Դավիթ Օքրոյանց
Դավիթ Գրիգորի Օքրոյանց (1874, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ։
Դավիթ Օքրոյանց | |
---|---|
Ի ծնե | Դավիթ Գրիգորի Օքրոյանց |
Ծնվել է | 1874 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Վախճանվել է | 1943 |
Մահվան վայր | Լենինգրադ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Իլյա Ռեպին |
Կենսագրություն Խմբագրել
1909 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը (աշակերտել է Իլյա Ռեպինին և Պ. Չիստյակովին)։ 1892 թվականից պատկերազարդումներով աշխատակցել է Թիֆլիսի և Պետերբուրգի հայկական, վրացական և ռուսական ամսագրերին։
1906-1907 թվականներին Պետերբուրգում հրատարակել է «Սափրիչ» երգիծական գեղարվեստական ամսագիրը, որտեղ տպագրել է նաև իր քաղաքական ծաղրանկարները։ Գրանցում առանձնահատուկ տեղ են գրավում 1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումներին վերաբերող «Հայ-թուրքական համագումարի առթիվ», «Ժամանակակից ենիչերիներ», «Դալի Ալի ավազակապետի պաշտոնական փառավոր ընդունելությունը», «Ինքնապաշտպանության հերոսներից» և այլ նկարներ, որոնք մերկացնում, անարգանքի սյունին են գամում ռուսական ցարիզմի սադրիչ քաղաքականությունը։
Առանձին աշխատանքներում կծու հեգնանքով մերկացրել է սուլթանական Թուրքիայի ռազմամոլ և հայահալած քաղաքականությունը, սուլթան Աբդուլ Համիդ II-ի մարդատյաց, գազանային նկարագիրը («Գերմանական քաղաքականությունը արևելքում», «Տաճկաստանի բռնակալը խոհանոցում»)։ Սկսված սովի կապակցությամբ Օքրոյանցը վրձնել է պատկերներ, որոնցում արտահայտել է հուսախաբություն ու վրդովմունք սեփական ժողովրդի թշվառության հանդեպ անտարբեր ապազգային մեծահարուստների նկատմամբ («Պարահանդես հայ սովյալների օգտին», «Սով Տաճկաստանում, իսկ հայ կապիտալիստը Փարիզում» և այլն)։ Ազգային խնդիրների արծարծման և, մասնավորապես, հայկական ջարդերի գեղարվեստական պատկերման իմաստով կարևոր այս պատկերներում Օքրոյանցը հայկական հարցը ներկայացրել է միջազգային քաղաքականության ոլորտում, որոշ դեպքերում ստեղծել քաղաքական սատիրայի փայլուն օրինակներ[1][2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայկական Հարց Հանրագիտարան
- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-22
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |