Կտուց վանք, հայկական եկեղեցի պատմական Վասպուրական նահանգում՝ Վանա լճի Կտուց կղզում։

Կտուց անապատ
Կտուց վանքի Սուրբ Կարապետ եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք, ավերակներ և պատմության հուշարձան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎանի մարզ և Tuşba?
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ15-րդ դար
Կառուցման ավարտ1894 - մինչև Մեծ Եղեռն
Հիմնադրված15-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Ktuts monastery Վիքիպահեստում

Ըստ ավանդության, հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հռոմից վերադառնալիս՝ այստեղ ամփոփելով իր հետ բերած Կենաց փայտի մի մասը և յոթ սրբերի մասունքները, կառուցել յոթ եկեղեցի ու իր աշակերտներից մեկին առաջնորդ կարգել։ Կտուց անապատի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 11-րդ դարին։ 1462 թվականին անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգել է սուրբ Հովհաննես Կարապետ և սուրբ Խաչ եկեղեցիները։ 15-րդ դարում Կտուց անապատը դարձել է գրչության նշանավոր կենտրոն և ծաղկում ապրել հայտնի գրիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի գործունեությամբ։

1462 թվականին Խաչատուրը Հայսմավուրք է ընդօրինակել, որտեղ հիշատակում է իրեն օգնած բազմաթիվ միաբանների (ձեռագիրը նկարազարդել է Վասպուրականում հռչակված Մինաս ծաղկողը)։ Խաչատուրի գործը շարունակել է Հովհաննեսը, որից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1470 թվականի է։ Հայտնի են նաև Մինաս և Բարսեղ գրիչները (1770–1780-ական թվականները)։ 16-րդ դարում Կտուց անապատանկում է ապրել։

17-րդ դարում Լիմ անապատի միաբանների մի մասը տեղափոխվել է Կտուց կղզի, վերակենդանացրել Կտուց անապատ., կառուցել բնակելի ու տնտեսական շենքեր, նորոգել հները։ 1712 թվականին Կտուց անապատի վանահայր Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է Կտուց անապատի ընդհանուր տեսքը սուրբ Կարապետ եկեղեցին (ճարտարապետ՝ Խոշխաբար Բաղիշեցի)։ Սրբատաշ ֆելզիտով կառուցված, մեկ զույգ գմբեթակիր մույթերով եկեղեցու աղոթասրահը արլ-ից ավարտվում է յոթանիստ խորանով։ Եկեղեցին ունեցել է որմնանկարներ (20-րդ դարի սկզբին մույթերի վրա դեռևս նկատելի էին Աբգար թագավորի և Կոստանդին կայսրի պատկերները)։

1740 թվականին եկեղեցու ճակատին կից Կարապետ Դատիկ եպիսկոպոսը քառամույթ գավիթ է կառուցել, որի հս. պատից մուտք է բացվում դեպի ուղղանկյուն խորանով Ս. Հրեշտակապետաց մատուռը, որտեղ պահվել են Կտուց անապատ-ի ձեռագրերը։ Համալիրի հարմում գտնվում են միջանցքի շուրջը երկշար դասավորված մութ ու ցածր խցերը, արլ-ում՝ հյուրատունը, իսկ հարավում՝ վանահոր բնակարանը։ 19-րդ դարում Կտուց անապատի թեմն ունեցել է ութ գյուղ։ Կտուց անապատը ամայացել է Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմական տեղեկություններ

