Հայ Պարիս
Հայ Պարիս, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելքում[1][3]։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1][3], իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Գերանբոյի շրջանի տարածք[4]։
Գյուղ | ||
---|---|---|
Հայ Պարիս | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Գյուղ | Գերանբոյի շրջան | |
Այլ անվանումներ | Նոր Պարիս, Նիժնի Բորիս, Բորիս[1] | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | |
Բնակչություն | - մարդ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1992 թվականի հունիսի 13-ից անցել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[1]։
Անվանում
խմբագրելԲնակավայրը իր անունը ստացել է պատմական Պարիս գյուղի անունից, որը հետագայում դարձել է ռուսաբնակ և վերանվանվել Ռուս Պարիս։ Նոր բնակավայրը կոչվել է Նոր Պարիս կամ Հայի Պարիս։ Ռուսական տեղեկագրերում Հայի Պարիս բնակավայրը հաճախ ներկայացվել է որպես Նիժնի Բորիս կամ Բարիս անվանաձևերով։ Ըստ ավանդության՝ Պարիս անունն առաջացել է Եպրաքսիա կույսի անունից[1]։
Ներկայում բնակավայրի հայկական անունը Հայի Պարիս է։ Այն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը անցնելուց հետո Ադրբեջանական կառավարության կողմից վերանվանվել է Բյորյու[1]։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Շահումյան (Ներքինաշեն) ավանից 2.9 կմ հյուսիս՝ ծովի մակերևույթից 960-1010 մ բարձրության վրա՝ համանուն Հին կամ Ռուս Պարիս գյուղից 4.4 կմ հյուսիս-արևելք։
Պատմություն
խմբագրելԳյուղը նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ[5]։ 1839 թվականին Թեմուրազ բեկ Մելիք-Բեգլարյանը Հին Պարիսի բնակչությանը բռնությամբ փոխադրում է գրեթե 6 կմ դեպի արևելք՝ գյուղի գոմերի տարածքը և հիմնում նույնանուն նոր գյուղ[6]
«...հողատէր իշխան Թէմուրազ բէկն Բէկլարով մեր սեպհական գիւղիցն մեզ զոռով դուրս արաւ, մեր գիւղն տուաւ մալականների..., այժմ յիշեալ Բարիս գիւղին գոմերումն շէն քցած մնացինք... |
Ավելի ուշ խնդրի կապակցությամբ բանահավաք Սարգիս Քամալյանը նշում է.
«1840 թվերին սրա տեղը բռնել են մալականները, իսկ հայերը տեղափոխվել են ներքև՝ դաշտավայրը երեք վերստ հեռու...:...այժմեան՝ հայոց, թէ՛ մալականների Պարիս գեղերը գտնվում են Մելիք-Բեգլարանց կալվածքում» |
1870 թվականին Սուրբ Էջմիածնում շինարարական աշխատանքներին օժանդակելու նպատակով գյուղի հասարակությունը հատկացնում է 15, իսկ տեր Մովսեսը՝ 3 ռուբլի։
19-րդ դարի վերջերին կալվածատերն էր Ալեքսանդր Մելիք-Բեգլարանցը։
Հայ-թաթարական ընդհարումների դժնդակ օրերին Պարիսը կրում է ոչ միայն նյութական, այլև մարդկային կորուստներ։ Մասնաորապես 1905 թվականի սեպտեմբերի 29-ին «...մօտ 1ՕՕ զինուած թուրքեր Բորիսի գիւղի ճանապարհին յարձակւում են մի քանի ֆուրգոններով գնացող նոյն գիւղացի մալականների վրա, որոնց հետ եղել են և 4 հայ:Թուրքերը մալականներից պահանջում են, որ յիշեալ հայերին իրենց ձեռքը յանձնեն։ Մալականները մերժում են։ Այն ժամանակ թուրքերը գնդակահար են անում հայերին, որոնք թաքնւած են լինում ֆուրգոնների ետևը, և սպանում են նրանցից երեքին»։
1905 թվականի հոկտեմբերի կեսերին թուրքերը գյուղի հանդերից հափշտակում են 72 տավար, իսկ նույն ամսվա 18-ին «...տանում են Պարիս հայկական գիւղից 50 գլուխ տաւար և ձի»։ Դեպքի մասին հոկտեմբերի 26-ին նշվել է. «Անցեալներն օրը ցերեկով գիւզարլուեցի Հասան-Ալի-Թաթ-Իբրահիմ-օղլին և Մամեդ-Մուստաֆա-օղլին, իրենց մի քանի համագիւղացիներով, յարձակվում են հայ Պարիս գիւղի հասարակած տաւարի վրայ, քշում տանում են 40 գլուխ տաւար և ձի։ Գիւղացիք, փոքրաթիւ լինելով, չեն համարձակւում հետամուտ լինելու։ Գիւղացիք այս մասին գանգատուել են այդ մասի պրիստաւին, վերջինս պատուիրել է գիւղացիներին ուրիշի ոչինչ չասել, ինքն 10 օրից յետոյ գնալու է Պարիս և խօսք է տալիս ապրանքները վերադարձնելու»։
