Ցանք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ցանք, բուսաբանության և բուսաբուծության մեջ, սերմերի բաշխումը հողի վերին շերտում՝ դրանց ծլման համար, գյուղատնտեսական բազմաթիվ բույսերի մշակության ժամանակ կիրառվող կարևորագույն ագրոտեխնիկական գործադրաձև։ Ցանքի եղանակներն ընտրում են հաշվի առնելով գյուղատնտական բույսերի պահանջները սնման մակերեսի, լուսավորվածության, խոնավության մատակարարման նկատմամբ, ինչպես նաև ցանքատարածությունների խնամքի և առաջին հերթին միջշարքերի մշակության մեքենայացման անհրաժեշտությունը։
Ձևեր և տեսակներ
խմբագրելՑանքի ամենապարզունակ ձևը շաղացանն է։ Սերմերն ընկնում են հողի մակերևույթին և ցաքանով տարբեր խորությամբ մտցվում հողի մեջ, այս դեպքում սերմերը բաշխվում են անհավասարաչափ, ծլում են հավասար և ոչ միաժամանակ։
Հացահատիկային մշակաբույսերի աճեցման շրջաններում լայնորեն կիրառվում է շարացանը (միջշարքային հեռավորությունը՝ 10–25 սմ, ավելի հաճախ 1-15 սմ)։ Շարքացան մեքենան սերմերը գցում է ակոսի հատակին և ծածկում հողի փուխր շերտով, որը նպաստում է սերմերի հավասար ծլմանը։ Լինում է սովորական՝ շարքերի հեռավորությունը՝ 13–15 սմ, բույսերինը՝ 2-5 սմ (այս ցանքը կոչվում է նաև համատարած)։ Ցանվում են հասկավոր հացաբույսերը, հատիկաընդեղենները, միամյա և բազմամյա խոտաբույսերը։
Նեղշար ցանքի (միջշարքային տարածությունը՝ 7–8 սմ, միջբուսայինը՝ 3–4 սմ) դեպքում սնման մակերեսն ավելի նպաստավոր է բույսերի աճման համար։ Ցանքը կատարվում է նեղշար շարքացաններով։
Խաչաձև ցանքի ժամանակ միջշարային տարածությունը՝ 13–15 սմ, սերմերը ցանվում են երկու՝ խաչվող ուղղություններով։ Այս դեպքում սերմերն ավելի հավասարաչափ են բաշխվում, նկատվում է բերքի բարձրացում, բայց, քանի որ ցանքի ժամկետներն այս կերպ կրկնապատկվում են, այն տնտեսապես ձեռնտու չէ, այժմ գրեթե չի կիրառվում։
Լայնաշար ցանքի (միջշարքային հեռավորությունը՝ 45–70 սմ) կիրառվում է շարահերկ բույսերի համար (սիլոսայինները ցանվում են ավելի նեղ շարքերով)։
Ժապավենաձև ցանքը կատարվում է 2–4 գծերից բաղկացած ժապավեններով (միջգծային տարածությունը՝ 10-ական, միջժապավենայինը՝ 20–30 սմ)։ Կիրառվում է առավելապես բանջարանոցային կուլտուրաների համար, միջժապավենային տարածություններում աշխատանքները մեքենայացված են, իսկ միագծերում կատարվում է քաղհան՝ հերբիցիդներով կամ ձեռքով։
Բնացանի դեպքում յուրաքանչյուր բնում ցանվում է մի քանի սերմ։ Սա շարահերկ բույսերի ցանքի ամենատարածված ձևն է։
Քառակուսի-բնացանի դեպքում միջշարային և միջբուսային տարածությունը հավասար է, քառակուսու յուրաքանչյուր անկյունում ցանվում է մեկական սերմ։ Սնման մակերեսը բաշխվում է հավասարաչափ, միջշարքային կուլտիվացումները տարվում են երկու՝ խաչվող ուղղություններով։
Ժապավենային ցանք, կատարվում է 2–4 գծերից բաղկացած ժապավեններով (միջգծային տարածությունը՝ 10-ական, միջժապավենայինը՝ 20–30 սմ)։ Կիրառվում է առավելապես բանջարանոցային մշակաբույսերի համար (սոխ, գազար և այլն)։ Միջժապավենային տարածություններում աշխատանքները մեքենայացված են, իսկ միջգծերում կատարվում է քաղհան՝ հերբիցիդներով կամ ձեռքով։ Ժապավենային ցանքաշրջանառությունը կատարում են շարքացաններով՝ պահպանելով խոփիկների համապատասխան տեղադիրքը։
