Սըր Ֆրեդերիկ Հենրի Ռոյս, 1-ին բարոնետ (անգլ.՝ Sir Frederick Henry Royce, 1st Baronet, մարտի 27, 1863(1863-03-27)[1], Huntingdonshire, Միացյալ Թագավորություն - ապրիլի 22, 1933(1933-04-22)[1], Ուեսթ Ուիթերին, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ինժեներ, որը հայտնի է իր նախագծած ավտոմեքենաներով և ինքնաթիռների համար ստեղծած հուսալի և դիմացկուն շարժիչներով։ Չարլզ Ռոլսի (1877 – 1910) և Քլոդ Ջոնսոնի (1864 – 1926) հետ հիմնադրել է «Ռոլս-Ռոյս» ընկերությունը։

Հենրի Ռոյս
անգլ.՝ Henry Royce
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1863(1863-03-27)[1]
ԾննդավայրHuntingdonshire, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 22, 1933(1933-04-22)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՈւեսթ Ուիթերին, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանCambridgeshire
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, մեքենայի դիզայներ և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Henry Royce Վիքիպահեստում

«Ռոլս-Ռոյսը» նախապես կենտրոնացած է եղել միայն 40-50 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների արտադրության վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռոյսը նախագծել է իր առաջին աերոշարժիչները, որից հետո ինքնաթիռի շարժիչների արտադրությունը դարձել է «Ռոլս-Ռոյսի» հիմնական ուղղությունը։

1911 թվականին առողջական խնդիրների պատճառով Ռոյսը ստիպված թողել է Միդլանդի շրջանի Դերբի քաղաքում գտնվող իր գործարանը և մի խումբ կոնստրուկտորների հետ տեղափոխվել է Անգլիայի հարավ։ Մահացել է Սասեքսում գտնվող իր տանը 1933 թվականի գարնանը։

Վաղ շրջան խմբագրել

Ռոյսը ծնվել է Պիտերբորոյի մոտ գտնվող Հանթինգդոնշիր շրջանի Ալվալթոն գյուղում 1863 թվականին։ Նա եղել է Ջեյմս և Մերի Ռոյսերի հինգ զավակներից ամենակրտսերը։ Հայրը վարձակալությամբ ալրաղաց է աշխատացրել, բայց հաջողություն չունենալով՝ ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն։ 1872 թվականին՝ հոր մահից հետո, Ռոյսը ստիպված կիսատ է թողել ուսումը՝ դառնալով թերթերի ու հեռագրերի վաճառող-ցրիչ։

1878 թվականին մորաքրոջ ֆինանսական աջակցությամբ Ռոյսը աշակերտել է Մեծ հյուսիսային երկաթուղու՝ Պիտերբորոյում գտնվող արհեստանոցում։ Երեք տարի անց կարճ ժամանակ «Լիդս» գործիքներ արտադրող գործարանում աշխատելուց հետո վերադարձել է Լոնդոն և սկսել աշխատել «Էլեկտրական լույս և էներգիա» ընկերությունում։ 1882 թվականին տեղափոխվել է Լիվերպուլում գտնվող մասնաճյուղ[2], զբաղվել փողոցների և թատրոնների լուսավորությամբ։

1884 թվականին Ռոյսը՝ 20 ֆունտ ստերլինգ և նրա ընկեր Էռնեստ Քլերմոնթը 50 ֆունտ ստերլինգ ներդրումով Մանչեստրի շրջանի Հյում քաղաքում հիմնել են կենցաղային էլեկտրական սարքավորումների թողարկմամբ զբաղվող արտադրամաս։ «F. H. Royce and Company» անունը կրող ընկերությունը 1894 թվականին սկսել է արտադրել կայուն հոսանքի գեներատորներ և էլեկտրական ամբարձիչ կռունկներ և գրանցվել որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ 1899 թվականին այն վերագրանցվել է «Ռոյս» ՍՊԸ[2], որի նոր գործարանը բացվել է Մանչեսթերի Թրեֆորդ փարքում։

Համագործակցություն Ռոլսի հետ խմբագրել

 
Ռոյսի երկրորդ մեքենայի շարժիչը Մանչեսթերի գիտության թանգարանում

Երկրորդ անգլո-բուրական պատերազմից հետո, երբ առևտուրը զգալի անկում է ապրել և շուկայում հայտնվել են լուրջ մրցակից հանդիսացող Գերմանիայից և ԱՄՆ-ից ներմուծված ամբարձիչ կռունկներն ու գեներատորները, Ռոյսը սկսել է ավտոմեքենաները դիտարկել որպես ընկերության նոր հավանական արտադրանք[3]։ Մեխանիկական ամեն ինչով հրապուրված Ռոյսը 1901 թվականին ձեռք է բերել իր առաջին ավտոմեքենան՝ փոքր «Դե Դիոն», որոշ ժամանակ անց գնել է երկրորդը՝ «Դեքովիլ»[2]։ Բայց ավտոմեքենաները նրա բարձր պահանջներին չեն համապատասխանել։ Ռոյսը նախ կատարելագործել է դրանք, հետո որոշել է արտադրել իր սեփականը և 1904 թվականից գործի անցել իր արտադրամասի մի անկյունում։