Սակայն ոչ միայն գողոնը չի վերադարձվում, այլև դրան հետևում է հափշտակության նոր դեպք։ Վերջինիս պատմում է 1906 թվականի հունվարի 31-ի թղթակցությունը. «Թուրքերը Հայ-Բօրիս գիւղի տաւարները քշել են տավարածների հետ միասին։ Գիւղացիները վրայ են հասել ազատել են գերւած հայերից մէկին և տաւարի մի մասը»։
Արտաքին ոտնձգություններից զատ գյուղացիներին օր ու արև չէին տալիս նաև ներքին ցեցերը։ Այդ մասին 1906 թվականին նշվել է. «Նիժնի-Բօրիս (հայկական) գիւղի բնակիչները խնդրել են գեներալ-նահանգապետին ազատել իրենց «Խումբերի» քայքայիչ ազդեցութիւնից։ Բողոքում անւանւած էր մի քանի անձնաւորութիւնների անուններ, որոնք և ձերբակալեցին յատոււկ ուղարւած պահակախմբի կողմից։ Ներկայումս բողոքի հեղինակները թողել են գիւղը և հեռացել, վախենալով իրենց վերաբերմամբ տէրրօրից «խումբի» կողմից»։
1918-1920 թվականներին գյուղն իսպառ քայքայվում է և ամայանում։ Միայն խորհրդային կարգերի հաստատումից հետո աստանդական դարձած պարիսցիները հնարավորություն են ունենում վերադառնալու հայրենի գյուղ և շենացնելու այն։ Հայ Պարիսի նկատմամբ ոտնձգություններն ու լարվածությունն աճում են նաև Արցախյան ազատամարտի հենց սկզբներից, որն ավարտվում է 1992 թվականի հունիսի 13-ի գյուղի ողբերգական անկմամբ։
Բնակչություն
խմբագրել1840-ական թվականների սկզբներին ծնունդ առած Նոր կամ Հայի Պարիս գյուղի բնակչության տվյալների շարքում կա մեկը, որը մատնանշում է պարիսցիների թվաքանակն այն ժամանակ, երբ նրանք դեռևս բնակվում էին իրենց բուն՝ հինավուրց գյուղում. դա 1832 թվականի վիճակագրությունն է, իսկ ընդհանրապես տվյալների ժամանկագրական համադրումը ցույց է տալիս, որ գյուղի բնակչությունը մինչև 1970-ական թվականների վերջերն անընդհատ աճ է արձանագրել։
Ըստ 1832 թվականին կազմած վերոնշյալ վիճակագրության՝ պարիսաբնակներն էին 33-ամյա Ավագ Օհանյան Սահակյանցը, կինը՝ 29-ամյա Մարիամը, որդին՝ 8-ամյա Աբրահամը; 50-ամյա Ազարիա Սարգսյան Խաչատրյանցը, կինը՝ 46-ամյա Հռիփսիմեն, դուստրերը՝ 8-ամյա Խաթունը, 6-ամյա Թագուհին, 4-ամյա Սոնան, Ազարիայի եղբայրը՝ 47-ամյա սիմեոնը, կինը՝ 32-ամյա Եղիսաբեթը; 49-ամյա Դանիել Գրիգորյան Հակոբյանցը, կինը՝ 44-ամյա Թամամը։
Ի դեպ, 1916 թվականին գյուղում հանգրվան էր գտել ցեղասպանությունից մազապուրծ 17 հայ։
Հին և Նոր Պարիսների՝ միայն հայ բնակչության թվաքանակն արձանագրված վիճակագրական տվյալների համադրումը, որը պարզում է շուրջ 160 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ բնակչության շարունակական աճը, ներկայացնում է հետևյալ պատկերը.
Ցանկ
խմբագրել# | Տարեթիվ | Տուն | Արական | Իգական | Միասին |
---|---|---|---|---|---|
1 | 1832 | 5 | 7 | 12 | |
2 | 1851 | 16 | 54 | 47 | 101 |
3 | 1864 | 23 | |||
4 | 1886 | 36 | 190 | 172 | 362 |
5 | 1889 | 38 | 191 | ||
6 | 1893 | 37 | 176 | 135 | 311 |
7 | 1894 | 35 | |||
8 | 1898 | 37 | 191 | 172 | 363 |
9 | 1901 | 214 | 158 | 372 | |
10 | 1902 | 216 | 162 | 378 | |
11 | 1905 | 49 | 235 | 170 | 405 |
12 | 1908 | 352 | 277 | 629 | |
13 | 1909 | 461 | 283 | 744 | |
14 | 1910 | 468 | 289 | 757 | |
15 | 1912 | 89 | 233 | 245 | 478 |
16 | 1914 | 502 | |||
17 | 1915 | 530 | |||
18 | 1918 | 120 | 497 | 322 | 819 |
19 | 1925 | 1533 | |||
20 | 1970 | 179 | 419 | 460 | 879 |
21 | 1978 | 941 | |||
22 | 1992 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, «Մռակավանք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2019 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2022-02-19 Wayback Machine)
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 753
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ 56, ց. 1, գ. 4504, թ. 1, (գրվել է 1864 թվականին)