու]րբ Սարգիս յաւ[գ]նականութի
  5. [ւ]ն ինձ եւ ամուսնին եւ որդեացս իմ․ որ կ
  6. [արդ]ա, զիս յիշցե․ ես Հարակղ ազատ
  7. ․․․րաբաթա․․․ ի հողամասն եր․․․
  8. ․․․․․․ ո փառ․․․ բազում մե․․․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիվան հայ վիմագրության», Պրակ 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 18-19.
  2. «Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ։ (IX-XIV դդ.)», Ա.Գ.Մանուչարյան ; ԵՊՀ., Երևան, 2015, էջ 60․
  3. «Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ։ (IX-XIV դդ.)», Ա.Գ.Մանուչարյան ; ԵՊՀ., Երևան, 2015, էջ 61․
  4. «Նոր Բայազդի նորագյուտ սեպագիրն ու նրա հնագիտական միջավայրը», Թադևոս Ավդալբեգյան, Երևան, Հայպոլիգրաֆհրատ № 2, 1927․
  5. Տեղեկագիր ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի, 1927, № 2, Երևան, էջ 218․
  6. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 83.
  7. «Դիվան հայ վիմագրության», Պրակ 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 50.