Որոշ ժամանակ անց պատրաստ է եղել երեք ավտոմեքենա, որոնք անվանել է «Ռոյս»։ Ավտոմեքենաներից մեկը նա նվիրել է ընկերոջը՝ Էռնեստ Քլերմոնթին, իսկ մյուսը վաճառել է ընկերության տնօրեններից մեկին՝ Հենրի Էդմունդին[2]։ Վերջինս եղել է Չարլզ Ռոլսի ընկերը։ Ռոլսը Լոնդոնում ավտոսրահ է ունեցել, որտեղ վաճառել է ներմուծված մոդելներ։ Հենց Էդմունդն էլ 1904 թվականի մայիսի 4-ին կազմակերպել է Ռոլսի և Ռոյսի պատմական հանդիպումը Մանչեսթերի «Միդլենդ» հյուրանոցում։ Ռոլսը տպավորված է եղել Ռոյսի ստեղծած մեքենայով և 1904 թվականի դեկտեմբերի 23-ին նրանք համաձայնագիր են կնքել, որի համաձայն Ռոլսը պարտավորվել է ձեռք բերել Ռոյսի արտադրած բոլոր մեքենաները, որոնք պետք է կոչվեին «Ռոլս-Ռոյս»։

Առաջին «Ռոլս-Ռոյս» ավտոմեքենան ներկայացվել է Փարիզի ավտոցուցահանդեսում 1904 թվականի դեկտեմբերին։ 1906 թվականին Ռոլսը և Ռոյսը պաշտոնականացրել են իրենց համագործակցությունը՝ հիմնելով «Ռոլս-Ռոյս» ընկերությունը։ Ռոյսը եղել է ընկերության գլխավոր ինժեներն ու գործադիր տնօրենը, որին հատկացվել է 1250 ֆունտ ստերլինգ տարեկան աշխատավարձ և ընդհանուր եկամտի 4% -ը, որը գերազանցել է 10,000 ֆունտ ստերլինգը[3]։ Այսպես Ռոյսը գործում ներդրել է իր տեխնիկական փորձն ու գիտելիքները, իսկ Ռոլսը՝ ֆինանսիստի հմտությունները և գործարար խորաթափանցությունը։

Որոշ ժամանակ անց ընկերությունը սկսել է զբաղվել ինքնաթիռների շարժիչների արտադրությամբ։ Առաջինը թողարկել է «Ռոլս-Ռոյս Իգլ» անունով շարժիչները, որոնք ծառայել են բրիտանական բանակին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[4] առանց արտադրական կամ տեխնիկական խնդիրներ առաջացնելու[5]։

«Royce & Company»-ն շարունակել է իր գործունեությունը որպես առանձին կազմակերպություն։ 1932 թվականին այն գնել է Հերբերթ Մորիսը։ Ռոյսի նախագծած ամբարձիչ վերջին կռունկը արտադրվել է 1964 թվականին[2]։

Համագործակցությունը ավարտվել է, երբ Ռոլսը մահացել է 1910 թվականին ավիավթարի պատճառով։

Ռոլս-Ռոյս խմբագրել

 
Սըր Հենրի Ռոյսի արձանը Դերբիում

Ռոյսը միշտ շատ է աշխատել ու վատ սնվել։ Դա չէր կարող բացասական չազդել նրա առողջության վրա։ Վատառողջ Ռոյսը 1912 թվականին ստիպված դադարեցրել է Դերբիում գտնվող գործարան այցերը։ Նույն տարում էլ ծանր վիրահատություն է տարել Լոնդոնում։ Բժիշկները նրան ընդամենը մի քանի ամսվա կյանք են տվել։ Ռոյսը, չնայած դրան, շարունակել է աշխատել։ Գործարանում ստեղծված բոլոր մոդելները պարտադիր անցել են խիստ քննություն նրա կողմից, հետո միայն կյանք մտել։ Նա հայտնի է եղել ամեն ինչում կատարելության ձգտող իր բնավորությամբ։