Կան նաև ցանքի հատուկ ձևեր ակոսային ցանք, կիրառվում է չորային շրջաններում՝ աշնանացան հացաբույսերի համար, սերմը ցանվում է ակոսի հատակում, որտեղ ձյունը կուտակվում է և ծիլերը պահպանում ցրտահարությունից, ինչպես նաև կուտակվում է խոնավության պաշար։ Կատարային ցանք կիրառվում է գերխոնավ հողերում և բևռային երկրագործության շրջաններում։ Ցանք կատարվում է կատարների կամ թմբերի վրա։
Ենթացանքի ժամանակ ընդունված է բազմամյա խոտաբույսերը ցանել հացաբույսերի ծածկոցի տակ։ Ըստ ցանքի ժամկետների տարբերում են վաղ գարնանային ցանք՝ գարնանացանների, աշնանային ցանք՝ աշնանացանների, ամառային՝ երկրորդ բերք, ձմեռացան՝ վաղ ծիլեր ստանալու համար։ Յուրաքանչյուր բույսի համար կան ցանքի լավագույն ժամկետներ։ Գարնանացանների աղտոտված ցանքի շնորհիվ ծլարձակումը լինում է հավասարաչափ, լավ են օգտագործվում հողի խոնավությունը, սննդատարրերը և լուսավորությունը։ Աշնանացան հացաբույսերի ցանքի ժամկետները սահմանվում են այնպես, որ մինչև կայուն ցրտերը բույսերը թփակալվեն, կոփվեն, նախապատրաստվեն ձմեռելուն։ Ցանքի նորման կախված է տեղանքի հողակլիմայական պայմաններից, բույսի տնտանկան նշանակությունից, ցանքանյութի որակից (ծլունակություն, մաքրություն, 1000 հատիկի զանգված) և ցանքի ձևից։ Սանրասերմ բույսերինը լինում է 2–3 (ծխախոտ) մինչև 16–20 կգ/հա (առվույտ, երեքնուկ)։ Խոշորասերմ բույսերինը (կորնգան, ոլոռ)՝ 150–170 կգ/հա։ Գրականության մեջ ցանք է կոչվում նաև գյուղատնտեսական կուլտուրաներով զբաղված դաշտը։
Խնամք
խմբագրելԱգրոտեխնիկական միջոցառումների համալիրը՝ խնամքը, կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում բույսերի աճը, զարգացումը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խնամքի ձևերը, դրանց համադրումը, ժամկետները և կատարման հաջորդականությունը կախված են բույսերի (աշնանացան կամ գարնանացան) կենսաբանական առանձնահատկություններից, մշակման նպատակից (հատիկի, կանաչ զանգվածի համար), ցանքի եղանակից (շարային, բնային, լայնաշար), բույսի հասակից, հողային, բնակլիմայական պայմաններից և այլն։ Հիմնական ձևերն են՝ աշնանացան բույսերի համար՝ աշնանային սնուցումը հանքային պարարտանյութերով (բարձրացնում է բույսերի ցրտադիմացկունությունը), ձնակուտակում, գարնանային սնուցում, փոցխում։ Գարնանացան բույսերի համատարած ցանքի դեպքում՝ ետցանքային տափանում (երաշտի շրջաններում), փոցխում, սնուցումներ։ Շարահերկ բույսերի համար՝ հողի միջշարային մշակում, փնջավորում, ծիլերի նոսրացում, սնուցումներ։ Բազմամյա խոտաբույսերի համար՝ գարնանային և ետքաղյա փոցխումներ, սնուցում։ Առանձին բույսերի համար կիրառվում են խնամքի հատուկ ձևեր՝ բուկլից, ծերատում, բճատում և այլն։ Խնամքի միջոցառումներից են նաև մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական և պայքարի այլ ձևերը, ոռոգումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 142)։ |