Համլետ Վարդապետյան
Համլետ Հարությունի Վարդապետյան (ռուս.՝ Гамлет Арутюнович Вартапетян, մայիսի 26, 1927 թվական, Երևան - հունվարի 22, 2013), հայ խորհրդային ֆիզիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), պրոֆեսոր (1972)։ ԽՄԿԿ անդամ 1964 թվականից։
Համլետ Վարդապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1927 Երևան |
Մահացել է | 2013[1] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կյուրի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա |
Ալմա մատեր | Սորբոն |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Hamlet Vartapetian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Համլետ Վարդապետյանը 1930-1958 թվականներին բնակվել է Ֆրանսիայում։ 1941-1944 թվականներին Փարիզում, Մ․ Մանուշյանի խմբում, ծնողների հետ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1948-1958 թվականներին եղել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ։ Ավարտել է Փարիզի ֆիզիկայի և քիմիայի բարձրագույն դպրոցը (1952) և Սորբոնի համալսարանը (1953)։ 1952-1957 թվականներին աշխատել է Փարիզի Ռադիումի ինստիտուտում Պ․ Կյուրիի անվան լաբորատորիայում, 1957-1958 թվականներին՝ Օրսեի (Ֆրանսիա) միջուկային ֆիզիկայի ինստիտուտում։ 1957 թվականին Ֆ․ Ժոչիո-Կյուրիի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1958 թվականին վերադարձել է Սովետական Հայաստան (այժմ ՀՀ) և աշխատանքի անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ, 1974 թվականից՝ տնօրենի տեղակալ։ 1968 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1969-1974 թվականներին եղել է միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ցածր ու բարձր էներգիաների միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ Մշակել է միջուկային ճառագայթումների գրանցման մեթոդներ, ուսումնասիրել արգելված էլեկտրամագնիսական անցումները ուժեղ դեֆորմացված միջուկներում, ինչպես նաև թույլ դեֆորմացված և ծանր միջուկների հատկությունները։ Ապացուցել է միջուկի կառուցվածքի ազդեցությունը գամմա-ճառագայթման ներքին կոնվերսիայի գործակցի մեծության վրա՝ որոշակի դասի արգելված գամմա-անցումների դեպքում։ Հետագոտել է բարձր էներգիայի ֆոտոնների միջուկային հատկությունները մասնիկների ֆոտոծնման պրոցեսներում։ Առաջինն է հաստատել ղ-ռեզոնանսի քվարկային կառուցվածքի մասին եղած տեսական ենթադրությունը։ Նեյտրոնների բաշխման պարամետրերի որոշման աշխատանքներում ապացուցել է նեյտրոնային «մուշտակի» գոյությունը կապարի միջուկներում։ Երևանի արագացուցիչում բարձր էներգիայի քվազիմեներանգ և բևեռացած գամմա-քվանտների փնջով ուսումնասիրել է բևեռացման երևույթները մեզոնների և նուկլոնային ռեզոնանսների ֆոտոծնման պրոցեսներում։ Միաբյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների փոխազդեցությունն ուսումնասիրելիս հայտնաբերել է էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Հետազոտել է միջուկների ֆոտոճեղքման և ֆոտոբաժանման երեույթները։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀԽՍՀ (այժմ ՀՀ) պետական մրցանակ (1980)։
Եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ։
2008 թ. մարտի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Դուբնա) աշխատանքային մարմիններում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից[2]։
ԵրկերԽմբագրել
- Contribution а l'etude des probabilites a transition у par la methode des coincidences retardees․ Application a quelques transitions dipolaires electriques et magnetiques, «Annales de Physique», № 3, 1958
- η-meson Photoproduction on Nuclei and Determination of ηN-mteraction Total Cross-section, «Physics Letters», v․ 44 B, №3, 1973 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ O․, Aganiants A․ O․, Adamian F․ V․ և ուրիշներ)։ π0 and π+ Photoproduction with Polarized Photons in the Energy Range 1-2 Gev, նույն տեղում, v․ 48B, N° 5, 1974 (հեղինակակիցներ՝ Abrahamian L․ О․, Avakian R․ О․, Aganiants A․ Օ․ և ուրիշներ)
- Спектры излучения электронов высоких энергий в монокристаллах различной толщины и ориентаций, «Ядерная физика», т․ 35, 1982 (հեղինակակիցներ՝ Аганянц А․ О․, Вартанов Ю․ А․ և ուրիշներ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂ. ԴՈՒԲՆԱ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 325)։ |