Պարտիզակ (այժմ՝ Բախչեջիկ), զուտ հայաբնակ գյուղաքաղաք Նիկոմեդիայից 20 կմ հարավ։ Հիմնադրել են Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղից գաղթած հայերը 16-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին ունեցել է մոտ 10 հազար հայ բնակիչ։ Եղել է Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ամառանոցը։ Մինչև 1912 թվականը քաղաքի կառավարումը գտնվել է հայ պաշտոնյաների ձեռքին (վերջին հայ քաղաքապետն էր գրող, հասարակական գործիչ Հ. Տեր-Հակոբյանը)։ Բնակչությունը հիմնականում զբաղվել է ծխախոտագործությամբ, շերամապահությամբ, փայտի ու փայտածուխի արտադրությամբ։ Գործել են ինչպես առաքելական (Սուրբ Թագավոր, Սուրբ Հակոբ), այնպես էլ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, 8 դպրոց, որոնցից մեկը՝ բարձրագույն։ Հրատարակվել են «Փարոս» (1910-1912 թվականներ), «Պայքար» (1912-1914 թվականներ), «Մեղու» (1912-1914 թվականներ) և այլ պարբերականներ։ 1915 թվականին Պարտիզակի հայերը Նիկոմեդիայի գավառի հայ բնակչության հետ ենթարկվել են տեղահանության և կոտորածի։ 1918 թվականին ջարդից փրկված 3,5 հազար պարտիզակցի վերահաստատվել է հայրենի գյուղաքաղաքում, 1920 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ կրկին տեղահանվել։

Հայտնի պարտիզակցիներ խմբագրել

Պարտիզակում են ծնվել Վարդան Հացունին, Արսեն Ղազիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Թորգոմ Գուշակյանը, Գուրգեն Ալեմշահը, Վաղինակ Բեքարյանը, Ենովք Շահենը, Երվանդ և Հրանտ Տեր-Անդրեասյանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։