Հենրի Աղայան

հայ գիտնական և հասարակական գործիչ

Հենրի Ծատուրի Աղայան (հունիսի 26, 1937(1937-06-26), Գանձակ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական և հասարակական գործիչ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։ Ռուսաստանում սպորտային գործունեության ֆիզիոլոգիայի հիմնադիրը։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։

Հենրի Աղայան
Ծնվել էհունիսի 26, 1937(1937-06-26) (86 տարեկան)
Գանձակ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան և հասարակական գործիչ
Ալմա մատերՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՀայրԾատուր Աղայան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ 1962-1983 թթ.աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1983 թվականից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետական սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ։ «Միջազգային մարդասիրական հիմնադրամ» (1992 թվականից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի (1997), Ռուսաստանի հայերի միության (2000), Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի (2003) անդամ, «Կիբեռնետիկա» գիտական խորհրդի սպորտային բժշկակենսաբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսաբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը։ Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար։
Մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է Լենինականի բժշկական ծառայությունը[1]։
1990-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ 1992 թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր՝ պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը։ Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին։ 1995 թվականին Մոսկվայում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա (1993-1995 թթ.) ծրագիր։ «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը 1992 թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ։

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և Շառլ Ազնավուրին։

Երկեր խմբագրել

  • Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Հղումներ խմբագրել

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է - Ազգ օրաթերթ(չաշխատող հղում)