Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև (1920, օգոստոսի 10)

Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև համաձայնագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին՝ Թիֆլիսում, ՌԽՖՍՀ (Բորիս Լեգրան և ուրիշներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության (Արշակ Ջամալյան և ուրիշներ) պատվիրակությունների միջև։

Բանակցությունները սկսվել են օգոստոսի 6-ին։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը քննարկման համար առաջադրել էր հետևյալ պայմանները, ՌԽՖՍՀ-ն պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և չմիջամտի վերջինիս ներքին գործերին, պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց դեմ, և խորհրդային զորքերը ետ քաշվեն, ու վերականգնվի ստատուս քվոն մինչև նրանց Ղարաբաղ և Իջևան մտնելը։ Իսկ հայկական զորքերը իրենց հերթին չեն մտնի Ղարաբաղ, հայկական կառավարությունը թույլ կտա Նախիջևան մտած խորհրդային զորքերին ազատորեն անցնել Ադրբեջան, խորհրդային զորքերը չպետք է կենտրոնանան Հայաստանի սահմանների վրա և այլն։ Բանակցությունները տևում են մինչև օգոստոսի 10-ը, և հենց այդ օրն էլ ստորագրվում է համաձայնագիրը։

Համաձայնագիրը բաղկացած էր նախաբանից և 6 հոդվածներից։ Նախաբանում ասված էր, որ ՌԽՖՍՀ-ն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիակատար ինքնուրույնությունը։ 1-ին հոդվածով օգոստոսի 10-ից դադարեցվում էին ռազմական գործողությունները ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի միջև։ հայկական զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև հյուսիս ու Բազարչայից արևմտյան գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը։ ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զորքերի կողմից զբաղեցվող վերը նշած շերտի (հոդված 2), խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գրավումով ՌԽՖՍՀ-ն նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար, այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք հաշտության պայմանագրում (հոդված 3)։ Կողմերը պարտավորվում էին նաև զորքեր չկենտրոնացնել ինչպես վիճելի, նույնպես և սահմանակից տարածքներում (հոդված 4)։ Մինչև կողմերի միջև պայմանագրի ստորագրումը Շահթախթի-Ջուլֆա երկաթգծի շահագործումը հանձնվում էր Հայաստանի երկաթուղային վարչությանը, պայմանով, սակայն, որ այն չօգտագործվի ռազմական նպատակներով (հոդված 5)։ ՌԽՖՍՀ-ն երաշխավորում էր հայկական զորքերի ազատ անցումը Հայաստան, որոնք հայտնվել էին խորհրդային զորքերի զբաղեցրած գծից այն կողմ։ Համածայնագրից դժգոհ մնացին ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԽՖՍՀ-ի դաշնակիցները։ Շուտով Երևան են ժամանում Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները և Հայաստանի կառավարությունից պահանջում բացատրություն, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ նա փոխել է իր քաղաքականությունը Արևմուտքի նկատմամբ։ Հայաստանի կառավարությունը հավաստիացնում է նրանց, որ նախկինի նման մնում է հակաբոլշևիկյան դիրքերում։ Իսկ խորհրդային Ռուսաստանի դաշնակիցները՝ քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհելով, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։ Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Բեքիր Սամին համառորեն պնդում է և ի վերջո ստանում խորհրդային կառավարության համաձայնությունը Շահթախթին ու Սարիղամիշը գրավելու համար՝ կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը ներխուժում են Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։