Հայկական բարենորոգումներ (1912-1914)
Հայկական բարենորոգումներ 1914, Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա ( Բեռլինի կոնգրես 1878), Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործադրելու նպատակով ռուսական դիվանագիտության և հայ հասարակական շրջանների համատեղ ջանքերով պատրաստված միջոցառումների ծիագիր։ 1912- ի Բալկանյան պատերազմները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հայկական հարցի վերաբացման համար։ Դրանում շահագրգռված էին հայերը, որոնց իրավազուրկ ու ճնշված վիճակը արևմտյան Հայաստանում պահպանվում էր նաև համիդյան վարչակարգի տապալումից հետո՝ երիտթուրքերի տիրապետության օրոք (տես երիտթուրքական հեղաշրջում 1908), և Եռյակ համաձայնության պետությունները (առաջին հերթին՝ Ռուսաստանը), որոնք ընդդիմանում էին Գերմանիայի տնտեսական և քաղաքական ներթափանցմանը Օսմանյան կայսրություն։ Ռուսական դիվանագիտության խրախուսանքով Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը 1912-ի հոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարությանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար։ Միաժամանակ նա հատուկ կոնդակով Պողոս Նուբար փաշային լիազորեց պաշտպանել Հայ դատը եվրոպական մյուս պետությունների մոտ։ Ռուսական կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը։
Ընթացքը
խմբագրելՆախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա. առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մուսուլման և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդերեն)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մուսուլմաններ) բնակեցումը հայկական նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։
Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս, ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին (միասնական հայկական նահանգի ստեղծում, ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժանամակ հավասարության սկզբունքի կիրառում և այլն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Լուի Վեստենենկը (Հոլանդիա) և Նիկոլայ Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվելով սկսված առաջին համաշխարհային պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը (տես նաև Ռուս-թուրքական համաձայնագիր 1914)։
Գրականություն
խմբագրել- Լեո, Հայոց հարցի վավերագրերը, Թիֆլիս, 1915 թ․։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Երևան, 1972, էջ 149-358։
- Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու՝
- Davison R. Н„ The Armenian Crisis, 1912-1914, (անգլ.)
- "The American Historical Review", 1948, v. 3, No 3; (անգլ.)
- Hovannisian R. G, Armenia on the Road to Independence 1918, L.A-L., 1974, p. 30-39. (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 170)։ |