Հայ արվեստագետների միություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱՄ (այլ կիրառումներ)

Հայ արվեստագետների միություն (ՀԱՄ), հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը։ Հիմնադրվել է 1916 թվականին, Թիֆլիսում։ ՀԱՄ կազմակերպմանը մասնակցել են Եղիշե Թադևոսյանը (նախագահ), Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Ս. Խաչատուրյանը, Գ. Լևոնյանը և ուրիշներ։ Միությունը համախմբել և ցուցահանդեսների մասնակից է դարձրել նաև Ռուսաստանում և արտասահմանում գործող հայ արվեստագետներին (Զ. Զաքարյան, Վ. Մախոխյան, Էդգար Շահին, Դ. Օքրոյան, Սերգեյ Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան, Գեորգի Յակուլով, Ս. Ալաջալով և ուրիշներ)։ «Պերեդվիժնիկներին» հարող դիրքերում կանգնած ՀԱՄ-ը ստեղծագործական մեթոդի համընդհանուր սկզբունքներ չի ունեցել, բացառությամբ «հայկական ոճի» տարածման կանոնադրական պարտավորությունը։ Միության առաջին պատվավոր անդամն էր ռուս նկարիչ Վ.Դ. Պոլենովը։ ՀԱՄ-ը գործակցել է ռուսական և վրացական գեղանկարչական միությունների հետ՝ նպատակ ունենալով կազմակերպել հայ և այլազգի արվեստագետների գործերի պատկերահանդեսներ Անդրկովկասի, իսկ ցուցահանդեսներ՝ Ռուսաստանի քաղաքներում։ Կազմակերպել է 6 ցուցահանդես, ուր ներկայացվել են նաև Վ.Դ. Պոլենովի, Մ.Ա. Վրուբելի, Ի.Ի. Լևիտանի, Ա.Յա. Գոլովինի, Վ.Ե. Բորիսով-Մուսատովի, Ի․ Մ․ Թոիձեի և այլոց կտավները։ 1921 թվականին ՀԽՍՀ կառավարության հանձնարարությամբ կազմակերպել է հայկական դրամանիշների էսքիզների մրցանակաբաշխություն, ցուցահանդեսներ՝ Երևանում և Կ. Պոլսում։ Երևանում Հայաստանի կերպարվեստից աշխատողների ընկերության հիմնադրումից (1923) հետո ՀԱՄ-ը վերածվել է Հայաստան սեկցիայի։

Գրականություն խմբագրել

  • Կանոնադրություն հայ արվեստագետների միության, Թիֆլիս, 1916։
  • Վ. Հարությունյան, Հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը, ՍԱ, 1955, դ 11։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 122