1928 թվականին Ռոյսը սկսել է զբաղվել «R» շարժիչի նախագծմամբ։ Իր առաջատար ինժեներների հետ Սասեքսի Վեսթ Վիթերին գյուղի ծովափում զբոսնելիս իր գաղափարը հաղորդելու համար նա գծագրեր է արել անգամ ավազին։ Մեկ տարի անց «R» շարժիչն արդեն պատրաստ է եղել։ Այն համաշխարհային ռեկորդ է սահմանել ժամում 357.7 մղոն արագության հասնելու համար և արժանացել Շնեյդերյան գավաթի։ Ռոյսը շարունակել է կատարելագործել շարժիչը։ 1931 թվականի սեպտեմբերին հզորացված շարժիչով բրիտանական հայտնի Supermarine S.6B ինքնաթիռը թռիչք է կատարել ժամում 407,5 մղոն (655,8 կմ/ժ) արագությամբ՝ դառնալով աշխարհում առաջին ինքնաթիռը, որը թռել է նման արագությամբ և սահմանել համաշխարհային ռեկորդ։

1931 թվականին «Ռոլս-Ռոյսը» գնել է իր մրցակից «W. O. Bentley»-ն։ Երբ իրենց գործարանում հզորացված Բենթլին հայտնվել է Ռոյսի Վեսթ Վիթերինի առանձնատան դիմաց, նա օրհնել է նոր նախաձեռնությունը և ասել, որ նման արագաշարժ մեքենան պետք է կարողանա տեղից պոկվել զսպանակի նման։

Մահվանը նախորդած գիշերը Ռոյսը իր տնտեսուհուն փոխանցել է մի ծրար և կարգադրել հասցնել Դերբիի «տղաներին»։ Նա մահացել է մինչև ծրարի հասնելը։ Դա եղել է կարգավորվող ամորտիզատորի գծագիրը։ Այսպիսով, 1933 թվականին «Ռոլս-Ռոյսը» պատրաստել է իր առաջին «Բենթլին» և պահպանել ու զարգացրել ևս մեկ հայտնի անուն։

Ռոյսը չի տեսել նաև իր մյուս գծագրի հաջողությունը։ «R» շարժիչի հաջողությունից հետո նրանք գիտակցել են, որ կարող են օգտակար լինել թագավորական օդուժին, և շարունակել են աշխատել ավիաշարժիչի հզորացման ուղղությամբ։ Արդյունքում ստեղծվել է PV-12 շարժիչը, որը փորձարկվել է 1934 թվականին Ռոյսի մահից հետո։ PV-12-ը դարձել է հայտնի «Ռոլս-Ռոյս Մերլին» շարժիչը։

Անձնական կյանք խմբագրել

 
Ռոյսի կապույտ հուշատախտակը Դերբիշիրում

Հենրի Ռոյսը ամուսնացել է 1893 թվականին։ Նրա կինն է եղել Մինի Փանթը։ Զույգը ամուսնալուծվել է 1912 թվականին։ Նրանք զավակներ չեն ունեցել։

Ռոյսը ապրել է «Ինչը որ ճիշտ է կատարված, որքան էլ հասարակ լինի, վեհապանծ է» սկզբունքով։ Բրիտանական ավիացիային մատուցած ծառայությունների համար նա 1918 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[6] և ճանաչվել է Ռութլենդ երկրամասի Սիթոն քաղաքի բարոնետ[7]։

Հիվանդ Ռոյսին կյանքի վերջին տարիներին խնամել է նրա բուժքույր ու տնտեսուհի Էթել Օբին։ Նա մահացել Վեսթ Վիթերինի իր տանը 1933 թվականի ապրիլի 23-ին։ Ռոյսն ամփոփվել է Դերբիի արտադրամասի բակում, որտեղ կանգնեցվել է նրա արձանը։ 1937 թվականին գերեզմանը տեղափոխվել է նրա ծննդավայր Ալվալթոն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Evans, Michael (2004). In the Beginning-the Manchester Origins of Rolls-Royce. Derby, UK: Rolls-Royce Heritage Trust. ISBN 1-872922-27-9.
  3. 3,0 3,1 Pugh, Peter (2001). The Magic of a Name – The Rolls-Royce Story: The First 40 Years. Icon Books. ISBN 1-84046-151-9.
  4. Robert J. Neal (2009). Liberty Engine: A Technical & Operational History. էջ 12.
  5. Jeremy, D. (2017, September 01). Royce, Sir (Frederick) Henry, baronet (1863–1933), engineer and motor car designer. Oxford Dictionary of National Biography. Retrieved 4 Aug. 2019
  6. The London Gazette; 4 January 1918 Supplement: 30460 Page 385
  7. The London Gazette; 30 May 1930 Supplement: 33611 Page: 3473

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հենրի Ռոյս հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ռոյս» հոդվածին։