խմբագրել

Հայ պատմագիրների մէջ մինչև ԺԴ. դարը Կտուց անապատի մասին ոչ մի հիշատակություն չկա։ Այս անապատի 1700 թվականին գրված մի կոնդակի մէջ ասված է, թէ սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հռոմից վերադառնալիս իր հետ բերեց Կենաց փայտի մաս և յոթ սրբերի նշխարներ, երբ հասավ այստեղ (Կտուց կղզին ) մի ձայն լսեց, որ ասում էր. «Մեզ այստեղ ամփոփիր»։ Սուրբը այս լսելով նշխարները ամփոփեց յոթ տեղ և նրանց վրայ յոթ եկեղեցի կանգնեց, նույն սրբերի անուններով և իր աշակերտներից մինին առաջնորդ կարգեց։ Այնուհետև հավաքվեցին մինչեւ 500 կրոնավոր միաբան։ Մի օր միաբաններից երեքը հիվանդացան և մեռան։ Սպասավորները եկան տեսան, որ «Կտուց (խումբը ) հրեշտակ իջեալ էին», և անմիջապես տեղեկացրին միաբաններին, որոնք եկան և «միմյանց ասացին. Կուտուց հրեշտակք է իջել,այս տեղը նրանց անունով կոչվեց Կուտուցու անապատ»։ Կտուց անապատի մասին գտած ամենահին հիշատակությունը վերաբերում է 1462 թվականին, երբ վանքը վերանորոգել են։ Այս վերանորոգությունից 13 տարի հետո նույն վանքի Խաչատուր աբեղան այդ մասին մի ավետարանում գրել է, որ այժմ գտնվում է Լիմ անապատում։ Այնուհետև ամբողջ մի և կես դարի ընթացքում Կտուց անապատի մասին ոչ մի տեղեկություն չկա և ըստ երեւութի ավերված պիտի լինի, որովհետև Առաքել Դավրիժեցին պատմել է, թէ 1627 թվականին վախճանվեց Մոկացի Ներսես վարդապետը, որին հաջորդեց նրա ընկեր Ստեփաննոս վարդապետը։ 1873 թվականի դրութեամբ անապատի միաբանությունը բաղկացած էր 33 հոգուց՝ 12 վարդապետ, 4 ավագ սարկավագ, 2 ուրարակիր, 5 դպիր, 11 մահտեսի։ 1909 թվականին Կտուցն այցելած Ա-Դօն (Յովհաննէս Տէր-Մարտիրոսեան) նշում է, որ վանքն ուներ միայն երեք վարդապետներից բաղկացած միաբանություն։ Վանահայրության պաշտոնի տեղապահ Ստեփանոս վարդապետ Աղազատեանն ապրում էր «դրսի տանը» և իր ձեռքում էր պահում վանքի տնտեսության ընդհանուր հսկողութիւնը։ Վանքի «ավանդապահն» էր ծերունի Եղիա վարդապետը, ով կղզուց բոլորովին դուրս չէր գալիս։ Դրսի գործերը վարելու պարտականությունը դրված էր Գրիգոր վարդապետի վրա, ով շարունակ շրջում էր վանքապատկան կալվածքներով, հետևում վար ու ցանքին, ինչպես նաև պտուղ էր հավաքում։ Ա-Դօն հաղորդում է, որ միաբանության վարդապետները ապրում էին իրար հետ սիրով, իսկ վանքի տնտեսության մեջ նկատելի էր հոգատարությունը։ Առանձին հոգատարությամբ էր պահվում Կտուցի փոքրիկ մատենադարանը, ուր խնամքով պահպանվում էին հին ձեռագիր Ավետարաններ և այլ կրոնական գրքեր[1]։

1910-ական թվականների սկզբների դրութեամբ Կտուց անապատին էին պատկանում ընդարձակ վարելահողեր, անտառներ, այգիներ, մեկ ջրաղաց, ձիթհանք, խանութներ Վանում, Ադրիանապոլսում (Էտիրնէ), Թիֆլիսում, Պոլսում, 300 գլուխ ոչխար և 100 գլուխ տավար։ Տնտեսությունից ընդհանուր եկամուտը հասնում էր 300 օսմանեան լիրայի, որը ծախսվում էր գլխավորապէս միաբանությնը և գիշերօթիկ դպրոցը պահելու վրա։ 1911 թվականին Կտուց անապատի վանահոր տեղապահ է նշանակվում Եղիազար Ծայրագույն Վարդապետ Պետրոսեանը, ով վարում է այդ պաշտոնը մինչև Մեծ եղեռնը և զոհվել է 1915 թվականին։ Մեծ եղեռնի նախորեակին Կտուց անապատի միաբանության այլ անդամներն էին՝ Պողոս վարդապետ Յակոբյանը (սպանվել է 1915 թվականին), Պետրոս վարդապետ Ղազարյանը (սպանվել է 1915 թվականին), Ստեփանոս Վարդապետ Տէր-Յովհանեէսեան (սպանվել է 1915 թվականին), Սահակ Վարդապետ Ատոմյան, Պետրոս Վարդապետ Շահինյան, Ստեփան Ծայրագույն Վարդապետ Աղազատյան, Ներսէս Սարկավագ (սպանվել է 1915 թվականին)[2]։ Մեծ եղեռնի նախորեակին Կտուց անապատի հոգևոր տեսչութեանն էին ենթարկվում Թիմարի հետևեալ 8 գյղերը՝ Ալիվր, Խավենց, Դռլաշեն, Աննավանք, Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշեն։

Գրչության կենտրոն

խմբագրել

Որպես գրչության կենտրոն հիշվում է XV դարի սկզբից։ Հովսեփ և Ծերուկ գրիչներից մեկական ձեռագիր է հասել մեզ՝ ընդօրինակված 1414 թվականին և 1415 թվականին։ Կտուցի գրչության կենտրոնի ծաղկումը կապվում է նշանավոր գրիչներ Խաչատուրի և Հովհաննեսի գործունեության հետ։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990։
  • Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, ԱՀ, պր. 1, Թ., 1912։
  • Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 29։ Մեծ եղեռնի ընթացքում (1915-16 թթ.) Կտուց անապատից Էջմիածին տեղափոխվեցին և ներկայումս Մատենադարանում են պահվում 202 ձեռագիր մատեան (Լ. Թումանեան, «Լիմ եւ Կտուց մենաստանները Մեծ Եղեռնի օրերին», Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2013, Դ (ԿԹ), էջ 106)։
  2. Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, էջ 52։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 671  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։