Սև հաղարջենի

բույսերի տեսակ
(Վերահղված է Հաղարջենի սևից)
Հաղարջենի սև
Հաղարջենի սև
Հաղարջենի սև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Կոկռոշազգիներ (Grossulariaceae)
Ցեղ Հաղարջենի (Ribes)
Տեսակ Հաղարջենի սև (R. nigrum)
Միջազգային անվանում
Ribes nigrum

Սև հաղարջենի (լատին․՝ Ribes nigrum), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է` 1-1,5 մետր բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են, սկզբնական շրջանում՝ բաց գույնի, հետագայում՝ շագանակագույն։ Տերևներն ունեն 3-5 լայն եռանկյունաձև բլթակներ, որոնցից միջինը հաճախ մյուսներից ավելի խոշոր է, խոշոր և սուր ատամնաեզր, վերևի կողմից մերկ, անփայլ, մուգ կանաչ, ներքևի կողմից՝ ջղերի ուղղությամբ, մազմզուկապատ։ Ողկույզների երկարությունը 8 սմ է, կազմված 5-10 ծաղիկներից։ Ծաղիկներն ունեն 0,7-0,9 սմ երկարություն, զանգականման են, կարմրակապտավուն կամ մոխրավարդագույն, դրսի կողմից մազմզուկապատ։ Պսակաթերթիկները ձվաձև են, բաժակաթերթիկները սրածայր, դեպի դուրս ոլորված։ Հատապտուղները մոտ 1 սմ տրամագիծ ունեն, գորշասևավուն են կամ կանաչավուն, 3-37 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիսին։

Քիմիական կազմ խմբագրել

Հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ասկորբիթթու, կարոտին, վիտամին B1 և P, շաքար, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, ներկանյութեր, հանքային աղեր, միկրոտարրեր։ Տերևները նույնպես պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես վիտամին C:

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում հանդիպում է Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական շրջաններում, Սիբիրում, Միջին Ասիայում, հյուսիս-արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայի հյուսիսում։ Արևմտյան Եվրոպայում հավանաբար վայրիացած է։ Մեր հանրապետությունում մշակվում է ամենուրեք, հատկապես միջին և բարձր լեռնային շրջաններում։ Հայտնի են այս տեսակի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ, խոր կտրտված տերևներով, դեղին, սպիտակ կամ կանաչ պտուղներով։ Մշակվող սորտերն աչքի են ընկնում խոշոր պտուղներով[1]։

Բուժական ազդեցությունը խմբագրել

Տերևները և հատապտուղները հակացինգային հրաշալի միջոց են։ Ընդհանրապես հաղարջենին կիրառվում է սակավավիտամինոզների դեպքում։ Օգնում է աթերոսկլերոզը և հիպերտոնիկ հիվանդությունները բուժելիս։ Ժողովրդական բժշկությանը հնուց ի վեր հայտնի են պտղի միզամուղ, քրտնամուղ և հակալուծողական հատկությունները։ Հատապտուղներից պատրաստված թարմ հյութը հաջողությամբ է կիրառվում ստամոքսի և տասերկումատնյա աղու խոցերի, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների բուժումը կազմակերպելիս։ Բույսի միզամուղ ազդեցությունը հնարավորություն է տալիս օգտագործել այն այտուցների և միզակապության դեպքում։

Քանի որ բույսն օգնում է օրգանիզմին ազատվելու միզաթթվի և պուրինային նյութերի ավելցուկներից, ապա այն կարելի է օգտագործել երիկամների և միզապարկի քարերի, հոդատապի և ռևմատիզմի դեպքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 18։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև հաղարջենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև հաղարջենի» հոդվածին։